Երջանկություններով ու ողբերգություններով հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպմանը՝ Հայրենիքը պետությունն է. Փաշինյանը նոր հայեցակարգ է առաջարկում
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս քննարկումն էլ, ինչպես նախորդ տարիների քննարկումները, տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում։
«Մեզ համար սա նոր չէ, և վերջին երեք տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք անցկացրել գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկումը։ Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկան։ Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում։ Այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է՝ 32 տարվա մեր պետականության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հարց տվեց՝ ի՞նչ է մեզ համար պետականությունը, ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է պետականությունը, և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն անհրաժեշտ։
«Սրանք հարցեր են, որոնք քաղաքագիտական, փորձագիտական հանրային քննարկում, ազգային անվտանգության օրակարգ է։ Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար։ Սա, իհարկե, կառավարության և անձամբ վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է, և իմ վարչապետության հանրային երջանկություններով ու ողբերգություններով հնգամյա փորձը ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել՝ որպես պետական հայեցակարգային ուղենիշ։ Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունը։ Այդ ձևակերպումը բխում է այն թեզից, որ մեր անկախության 32 տարիներին մեր հիմնական խնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա ու շարունակական աճող լարումը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում