Փաշինյանը հող պահո՞ղ է, դե թող պահեր. Արցախը հանձնելուց հետո Հայաստանն էլ չի կարողանում պահել. Աննա Գրիգորյան

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ. նա Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը, ապա շրջել Կապանի թիվ 10 մանկապարտեզում, հիացել նոր հիմնանորոգված մանկապարտեզով, ստուգել մանկապարտեզի սանհանգույցի ծորակների աշխատանքը և պատերի գույնը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Աննա Գրիգորյանը, որ պատգամավոր է ընտրվել հենց Սյունիքի մարզից, մանկապարտեզ այցելած Նիկոլ Փաշինյանին կոչ արեց գնալ Կապան համայնքում գտնվող Ներքին Հանդ գյուղ և տեսնել ադրբեջանական զորքի կողմից երեք ուղղությամբ շրջափակված այդ գյուղն ու Սյունիքի մարզի իրական վիճակը։

«Օրինակ՝ այն ճանապարհը, որով Փաշինյանն անցել է, գտնվում է Կապանի օդանավակայանի կողքին, որը գտնվում է ադրբեջանցիների դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա, ուստի ծիծաղել կարելի է, անվտանգային նման խնդիրների առկայության դեպքում՝ այն ամենը, ինչը ցուցադրում են… Խնդրահարույց է, որ այս իրականությունն է նա փորձում հրամցնել ժողովրդին, ցույց տալ, թե իբր մեր երկրում ամեն ինչ նորմալ է»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը մանկապարտեզի ծորակների որակն ու վարագույրի գույնը ստուգող Փաշինյանին հիշեցրեց՝ Սյունիքի քթի տակ ադրբեջանա-թուրքական տանդեմը օրերս ավարտեց հերթական զորավարժությունները՝ F-16 կործանիչների ներգրավմամբ, իսկ նման սպառնալիքների դեպքում հասարակության ուշադրությունը մանկապարտեզի ծորակով կամ նորոգված պատով շեղելն ուղղակի դիվերսիա է սեփական ժողովրդի նկատմամբ։

Կարդացեք նաև

«Սա հատուկ դիվերսիա է մեր ժողովրդի նկատմամբ, որպեսզի մարդիկ ամբողջությամբ չընկալեն այն անվտանգային խնդիրները՝ ռիսկերը, որոնք կան»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ երկրի իշխանության ղեկավարի թիվ մեկ խնդիրը պետության տարածքային ամբողջականության պահպանումն է, հակառակ պարագայում, մի սովորական ցեխի պետն էլ կարող էր մանկապարտեզ կամ դպրոց նորոգել։

Ինչ վերաբերում է փաշինյանական նոր հայեցակարգին, որով, ինչպես հայտարարում է Փաշինյանը, պետք է լուծենք մեր առջև ծառացած խնդիրները՝ հայրենիքը՝ պետությունն է կոնցեպտով, Աննա Գրիգորյանն այդ կոնցեպտը համեմատեց պատմական և իրական հայրենիքների միջև փաշինյանական ջրբաժանների հետ։

«Իրական, փաստացի գոյություն ունեցող Արցախը դարձրել է պատմական հայրենիք, հիմա եկել ասում է՝ եկեք չմտածենք պատմական հայրենիքի մասին։ Ինքը այդ հայրենիքը հանձնել է, հիմա եկել խոսում է, որ պետք է մտածենք միայն այն ամենի մասին, ինչը կարող ենք պահել։ Փաշինյանն իրավունք չունի հայրենիքի մասին խոսել։ Փաշինյանը հետևողականորեն մտածել է, որ Արցախը բեռ է և պետք է ազատվել Արցախից, և դա արել է իր քայլերով»,- ասաց Գրիգորյանը։

«Դե հող պահող էիր, պահեիր։ Փաստ է, որ չի՛ կարողանում. նա ոչ Արցախն է կարողացել պահել, ոչ Հայաստանն է կարողանում պահել»,- ասաց Գրիգորյանը՝ շարունակելով՝ Փաշինյանը ոստիկանությանը, դատավորներին, քննիչներին բարձր աշխատավարձեր է տալիս՝ իր համար հաճելի որոշումներ ու գործողություններ ստանալու համար, բայց Արցախը հանձնելուց հետո նա հանգիստ չի ապրելու։

«Փաշինյանը հանգիստ չի ապրում։ Իր իշխանությանը սպառնացող վտանգներ է տեսնում. տեսեք, թե ինչպիսի անվտանգային համակարգ է ստեղծել իր շուրջ։ Գիտեք՝ պետք է լինել ԱԺ-ում, երբ նա գալիս է պատգամավորների հետ հարցուպատասխանի. անվտանգության այնքան աշխատող կա։ Այդ պատկերը Փաշինյանի վախերի արտացոլումն է։ Փաշինյանի վախերն օբյեկտիվ են. ինքը հո լա՞վ գիտի, թե ինչ է արել, ինքն այդ ճակատագրից պրծում չունի, ինքն այդ ճակատագրով է ապրելու»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս