«Որևէ պատճառ չեմ տեսնում ԼՂ-ին տրամադրվող գումարի մնացորդը տալու. տանք, որ ի՞նչ լինի». Ֆինանսների նախարար
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Արցախի Հանրապետությանը գումարներ տրամադրելու մասին և պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀ-ն սառեցրե՞լ է Արցախին գումարներ հատկացնելու գործընթացը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը Լեռնային Ղարաբաղի բյուջեին հասանելիություն չունի։
«Դա իրենց բյուջեն է, իրենք են կառավարում։ Հայաստանը տրամադրել է վարկային միջոցներ, վերջին անգամ սեպտեմբերին ենք տրամադրել, հիմա կոնկրետ թիվը չեմ կարող ասել, որովհետև գումարը բաժանված է, ամսվա ընթացքում մի քանի անգամ հատկացումներ ենք ունեցել։
Ամեն ամիս տարբեր չափաբաժիններով գումարներ հատկացվել են»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ բռնի տեղահանված արցախահայերին թոշակ ու նպաստ չեն տալիս, Ֆինանսների նախարարը պատասխանեց.
«Մենք թոշակ չենք տալիս, մենք որևէ մեկին թոշակ չենք տվել, գումարները տվել ենք ԼՂ կառավարությանը, նա է որոշել՝ ինչ անել՝ թոշակ տա՞, թե՞ այլ ծախսեր անի»։
Թե ինչո՞ւ հիմա գումարը չեն տալիս Արցախի Կառավարությանը, Ֆինանսների նախարարը պատասխանեց, թե գրեթե ամբողջ գումարը տրամադրված է, այս տարվա համար նախատեսված քիչ գումար է մնացել։
«Հիմա էլ մենք այդ գումարը տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են ՀՀ-ում։
Մենք նման՝ մնացորդ գումարը չտալու որոշում չունենք, բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում՝ ինչո՞ւ պետք է տալ, որովհետև տանք, որ ի՞նչ լինի։ Մենք արդեն մարդկանց վճարում ենք թոշակներին համազոր գումարներ։ Դե հիմա, օրինակ, ինչ-որ մարդիկ էլ կարող է՝ ուզում են աշխատավարձ ստանան։
Մենք կարծեմ այս մասին խոսել ենք, ասել ենք, որ այս մարդիկ Հայաստանում պետք է թոշակ ստանան՝ հաշվառվեն Հայաստանում, գրանցվեն մեր համակարգում և ստանան թոշակ։
Եթե իրենք հիմա Լեռնային Ղարաբաղից պետք է թոշակ ստանան, ես դա չեմ կարող մեկնաբանել»,- շեշտեց նա։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ հանդիպում եղե՞լ է՝ հասկանալու համար, թե տրամադրվող գումարներն ինչպես են ծախսվելու, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց՝ եթե որոշ հարցեր լինում են, ապա քննարկում են։
«Մեր պայմանագրի մեջ ունենք կետ, որտեղ այդ ծախսերի հաշվետվությունն է ներկայացվում, բայց կարծում եմ՝ հիմա իրենք այն վիճակում չեն, որ կարողանան հաշվետվություն ներկայացնել»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը։