Տղերք, տիկնայք և պարոնայք, ավագ և կրտսեր ընկերներ, գերաշնորհներ, բոլորս, եկեք մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք իրար գլուխ՝ հանուն մեր պետականության. Էդուարդ Շարմազանով
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Միանշանակ Հայաստանը թևակոխել է 2018թ. իշխանազավթման կամ գունավոր հեղափոխության վերջնական փուլը։ Մի անգամ չէ, որ ասել եմ՝ 2018թ․ իշխանազավթումը 2 նպատակ ուներ՝ Արցախի հարցի փակում ոչ հայկական սցենարով և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։
- 100 տարի առաջ էլ սխալ հաշվարկ կատարեցինք ու Հայաստանի 60 000 քկմ տարածքը դարձավ 9 800 քկմ։ Հիմա մենք չենք սխալվում։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է գնում դրան։ Նա Հայաստանը տանում է թրքացման։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ պրոհայկական, Հայաստանի անվտանգային շահերը սպասարկող հայտարարություն չի արել, հակառակը, արել է թրքահաճո հայտարարություններ։
- Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ փաստացի Հայոց ցեղասպանության մեջ մեղադրեց ոչ թե Թուրքիային, այլ՝ Ռուսաստանին։ Նիկոլ Փաշինյանը թուրքական 5-րդ շարասյան ներկայացուցիչն է Հայաստանում։
- Նիկոլ Փաշինյանը դաշնակիցներին սարքում է թշնամի ու ձեռք է բերում ոչ թե դաշնակից, այլ հովանավոր՝ չհասկանալով, որ մեծերի խաղերի մեջ չպետք է մտնել։
- Ակնհայտ է մի բան, որ այո, միջազգային դերակատարները տապալվել են Արցախի հարցով։ Ադրբեջանի նախագահն ուղղակի թքեց Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վրա, երբ ուժով լուծեց Արցախի հարցը։
- Բոլորն իրավունք ունեն քննադատել Ռուսաստանին, բացի Նիկոլ Փաշինյանից, ով ինքն է միայնակ թողել Արցախին։ Փաշինյանը մոռացել է, որ ինքն է գոռացել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ», «բանակցում եմ իմ սեփական կետից»։
- Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ ֆիասկոյի արդյունքում է խաղաղապահը կանգնել Արցախում, ուր մինչ այդ՝ Սերժ Սարգսյանի օրոք, մինչև Արաքսի հովիտ միայն հայ զինվորն էր կանգնած։
- Ես գիտեմ, որ երբ թուրքը շվշվալով մտավ Հայաստան, ՀՀ ԱԳՆ-ն ցանկացել է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, բայց Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել ու կոչ է արել զորքերի հայելային հետքաշման։
- Աղավնոն, Սուսն ու Բերձորը հանձնելու ժամանակ ՔՊ-ականներն ասում էին՝ դրա այլընտրանքը միջանցքն ու պատերազմն է։ Դրանից 13 օր հետո մեկօրյա պատերազմ եղավ, Ադրբեջանը հարձակվեց ու հիմա գտնվում է Ջերմուկի գլխին։
- Նիկոլ Փաշինյանը նման է այն անառակ որդուն, որն իր ծնողներից հրաժարվում, հանձնում է ծերանոց, հետո բողոքում է, որ այնտեղ նրանց լավ չեն կերակրում։ Արա՛, եթե դու փուռն ես տվել Արցախը, ցինիկաբար, լայն ժպիտով Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում, Պիղատոսի նման ձեռքերդ լվացել ես, ի՞նչ իրավունք ունես ուրիշներին մեղադրել։
- Դիվերսիֆիկացիա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նախորդ 3 նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք է եղել, երբ մենք եղել ենք ՀԱՊԿ անդամ, բայց մասնակցել ենք ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններին, երբ մեր մասնագետները սովորում էին՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Եվրոպայում։
- Նախկին իշխանության ժամանակ ավելի քան 1500 ինքաթիռ է իջել՝ ձրի զենքով։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՌԴ-ն մեզ Իսկանդեր է տվել, որը տարածաշրջանում ոչ ոք չունի։
- Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ունենալով ՆԱՏՕ-ական 2-րդ մեծ բանակը, թույլ է տալու, որ Ֆրանսիան այստեղ փոխարինի Ռուսաստանի՞ն։ Այստեղ կա երկու բանակ՝ ՌԴ-ի և Թուրքիայի։ Նիկոլ Փաշինյանը բռնել է թուրքական բանակի պոչը։ Դու մեր զավակներին սպանողի մեծ ախպոր հե՞տ ես ուզում բարեկամություն անել։ Դու այդտեղ կլինես ընդամենը «քաղաքական ղազ»։
- Այս կինոն սկսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մտավ արևմտյան առաջարկի տակ։ Արևմուտքին պետք է մի բան, որ ռուսական քաղաքական ու ռազմական ներկայությունը Հայաստանից հնարավորինս հեռացվի։
- Նիկոլ Փաշինյանի կառավարումը Զելենսկու ու Սահակաշվիլու անփառունակ կառավարման միքսն է։
- Մեր իշխանության օրոք՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, մենք վարել ենք իրական հայաստանակենտրոն քաղաքականություն։ Արցախի ինքնորոշման իրավունքը, շնորհիվ Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, մեր խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ անխախտ է եղել։
- Սրա հետ ոչ ոք լուրջ բան չի քննարկի, որովհետև մի բան ասեն, կգա կամ լայվ կանի, կամ ՔՊ-ի նիստում կպատմի, նրանց ասածն էլ կասի Թուրքիային։
- Թուրք-ադրբեջանական տանդեմը, լինի պատերազմով թե չէ, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի ապազգային կառավարման, ամեն ինչ անելու է, որ հնարավոր կարճ ժամկետում ստանա առավելագույնը։ Այս մարդը պարզապես նվեր է նրանց։
- Այստեղ չեն գալու արևմտյան նավեր։ Մենք պատմությունը կիսատ ենք պատմում մեր ժողովրդին։ Բոլորը հիշում են 1921թ․ Կավբյուրոյի որոշման մասին, բայց չեն խոսում, որ անգլիացիների լուռ ներկայությամբ էին կոտորում Շուշիի հայերին։
- Իրանի շահերից չի բխում Արևմուտքի ներկայությունը Հայաստանում։ Բայց ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը մեզ չեն պաշտպանելու։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պետական շահը։
- Այս անձնավորության տգետ ու ապազգային քաղաքականության արդյունքում Հայաստանը վերածվելու է պոլիգոնի աշխարհաքաղաքական գերտերությունների արանքում։
- Մարիոնետկան երբեք չի կարող կուկլավոդի դեմ խոսել։ Նիկոլի կուկլավոդը Թուրքիան է։
- Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը, քանի որ թերուս են, հայ ժողովրդին դրել են տգետի տեղ։ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը նոր ծրագիր չէ, սա թուրքական ծրագիր է եղել դեռևս 100 տարի առաջ։ Հիշենք, որ Թուրքիայի նախկին ղեկավարները՝ Օզալը, Դեմիրելը, այդ հատվածն անվանել են «անիծյալ սեպ»։ Երբ հիմա Նիկոլը խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, ձեռք է առնում Հայաստանի՝ առնվազն գիտակից հատվածին։ Եթե ուզում ես ճանապարհների ապաշրջափակում անել, օգտագործիր Իջևան-Ղազախ ճանապարհը, ինչի՞ ես նոր ճանապարհ կառուցում։ Այստեղ որևէ հայկական շահ չկա, սա ոտքից գլուխ թուրքական պրոյեկտ է։ Սա պանթուրքիզմի կամուրջն է, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ թե միջանցք է տալիս, այլ ողջ Հայաստանն է դարձնում թուրք–ադրբեջանական միջանցք։
- Հայաստանն այլ բնական դաշնակից, Ռուսաստանից ու Իրանից բացի, չունի։ Դրա համար մեր իշխանության տարիներին մեր հիմնական տարանցիկ ճանապարհը Հյուսիս-Հարավն էր։
- Նիկոլ Փաշինյանը երբ աթոռից աթոռ է թռչում, չի հասկանում, որ պետական գործիչը պետք է հարգի իր ստորագրությունը։
- Ի՞նչ 29.800 քկմ… Դա ինչի նո՞ր է ճանաչված։ Հայաստանը 1992թ.-ից ՄԱԿ անդամ է։ Մարդկանց շոկից պետք է հանել։ Ժողովուրդ ջան, շատ վատ է վիճակը, բայց այս մարդը մնաց՝ Զեյնաբ Խանլարովայի համերգներին երանի եք տալու։
- Ինքնիշխանը Նիկոլը չի, այլ ՀՀԿ-ն է, որ երբ Լավրովը կամ Կալաշնիկովը մի բան են ասում, պատասխանը ստանում են, սխալ բան են ասում Եվրոպան կամ ԱՄՆ-ը, կրկին ստանում են պատասխանը։
- Ի՞նչ տարբերություն՝ Արևմուտքը Նիկոլին ումով կփոխարինի՝ Արմեն Գրիգորյանո՞վ, թե՞ Գրիգոր Արմենյանով։ Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։
- Թիվ մեկ թեման փախստականների վերաբնակեցումն է, անկլավները, դրանցում ադրբեջանական զինուժի տեղակայությունը, որի արդյունքում անկլավները կվերածվեն զորամասերի։ Ես չեմ բացառում, որ եթե Փաշինյանը մնաց, և թուրք-բրիտանական ծրագիրն իրագործվեց, հաջորդ խորհրդարանում մենք կունենանք թուրքական ֆրակցիա։
- Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար ամեն ինչ անելու է՝ ի հաշիվ Հայաստանի։ Նա իր բովանդակությամբ ատում է ՀՀ 3-րդ Հանրապետությունը, որովհետև 3-րդ Հանրապետությունը նաև Արցախն է։
- Տղերք, տիկնայք և պարոնայք, ավագ և կրտսեր ընկերներ, գերաշնորհներ, մի կողմ դրեք բոլոր տարաձայնությունները, եկեք հավաքվենք իրար գլուխ ու մեր ժողովրդին բացատրենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է Էրմենիստան։ Միավորվել պետք է ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ անձի շուրջ, այլ ՀՀ պետականության։ Սա անձերի խնդիր չէ։ Մենք կհաջողենք, եթե մեր առաջ խնդիր դնենք ոչ թե իշխանության գալու, այլ այս ազգակործան, պատուհաս իշխանությանը կառավարության շենքից հեռացնելու համար։ Մեզ հաճախ են հարցնում՝ որ դուք գաք, ի՞նչ եք անելու։ Միասնություն ենք հաստատելու։ Իրենք ի՞նչ արեցին, մեզ բաժանեցին, պիտակավորեցին, ներսից քայքայեցին։ Սև ու սպիտակը պիտի վերացվի։ Չի կարելի ժողովրդին բաժանել։ Թուրքի և ադրբեջանցու համար լավագույն ճանապարհը մեր բաժան-բաժան լինելն է։
- Մեզ և նախագահ Սերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև վտանգն այստեղից են տեսնում, որովհետև ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն ազգային են, ազգային իղձերի կրող են։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն ամիսներ շարունակ քաղբանտարկյալ է։
- Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այլևս ձայներ չունեն, դրա համար հարձակում են գործում իրական ազգային ուժերի վրա, ստեղծում կեղծ ընդդիմադիր ուժեր ու վերարտադրվում, ինչպես արեցին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
- Իրական ազգային ուժերի միջև չպետք է լինի մրցակցություն։ Մենք բոլորս պետք է կանգնեք Նիկոլ Փաշինյան սպառնալիքի դեմ։ Մենք մեզ պետք է հարց տանք՝ մե՞նք ենք մեր հայրենիքը շատ սիրում, թե՞ Նիկոլն իր աթոռը։ Առայժմ կարծես թե Նիկոլն է իր աթոռը շատ սիրում:
Մանրամասները՝ տեսանյութում։