Բաժիններ՝

Կենտրոնական բանկը 2024թ. կառավարությունից ցածր տնտեսական աճ է կանխատեսում

ԿԲ-ի 2024թ. տնտեսական կանխատեսումները տարբերվում են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսումներից։ Այս մասին այսօր ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեր գնահատականներով` տնտեսական աճը որոշակի պոտենցիալից բարձր կլինի, որովհետև բավականին մեծ ծախսեր են նախատեսված։ Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով` աճը լինելու է 5.6 տոկոս 2024-ի համար։ Բնականաբար, կառավարության կողմից նախատեսված ծախսերի իրականցման դինամիկայից կտեսնենք, թե ինչքանով է մասնավոր հատվածը միանում այն ծախսերին ու ներդրումներին, որոնք կզուգակցվեն կառավարության կապիտալ ծախսերի հետ ու կտան սիներգիկ էֆեկտներ»,– ասաց նա։

ԿԲ նախագահը նշեց, որ ԿԲ-ը նաև մտավախություն ունի, որ 2024թ. պետությունը ստիպված է լինելու իրականացնել մեծ ծավալով ընթացիկ ծախսեր։ Մինչդեռ կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել, քանի որ այս տարվա 9 ամիսների դրությամբ դրանք արդեն իսկ ավելի շատ են թերակատարվել, քան 2022թ.։

«Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն այդ գործողությունների կատարմանը։ Այլապես, եթե մենք կապիտալ ծախսերը նախատեսված ծավալով չարեցինք, բայց շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է։ Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ»,- ասաց ԿԲ նախագահը` հավելելով, որ գնաճը զսպելու համար ԿԲ-ը ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Նա արձանագրեց, որ ՀՀ-ում գնաճն այս պահին կազմում է 0.1 տոկոս` հույս հայտնելով, որ հաջորդ տարի գնաճը չի գերազանցի նպատակային 4-4.5 տոկոս թիրախային ցուցանիշը։

Նշենք, որ 2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է ակնկալում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս