«Զատիկ երեխաների աջակցության կենտրոն»-ի պահնորդն անչափահաս սաների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն»-ի պահնորդի (պահակի) կողմից հիշյալ կենտրոնի անչափահաս սաների հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վար­չութ­յունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ նշված ՊՈԱԿ-ում անվտանգության ծա­ռայություններ մատուցող ՍՊ ընկե­րութ­յան 56-ամյա աշխատակից-պահնորդը կենտրոնի անչափահաս սաների նկատ­մամբ հնչեցրել է սպառնալիքներ։

Մասնավորապես 56-ամյա տղամարդը, 2023 թվականի ապրիլի 30-ին, իր հերթապահության ընթացքում, «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն»-ի՝ 13, 14 և 15 տարեկան սաներից պահանջելով հանգիստ մնալ, խմբի համար նախատեսված սենյակին կից բաց պատշգամբում նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ օդում թափահարելով իր մոտ պահվող դանակը:

Սպառնալիքն իրականացնելու իրական վտանգից վա­խե­նալով՝ երեխաները դիմել են փախուստի:

Պահնորդը, նույնպիսի վարքագիծ դրսևորել է նաև մի քանի օր անց։

Մասնավորապես, կենտրոնի տարածքից դուրս գալու պատճառով 56-ամյա անձը կենտրոնի բակային տարածքում հիշյալ 3 անչափահաս սաներից կրկին պահանջել է խելոք մնալ և իր մոտ պահվող դանակը ցուցադրաբար թափահարելով օդում, նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ։ Երեխաները վախենալով դիմել են փախուստի, սակայն տղամարդը վազել է նրանց հետևից՝ միաժամանակ գետնից վերցնելով փայտանման իր ու նետել նրանց ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես պահնորդ աշխատող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով: 56-ամյա անձը նշված երկրորդ դեպքից հետո ազատվել է աշխատանքից։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս