Բաժիններ՝

ԼՂ-ից բռնի տեղահանվածների մոտ հոգեբանական դրսևորումները պայմանավորված է մեծ անզորության և անկարողության զգացումով

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները և իրենց հարազատները վերջին շրջանում ստիպված եղան անցնելու մի շարք դժվարությունների միջով՝ կորցնելով ամեն ինչ՝ հայրենիք, հարազատներ, տուն, և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել նրանց վրա:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մոտ ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների, դրսևորումների և ճիշտ աջակցություն տրամադրելու մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է հոգեբան Տաթև Հովհաննիսյանը:

Մասնագետը նշեց, որ հոգեբանական խնդիրների մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի հանգամանք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները դեռ շոկային վիճակում են: Շատերը առաջին հերթին փորձում են ընտանիքների սոցիալական կարիքները հոգալ՝ չգիտակցելով հոգեբանական խնդիրները:

«Կորուստն, իհարկե, անսահման մեծ է, մենք Լեռնային Ղարաբաղը կորցնելով՝ կորցրել ենք մեր ինքնության շատ կարևոր և նշանակալից մի մաս, և այդ կորուստը մենք դեռ պետք է ապրենք երկար ժամանակ, քանի որ մենք դեռ մոտ էլ չենք այն գիտակցմանը, թե ի՞նչ ենք կորցրել, բայց դա բնությունից որոշված վիշտը ապրելու ձևերից մեկն է: Մենք չենք կարող միանգամից գիտակցել կորստի չափը, որովհետև մեր հոգեկան աշխարհի համար դա չափազանց ծանր կլինի, այդ իսկ պատճառով սկզբնական ամիսներին մենք ավելի շատ ունենում ենք շոկային վիճակ, բարկության մեծ ալիքներ, ինչը շատ օրինաչափ է: Շատ հաճախ այս իրավիճակներին ականատես լինելու պարագայում պետք է հասկանանք, որ դա հիմնականում պայմանավորված է այն մեծ անզորության և անկարողության զգացումով, որ ապրում է բարկության դրսևորումներ ունեցող անձը»,-նշեց հոգեբանը:

Մասնագետն ընդգծեց, որ սթրեսային վիճակին բնորոշ և հաճախակի դրսևորվող կռվի բռնվելու, քարացած և անտարբերության նմանվող փախուստի դրսևորումներն այդ անձանց մոտ գոյությունը պահպանելու համար ենթագիտակցության կողմից ընտրված ձև է, որն այդ պահին ստեղծված իրավիճակի հետևանք է և չի տևելու ամբողջ կյանքում:

Սուր սթրեսային դրսևորումներին բնորոշ վիճակում գտնվողներին՝ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, հոգեբանը խորհուրդ տվեց շատ խոսել և նկարագրել, թե ինչ ապրումներ ունեն: Ըստ նրա՝ քաղաքացիները պետք է փորձեն ճանաչել առաջ եկած և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական դրսևորումները և անպայման դիմեն համապատասխան մասնագետի:

Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ շփվելու և հոգեբանական ճիշտ աշխատանք տանելու մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս