Մոսկվան Երևանի հետ ուղղակիորեն կհստակեցնի Փաշինյանի խոսքերը ՝ «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին. Պեսկով
Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ամերիկյան Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, ու այդ իրադարձություններն, ըստ էության, հանգեցրել են մի որոշման, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի հարաբերություններն անվտանգության ոլորտում։
Պեսկովը նշել է, որ Մոսկվայում հակված չեն կարծիք կազմելու «Wall street journal»-ին տված հարցազրույցի արդյունքում։
«Ռուսաստանն ու Հայաստանը թերթի միջոցով չէ, որ պետք է իրար հետ շփվեն, առավել ևս` «Wall Street Journal»-ի։ Դրա համար էլ մենք շարունակում ենք երկխոսությունները մեր հայ բարեկամների հետ, մենք շատ ընդարձակ օրակարգ ունենք»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին օգնելու փորձեր ձեռնարկել խաղաղության պայմանագրի կնքման համար։
Ըստ նրա` դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման և ողջ տարածաշրջանում ավելի դրական ստեղծարար կենսամակարդակի հասնելու համար: