ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի շուրջ զարգացումները կախված են նրանից, թե ինչ կառաջարկի Արևմուտքը Հայաստանին․ Լուկիանով
«Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաները Հայաստանից հեռացնելու պահանջ դնելու հարցը»,- ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանը վերջին իրադարձությունների կոնտեքստում չի տեսել Հայաստանում ռուսական ռազմական ներկայության առավելությունը։
Նա նաև նշեց, որ անվտանգային հարցերը ներկայումս քննարկում են Ռուսաստանի հետ, փորձում հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը։
«Եվ, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,- հավելել է նա:
Լրագրողի հարցադրմանը, թե ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ-ի անդամ, եթե դաշինքը չի կատարում իր գործառույթները, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.
«Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք, մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»:
Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։
«Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն։ Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով»:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ աշխարհաքաղաքական առճակատման ներկայիս փուլում, աշխարհաքաղաքական խորը բևեռացման պայմաններում դիվերսիֆիկացիան, բալանսավորումն այն չէ, ինչ կարելի էր պատկերացնել որոշ ժամանակ առաջ, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատերազմի հակադիր բևեռներում չէին ու չէին պայքարում միմյանց դեմ։
Ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ մի երկիր կարող է ունենալ դաշնակից Ռուսաստանի և որևէ արևմտյան երկրի տեսքով, քանի որ և՛ Արևմուտքն է ձգտում ազդեցության, և՛ Ռուսաստանը։
Բացի այդ, նրա խոսքով, Արևմուտքը լիարժեքորեն չի դաշնակցում Ռուսաստանի հետ չթշնամացած երկրի հետ, ինչը Հայաստանի դեպքում ցույց են տալիս թե արևմտյան պաշտոնյաների հայտարարությունները, թե նույնիսկ լրագրողների հարցերը, որոնք պտտվում են ՀԱՊԿ-ը լքելու շուրջ։
Այսինքն՝ վերլուծաբանը գտնում է, որ պետք է ճիշտ հասկանալ Արևմուտքի դիրքորոշումը, Արևմուտքը չի ընկալում դաշնակցի, որը դաշնակցում է կամ ունի բնականոն հարաբերություններ Ռուսաստանի հետ, դա նրանց համար կարմիր գիծ է, ըստ էության նույնպիսին է նաև Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի մոտեցումը։
«Ավելին, այդ մոտեցումների հիման վրա տարածաշրջանային ձևաչափ է ստեղծվել, որի հանդիպումն օրերս կայացավ Թեհրանում։ Ուստի ես չեմ կարծում, որ Արևմուտքից Հարավային Կովկասում դաշնակիցներ են հայտնվելու։ Գուցե ոմանք կարծեն, որ դա կարող է Ֆրանսիան լինել, Ֆրանսիան փորձում է այդպես դիրքավորվել փոքր քայլերի միջոցով, բայց դա այն չէ, ինչ կարելի կլինի համարել իրական դաշնակցություն»,- ասաց Լուկիանովը։
Սակայն Լուկիանովը նաև գտնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում իսկապես կան խնդիրներ թե Ռուսաստանից, թե Հայաստանից։
Նրա խոսքով, ինչպես Ռուսաստանի շատ քայլեր ընկալելի չեն Երևանի համար, այնպես էլ ՀՀ քայլերը, հայտարարությունները հասկանալի չեն Մոսկվայի համար, որը տպավորություն է թողնում, որ խոսքը ոչ թե դիվերսիֆիկացման, այլ արտաքին քաղաքական գործընկերներին լիովին փոխելու մասին է։
«Բազմաթիվ չհասկացված հարցեր կան, Ռուսաստանի դեպքում ներկայումս դա պայմանավորված է ուկրաինական զարգացումների գործոնով, որոնք այսօր գրավել են ՌԴ ողջ ներքին, արտաքին, անվտանգային օրակարգը, աշխարհը փոխվում է, և Ռուսաստանն այդ փոփոխությունների կիզակետում է, Հարավային Կովկասը ևս փոխվում է, այդ փոփոխությունը զգալի է, սակայն հստակ կանխատեսելի չէ վերջնական տեսքն այդ փոփոխությունների»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է բազաներին, ապա վերլուծաբանը չի բացառում, որ եթե այսօր նման հարց չի քննարկվում, ապա վաղը ևս չի քննարկվի։
Նրա կարծիքով, եթե այդ հարցին անդրադարձ է կատարվում այս հռետորաբանությամբ, ապա դա ունի իր բազմաթիվ պատճառները։ Նրա խոսքով, նման հարցերը սովորաբար քննարկվում են խորհրդապահական ռեժիմով, եթե այն դուրս է գալիս այդ ռեժիմից, նշանակում է՝ կան լուրջ պատճառներ։
«Սակայն ես չէի շտապի եզրակացություններ անել, քանի որ զարգացումները կախված են նրանից, թե ինչ կարող է առաջարկել Արևմուտքը Հայաստանին։ Եթե այդ առաջարկը լիներ վաղուց, գուցե զարգացումներն արդեն իսկ այլ հունով ընթացած լինեին, սակայն այն տպավորությունն ունեմ, որ այդ առաջարկը չկա»,- նկատեց նա։