Պարտվել ենք քաղաքական ու ռազմական հարթակներում. Ադրբեջանին ցավեցրել ենք միայն իրավական հարթակում, չի կարելի միջազգային հայցերից հրաժարվել. Սահակյան
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա վեճերին ու դրանց լուծման հարթակներին՝ մանրամասնեց․
«Այս պահին երեք հարթակ է օգտագործվում․ առաջինը ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանն է, որտեղ մեկ հայց ներկայացրել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, օրեր անց համանման հայց է ներկայացվել Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։
Հասկանալի է, որ խնդիրներն արձանագրողը, նախաձեռնողը եղել է հայկական կողմը, բայց քանի որ այս ատյանի գործարկման նախապայման է նախ բանակցությունների միջոցով հարցի լուծումը, հայկական կողմը պետք է խնդիրները կոմունիկացներ ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը, հասկանալով ՀՀ մտադրությունների մասին, զուգահեռաբար համանման հայց է նախապատրաստել ՀՀ դեմ․ այստեղ մենք խնդիրների դուբլիկացիա ենք տեսնում, սակայն փաստական հանգամանքներն են բացակայում։ Ինչևէ, խնդիրը շատ նույնաբովանդակ է․ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիոնալ հիմքով է։
ՀՀ-ն 30 տարիների ընթացքում բարձրաձայնում է բոլոր հայերի հանդեպ ռասիստական քաղաքականության տարբեր դրսևորումներ, հատուկ ուշադրություն է դարձվում 2020 թվականից հետո ստեղծված իրավիճակին։
Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ սրանից զատ՝ միջպետական գանգատներով ծանրաբեռնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ ընթանում են 7 միջպետական գործեր, և դրան զուգահեռ՝ հարյուրավոր անհատական գանգատներ, որոնք առնչվում են խոշտանգումներին, կյանքի իրավունքի խախտումներին, կամայական ազատազրկումներին և այլ հանգամանքների։
«Առնվազն մեր կազմակերպության կողմից ներկայացված է 400 անձին առնչվող գանգատներ»,- հավելեց նա։
Միջպետական գանգատների թվային պատկերը, նրա տեղեկացմամբ, հետևյալն է՝ Հայաստանը ՄԻԵԴ ներկայացրել է 4 գանգատ Ադրբեջանի դեմ, 1 գանգատ Թուրքիայի դեմ, 2 գանգատ Ադրբեջանը Հայաստանի դեմ է ներկայացրել։
«Այս ատյանը (ՄԻԵԴ) ունի ավելի սահմանափակ դեր և հիմնականում անդրադառնում է կոնվենցիոնալ իրավունքների խախատումներին ու դրանց պաշտպանությանը»,- նկատեց մասնագետը։
Երրորդ ատյանը, որի մասին նշեց Սիրանուշ Սահակյանը, արբիտրաժային միջազգային դատարանն է։
«Այս դատարանում մենք ունենք բացառապես ադրբեջանական հայցեր ընդդեմ Հայաստանի, որոնք նախաձեռնվել են 2023 թվականին։ Դրանց հիմքում դրված են կոնվենցիաներ՝ մասնավորապես, Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և Բեռնի կոնվենցիան, որն առնչվում է բնապահպանական հարցերին»,- ասաց իրավապաշտպանը՝ պարզաբանելով, որ հիմնական խնդիրը վերաբերում է վնասի փոխհատուցմանը։
ՀՀ կողմից այս հայցերից հրաժարվելու մասին հարցադրմանն ի պատասխան՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավարը շեշտեց՝ հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող այլևս իրավական հարթակներում հասնել խնդիրների արձանագրման, դրանց միջոցով չի կարող հավելյալ քաղաքական աշխատանք կատարել։
«Ինչպես գիտեք՝ հարցերի կարգավորման տարբեր եղանակներ կան․ հիմնականը քաղաքականն է, թեև միջազգային իրավունքի արգելքներին՝ դեռևս կիրառություն ունի հարցերի լուծման նաև ռազմական ճանապարհը, ինչի ականատեսը եղանք 2020 և 2023 թվականներին։ Բայց քաղաքակիրթ աշխարհն ընդունում և դեռևս կենսունակություն է տալիս խնդիրների լուծման իրավական հարթակին։
Մենք պարտվել ենք քաղաքական ու ռազմական հարթակում, և մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը, դրանից հրաժարվելը նշանակում է, որ մենք այլևս ունակ չենք հասնել երկրին առնչվող խնդիրների լուծմանը նաև այս իրավական ճանապարհի գործադրմամբ,- նշեց նա՝ հնարավոր համարելով հայցերից հրաժարվելու հավանականությունը,- Այն կարող է լինել ճնշումների ներքո։ Կարծում եմ՝ այս պահին միակ հարթակը, որտեղ մենք կարողացել ենք վնասել Ադրբեջանի շահերը, հենց իրավական հարթակն է։ Այս փուլում ունենք միջանկյալ ակտեր, որոնք արձանագրում են խախտումներ, պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը չի կատարում, բայց դրան հաջորդում են քաղաքական արձագանքները։
Եվ, պատկերավոր ասած, միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին։ Քաղաքական հարթակներում այդ արդարության տարրը բացակայում է, և կարելի է ներկայումս այդ գործընթացները ձևակերպել վայրի, որտեղ նպատակահարմարությունից ելնելով՝ կարող են ցանկացած տիպի որոշումներ կայացնել։ Ու քանի որ Ադրբեջանն ավելի ճիշտ է դիրքավորված քաղաքական հարթակներում, վերջինս փորձում է հասնել հարցի քաղաքական լուծմանը՝ անտեսելով իրավական ուղենիշները, և սա է պատճառը, որ նրանք ճնշում են հայկական կողմին՝ հրաժարվել իրավական պահանջատիրությունից, ապավինել բացառապես քաղաքական ճանապարհով ձեռք բերած պայմանավորվածություններին, որոնք չեն կարող թույլ պետությունների պարագայում արտացոլել վերջիններիս պետական և ազգային շահերը։
Ուստի չեմ բացառում նման հավանականությունը, բայց, կարծում եմ՝ դա կլինի ոչ թե ազատ կամարտահայտության ներքո ընդունված որոշում, այլ արտաքին ճնշումների ներքո հայկական կողմին պարտադրված որոշում»։
Մանրամասները՝ տեսանյութում