Բաժիններ՝

Ավդեևկայի ուղղությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են՝ առանց առաջնագծի էական փոփոխության

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները ինտենսիվորեն շարունակվում են Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի շրջանում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ Ավդեևկայի ուղղությամբ ռուսական ուժերը ավիացիայի օգնությամբ փորձում են շրջապատել քաղաքը, սակայն ուկրաինական զորքերը շարունակում են պաշտպանվել։

BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ ռուսական բանակը Ավդեևկայի վրա գրոհ է սկսել հոկտեմբերի 10-ից։ Իրավիճակն այդ հատվածում չափազանց ծանր է։ Այնուամենայնիվ, տվյալ ուղղությամբ առաջնագծի փոփոխության մասին Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տեղեկագրում չի նշվում։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերը գնդակոծել են Խերսոնի մարզի Ստանիսլավ գյուղը, որի հետևանքով 81-ամյա կին է զոհվել։ Վնասվել են նաև մի քանի շենքեր։

Ռուսական ուժերի վերահսկողության տակ է գտնվում Խերսոնի մարզի՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող հատվածը։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ լույս նոյեմբերի 2-ի գիշերը Սև ծովի երկնքում խոցվել է ուկրաինական մեկ անօդաչու թռչող սարք, ևս 5-ը կալանվել են Ղրիմի երկնքում։

Բացի այդ, ռուսական կողմը հաղորդել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն վերջին մեկ օրում Բելգորոդի մարզի բնակավայրերի ուղղությամբ արձակել է 140 զինամթերք, նահանգը գրոհել են նաև մի քանի անօդաչուներ։ Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի գրառման՝ Շեբեկինո քաղաքում գնդակոծությունների հետևանքով 1 մարդ է տուժել, վնասվել է 2 ձեռնարկություն և 2 ավտոմեքենա։ Ըստ Գլադկովի, նոյեմբերի 1-ին նահանգի գյուղերի ուղղությամբ արձակվել են տանկային արկեր, հրետանային արկեր և ականներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս