«Պարտությունը պետք է լինի ժամանակավոր, միայն աշխատանքով է հնարավոր փոխել իրավիճակը». Րաֆֆի Քորթոշյան
Հայկական հուշարձանները ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականությունը նոր չէ, այդ քաղաքականությունն ամենուր է՝ որտեղ Ադրբեջանի բանակը մտնում է։ Մենք 1994 թվականից ի վեր այդ ամենը տեսել ենք և՛ հյուսիսային Արցախում, և՛ Նախիջևանում, և 44-օրյա պատերազմից հետո Հադրութում, Քարվաճառում և այն բոլոր տարածքներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով Ադրբեջանի օկուպացրած Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշակոթողները ոչնչացնելու և հայկական կողմի անելիքների մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունն այսօր Ադրբեջանի այս գործողությունների մասին ավելի շատ է խոսում, և 2020 թվականից հետո հայկական կողմից այս խնդիրն ավելի ակտիվորեն ներկայացնելը ստիպել է Ադրբեջանին իր գործողությունները որոշ առումով քողարկել։ Մինչ այդ հայկական հուշարձանները ոչնչացնում էր հպարտությամբ և առանց թաքցնելու, համացանցում տեղադրելով լուսանկարներ ու տեսանյութեր։
«Իհարկե, չեմ հավատում, որ նա իր գործողությունները դադարեցրել է, բայց ինչ-որ առումով դանդաղեցրել է ու ավելի ծածուկ է անում։ Եթե մենք չշարունակենք այդ ճնշումները, միջազգային հանրության տարբեր ատյաններին դիմելը, ապա Ադրբեջանը որոշ ժամանակ հետո նորից կարագացնի այդ գործողությունները։ Ադրբեջանի վերջնական նպատակը հստակ է, նախ՝ հայկական հողը զրկել իր բնիկներից, էթնիկ զտումներ անել, իսկ դրանից հետո այդ պատմական հողը զրկել պատմական մշակույթից ու հիշողությունից։ Քանի դեռ կան այս քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի իշխանությունները, հուշարձանների ոչնչացումը կշարունակվի։
Այն տարածաշրջանում, որտեղ մենք կանք, տեսել ենք, երբ հայ ժողովրդին տեղահանում են, հաջորդ քայլը լինում է նրա ստեղծած հուշարձանների ոչնչացումը։ Հետևաբար՝ հայկական հուշարձանների պահպանման լավագույն ձևն այն է, որ այդ հուշարձանները ստեղծած բնիկ ժողովուրդը պետք է ապրի հուշարձաններին մոտ։ Եթե այսօր այնտեղ հայ չկա, ուրեմն՝ հուշարձանների ավերումը շարունակվելու է»,- շեշտեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենը։
Րաֆֆի Քորթոշյանի դիտարկմամբ՝ հայկական կողմն այս պահին պետք է օգտագործի բոլոր հնարավորություններն ու միջոցներն առժամանակ դանդաղեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախում հայկական մշակույթի ոչնչացման գործընթացը։ Իսկ դրա համար ճանապարհները մի քանիսն են, եթե չկա ռազմական ճանապարհը, պետք է գործադրվեն դիվանագիտական և դատական ուղիները։
Նա բերեց Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը, որի դեպքում դիվանագիտական ճանապարհով հաջողվել է պահպանել բազմաթիվ հուշարձաններ, այսինքն՝ այդ հուշարձանները պահպանվում են, քանի որ Հայաստանն Իրանի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ։ Եթե դիվանագիտական ճանապարհ էլ չկա, մնում է միայն միջազգային դատական գործընթացներ սկսել, որի համար հայկական կողմն ունի 45 տարի ուսումնասիրած փաստեր։
«Եթե սկում ենք դատական գործընթաց, դրանով ոչ միայն պատժում ենք ոճրագործին, այլև ապահովագրում ենք մյուս հուշարձանների ավելի երկարակյաց մնալը։
Դատարան դիմելու համար մենք ունենք բավարար փաստեր։ 45 տարի մենք հավաքում ենք նյութեր, և ոչ միայն՝ Արցախից, այլև՝ սփյուռքից։ Արցախում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը սկսել է աշխատել 1978 թվականից, երբ Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմում էր։ Մեր աշխատակիցների մի խումբ ուսումնասիրում է տարբեր գրքեր ու թերթեր, հուշարձանների վերաբերյալ դուրս բերում տարբեր փաստեր, մենք նյութերի պակաս չունենք։ Մենք 90-ականներին և դրանից առաջ եղած գործողությունների վերաբերյալ ունենք փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանը մտածված ու կանխամտածված գնացել է հայկական հուշարձանների ոչնչացմանը, որն իրականության մեջ մշակութային ցեղասպանություն է»,- ընդգծեց Ր. Քորթոշյանը։
Ժամանակին լուսահոգի Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դու չես պայքարում արևի տակ զբաղեցրած քո տարածքի համար, ուրեմն դու ուղղակի գոյություն ես քարշ տալիս» մեր հարցին՝ այսօր հայ ազգն իր գոյությո՞ւնն է քարշ տալիս, Րաֆֆի Քորթոշյանը պատասխանեց.
«Մենք իրավունք չունենք մեր գոյությունը քարշ տալու, եթե մենք մեր գոյությունը քարշ ենք տալիս, ուրեմն՝ նշանակում է՝ մենք գոյություն չունենք։ Պարտությունները պետք է լինեն ժամանակավոր, և մենք պետք է աշխատենք, միայն աշխատանքով հնարավոր է փոխել իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում