Ցույցերով կալանքի չարաբաստիկ նիստը, Կարեն Անդրեասյանի «լյուբիմչիկն» ու Մացոյի «մուտիտը»
Այս տարվա հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Հարությունյանը նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր: Մինչ այդ վերջինս 01․02․2023-10.07.2023թթ. աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ)՝ որպես նախագահի խորհրդական, 15․09․2022թ․-13․10․2022թ․ կատարել Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները, իսկ 27․06․2022-01․02․2023թթ․ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում՝ որպես վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար:
Ուշադիր ընթերցողը կնկատի՝ Գագիկ Հարությունյանի կարիերայի սրընթաց աճը ԲԴԽ-ում և դրանից հետո պայմանավորված է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գործոնով:
Ավելի վաղ նույն այդ գործոնով էր պայմանավորված Գագիկ Հարությունյանի պաշտոնեական դիրքն Արդարադատության նախարարությունում, երբ Կարեն Անդրեասյանը նախարար էր: Գագիկ Հարությունյանն այդ ժամանակ նրա խորհրդականն էր: Այդ տարիներին Գագիկ Հարությունյանը՝ որպես նախարարի ներկայացուցիչ, մասնակցում էր ԲԴԽ-ում քննվող կարգապահական վարույթներին:
Հետո Կարեն Անդրեասյանը գնաց ԲԴԽ, իսկ Գագիկ Հարությունյանը տաքուկ տեղավորվեց ԲԴԽ-ում: Ապա Կարեն Անդրեասյանը մտածեց՝ ինքն այսօր ԲԴԽ-ում է, վաղը կարող է չլինել, որովհետև ի՞նչ իմանաս՝ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) նրա վրա առկախված թեմաներին երբ ընթացք կտրվի, իսկ իր «լյուբիմչիկի» երաշխավորված ու անվրդով ապագան պետք է հիմիկվանից ապահովել… Բարեհաջող կերպով Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարցը գլուխ բերելուց հետո տառացիորեն օրեր անց Գագիկ Հարությունյանը զբաղեցրեց վերջինիս տեղն Ավան և Նոր Նորք նստավայրում:
Թվում էր, թե ճակատագրով փոխկապակցվածների արևաշող ապագային ոչինչ չէր սպառնում, սակայն Արցախի վերջնական հանձնումն անցավ նաև Գագիկ Հարությունյանի մայրաքաղաքային կարիերայի կողքով:
168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Երևանի քրեական դատարանի դատավորների կողմից Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի լայնածավալ ակցիաների մասնակիցների համատարած կալանավորումներին: Գրել էինք, որ հայրենի բոլոր իշխանություններին աննախադեպ ծառայություններ մատուցած ու Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնին, ի վերջո, հանգրվանած Մնացական Մարտիրոսյանը (Մացո) անձամբ է դատավորներին հրահանգել կալանքի միջնորդությունները` հրահանգը փաթեթավորելով` դե պետության կայունության համար է… Ի դեպ, Երևանի քրեական դատարանի բոլոր դատավորներին մի քանի գործեր մակագրած Մնացական Մարտիրոսյանը ցույցերով կալանքի միջնորդությունների քննության գործեր չէր մակագրել ընդամենը երկու դատավորի՝ Արման Հովհաննիսյանին և Դավիթ Բալայանին: Երևի վստահ է եղել, որ պետության կայունությունն այս երկու դատավորները մի ոստիկանի ցուցմունքով անձանց կալանավորելու մեջ չեն տեսնում:
Իսկ ահա Գագիկ Հարությունյանը վստահ է եղել, որ ինչ անում է, պետության համար է անում, ու ինքը պետականամետ մարդ է: Բայց կալանքի միջնորդություններից մեկն այնքան բացահայտ փնթի է եղել ներկայացված, որ Գագիկ Հարությունյանը պարզապես տարբերակ չի ունեցել կալանավորելու նշված անձին: Մեր տեղեկություններով՝ որևէ ձևական ապացույց չի եղել, անգամ ոստիկանի ցուցմունքը կցված չի եղել միջնորդությանը, ու Գագիկ Հարությունյանը կալանքի որոշում չի կայացրել:
Հենց սա էլ ճակատագրական է եղել նրա համար, և Երևանի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը նեոմացոյականության տեսության տառին ու ոգուն համապատասխան՝ ամեն ինչ արել է, որ որտեղ պետք է հասցնի՝ Գագիկ Հարությունյանը հրահանգը չի կատարել: Սա, ըստ էության, նաև հարված է՝ ուղղված Կարեն Անդրեասյանին, և վերջինս թերևս սրա պատասխանը մի օր անձամբ կտա Երևանի քրեական դատարանի նախագահին, եթե դրա հնարավորությունն ունենա:
168.am-ի տեղեկություններով՝ հարցն այնքան լուրջ է դրված եղել, որ առհասարակ Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարց է քննարկվել, սակայն Կարեն Անդրեասյանին, այնուամենայնիվ, հաջողվել է փոխադրմամբ լուծել հարցը: Եվ 2023թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-323-Ա հրամանագրով Գագիկ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիմա նա Կոտայքի մարզի 8 դատավորներից մեկն է:
Իսկ Գագիկ Հարությունյանի փոխարեն Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր է նշանակվել Կոտայքի մարզի դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը: