
Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել և հաստատել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր:
Նրանք բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման արդյունքները և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա ակտիվ աշխատանքը՝ այդ ձևաչափը խթանելու համար։