«Նախկին ղեկավարությունն ունի հաղթանակներ, ազատագրած Արցախ… Փաշինյանի զրոյական կետն Արցախի հանձնումն էր». Անաստաս Իսրայելյան
Արցախի կորստի վերաբերյալ հարցերը քննարկելու համար ոչ թե ելակետ պետք է վերցնել Սամվել Շահրամանյանի ընտրվելու օրը և դրանից հետոն, այլ հետ պետք է գնալ մինչև 2020 թվականը՝ հասկանալու, թե ինչ է կատարվել։ Այդ ամենի համար մեղավոր է ոչ թե մեկ անձ, այլ մեղավորը ՀՀ իշխանությունն է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախահայերի բողոքի ակցիայի մասին, ասաց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը։
Նա թերահավատորեն է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տեղյակ չի եղել սեպտեմբերի 20-ին ստորագրված հրամանագրի մասին։ Ավելին, նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը տեղեկություններ ունեցել է, որ նման թուղթ պետք է ստորագրվի։
«Նույնիսկ տեղեկություններ կան, որ հենց Նիկոլ Փաշինյանն է անձամբ Սամվել Շահրամանյանին ասել, որ անհապաղ ստորագրի, չեմ վախենում օգտագործել այս բառը, բայց ՀՀ իշխանությունները «վիզ դրած» ուզում էին Արցախից ազատվել, որովհետև ուզում էին խաղաղության պայմանագիրը, որը ես համարում եմ ցեղասպանության պայմանագիր ստորագրեն։
Երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ես առաջինը դուրս եկա, հացադուլ հայտարարեցի ու ասացի՝ ժողովուրդ, այս մարդը դեռ շոշափում է, թե ինչ արձագանքներ կլինեն։ Այդ հայտարարությունն Ադրբեջանը վերցրեց, ու տեսեք, թե ինչ արեց։ Նիկոլ Փաշինյանը դանակը դրեց Ալիևի ձեռքին, նա էլ գնացել է նման գործողությունների։
Արցախի ղեկավարությանը ես զոհ եմ համարում, նրանք Արցախում են եղել, թող ասեն, որ նրանք ցանկացել են Արցախը հանձնել, ես դրա հետ համաձայն չեմ։ Այդ մարդիկ Արցախից են, այնտեղ ունեն հարազատներ, գերեզմաններ, տուն։
Բան չունեմ ասելու, Արցախի իշխանությունների կողմից կան բացթողումներ, բայց եկեք բաժանենք այդ պատասխանատվության բաժինները, թե ով ինչի համար է պատասխանատու»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։
Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարեր, որ Արցախի հարցը պետք է արցախահայությունը լուծի, ապա դա ընդունելի կլիներ իր համար, բայց երբ նա հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ բանակցությունները սկսում է զրոյական կետից, սա արդեն մանիպուլյացիա է, առավել ևս, երբ մեղադրանքներ են հնչում նախկին իշխանությունների հասցեին։
««Նախկիններ» հասակցությունն արդեն բոլորին հոգնեցրել է, մենք բոլորս նախկիններ ենք, նախկին ղեկավարությունն ունի արձանագրած հաղթանակներ, ունի ազատագրած Արցախ, ունի կատարած գործ, որը պատմության մեջ գրվել է։ Հիմա եթե այս իշխանությունը բանակցությունները սկսել է զրո կետից, տեսանք՝ զրո կետից սկսածը՝ պարտություններ, իսկ վերջում՝ Արցախի հանձնում»,- շեշտեց Անաստաս Իսրայելյանը։
Նա ընդգծեց՝ Արցախը երբեք միայնակ չի հաղթել, Արցախի հաղթանակները մշտապես եղել են համահայկական, Արցախը միայնակ էր մնացել, հետևաբար՝ միայնակ հաղթել չէր կարող։
Անաստաս Իսրայելյանն իրատեսական չի համարում, որ կարող է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվել, քանի որ խաղաղությունը պարտադրում են։ Մինչև Հայաստանն ուժեղ երկիր չդառնա, չունենա ուժեղ ղեկավար, խաղաղություն չի լինելու, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր մոտեցումներով՝ նախ՝ օրինակելի չէ, հետո՝ պարտված է, հետևաբար, ըստ նրա՝ Փաշինյանի խոսքը լսելի չէ։
«Խաղաղության պայմանագրի գնում են ցեղասպանությունով, պարտությամբ, տարածքներ տալով։
Չպետք է այլ տեղում մեղավորներ փնտրել, մեղավորները ներսում են։ Ո՞վ է այս մարդկանց խանգարել փրկել Արցախը, թող օրինակ բերեն, թե ինչ գործողություններ են արել Արցախը փրկելու համար, խոսելուց ու քննադատելուց բացի, որևէ բան չեն արել։ Թուլացել ենք, դրա համար էլ առիթից օգտվում են։ Արցախի համար շատ բաներ արածները չեն խոսում, զոհաբերել են իրենց, հերոսներ են։ Նորից եմ ասում՝ անողներն արձանագրել են հաղթանակներ։
Մեզ անհրաժեշտ է միասնականություն ու համախմբվածություն, ես տեսա, որ այդ ամենը տեղի ունեցավ, բայց ինչ-որ պահի նաև տեսա, որ չկար առաջնորդ, նորմալ տրամաբանող, հայրենասեր առաջնորդ։
Իսկապես մենք ունենք առաջնորդի խնդիր, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք տեսանք, որ ոտնահարում են հերոս մարդկանց, հանրությանը ներկայացնելով՝ որպես դավաճաններ։ Չեն թողնում ի հայտ գա մեկ մարդու պատկեր, որը կլինի առաջնորդ։ Այս իշխանություններին ձեռնտու չէ, որպեսզի հայտնվի խելացի առաջնորդ։
Ո՞վ եք դուք, որ վերցրել ու Արցախի ճակատագիրն այս ձևով եք որոշել, եթե փորձում են ներկայացնել, որ մեր փրկության ճանապարհը սա է, համաձայն չեմ։ Մշտապես ասել եմ՝ Արցախի հարցն ունեցել է լուծումներ, իշխանությունը չի կարողացել այն լուծել, իշխանությունն է անպիտան»,- եզրափակեց Անաստաս Իսրայելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում