ԼՂ-ից բռնի տեղահանված զենք կրելու իրավունք ունեցողների հետ կապված ռիսկն ինչպե՞ս ենք նվազագույնի հասցնելու. ՔՊ-ական պատգամավոր

Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց, որ աշխատում են օրենսդրական փոփոխությունների վրա, որպեսզի ոստիկանությանը տան լայն լիազորություններ և հասանելիություն մի շարք տեսախցիկների։

«Բոլորս գիտենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հիմնական գործառույթն է՝ բացահայտել տեղի ունեցած հանցագործությունները, ինչպես նաև կանխարգելել, որպեսզի դրանք տեղի չունենան։ Այս իմաստով շատ մեծ նշանակություն ունի տեսախցիկներին հաանելիություն ունենալը»,- նշեց Հայկ Սարգսյանը և նախարարին հորդորեց՝ հարցը պահել ուշադրության կենտրոնում և հնարավորինս շուտ օրենսդրական փոփոխությունները դնել շրջանառության մեջ։

Իշխանական պատգամավորը նաև ՆԳ նախարարից հետաքրքրվեց, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, որոնք ունեն զենք կրելու իրավունք, այդ առումով ի՞նչ հաշվառում ունեն։

«Ի՞նչ ենք պատրաստվում անել, որպեսզի կառավարենք և այս ռիսկը նվազագույնի հասցնենք, այս խնդիրը հանրության շրջանում նույնպես կա, որովհետև մեր պատգամավորների շրջանում շատ է քննարկվում։ Ինչ-որ տեղ անարդարության զգացում է առաջանում, որ կան մարդիկ, որոնք ունեն զենք կրելու իրավունք, և ունենք մարդիկ, որոնք հանրապետությունում զենք կրելու իրավունք չունեն և չեն էլ կարող ձեռք բերել»,- շեշտեց Հայկ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Վահե Ղազարյանն ասաց, որ ունեն որոշակի օպերատիվ տեղեկություններ, բայց նաև հիմա աշխատում են Արցախի ոստիկանության հետ, որպեսզի հստակ պատկերացում ունենան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս