Եթե այսօր ՌԴ-ից չեն կարողանում զենք բերել՝ մեղավորը ՀՀ իշխանությունն է. Սեյրան Օհանյան
Եթե հնարավորություն է եղել այլ երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու, ոչ ոք նախկինում և հիմա դրան արգելք չի ունեցել, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացման։ Այս մասին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ անվտանգության դիվերսիֆիկացիան, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության և նաև սպառազինության և զրահատեխնիկայի ներկրման շրջանակներում, նորություն չէ ՀՀ–ի համար և նախկինում էլ Հայաստանը, թեկուզ քիչ քանակությամբ, սակայն զենք է ձեռք բերել այլ երկրներից։
«Եվ պետք է հաշվի առնենք այդտեղ լոգիստիկ դժվարությունները, որովհետև Հայաստանը տարանցիկ փոխադրման միջոցով է ներկրում սպառազինություն և ռազմական տեխնիկա, և այս տարիների ընթացքում այն իրականցվել է Վրաստանի և մասամբ նաև Իրանի տարածքով։ Եվ եթե այլ երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն կա, դրան ոչ ոք արգելք չի ունեցել, խոսքը նաև ռազմավարական գործընկերների մասին է»,- ասաց նա։
Սակայն այսօր ՀՀ իշխանությունները, մի կողմից փորձում են սպառազինություն ձեռք բերել այլ երկրներից` Հնդկաստան, Ֆրանսիա, մյուս կողմից հարաբերությունները վատթարացնել ռազմավարական գործընկերոջ հետ, որի աջակցությամբ Հայաստանը նախկինում մեծ քանակությամբ սպառազինություն է ունեցել։
«Ի վերջո, նաև մեր սպառազինության զգալի մասը և դրա շրջանակներում կառավարման համակարգը, ձեռք բերված ռազմավարական և մարտավարական գործողությունների ամբողջ համադրումը, այն սպառազինության միջոցով է, որը մենք ունենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից նախկինում մատակարարված»,–ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց, որ իր ղեկավարման ժամանակ Հայաստանը շուրջ 1500 ինքնաթիռաչվերթ սպառազինություն է ներկրել Ռուսաստանի Դաշնությունից։
Միևնույն ժամանակ Օհանյանը ընդգծեց, որ ՌԴ–ի հետ համագործակցության շրջանակներում նաև ՀԱՊԿ երկրներից էլ, թեկուզ քիչ քանակությամբ, ՀՀ–ն նախկինում սպառազինության ներկրումներ է ունեցել։
Նախկինում ունեցած համագործակցությունները և ձեռքբերումները հարաբերությունների շրջանակներում զրոյացնելը Օհանյանը սխալ է համարում` ընդգծելով, որ հարաբերությունները վատթարացնելով հակառակ կողմից պետք չէ ակնկալելը լինել ավելի հայ, քան մենք ենք։
«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք ունենք հակառակորդի, թշնամական իրավիճակ, մեր ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի հետ պետք է շարունակական լինի, մենք ՀԱՊԿ անդամ ենք և, հատկապես, պետք է լուրջ հարաբերություններ ձևավորենք հարավային հարևանի` Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,-հավելեց նա։