«Արցախահայությունը ենթարկվել է ոչ միայն էթնիկ զտման, այլև մշակութային էթնոցիդի». Լեռնիկ Հովհաննիսյան
Հայրենիքի կորստից հետո մենք կորցնում ենք մեր ինքնության կարևորագույն բաղադրատարրերից մեկը՝ մշակութային ժառանգությունը, լինի նյութական թե ոչ նյութական։ Իսկապես, Արցախի Հանրապետության օկուպացումից հետո մեր հայկական մշակութային ժառանգության մի զգալի հատվածը փաստորեն գտնվում է կորսման եզրին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգության ճակատագրից, ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Արցախի Հանրապետությունը բավականին հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Փոխնախարարի փոխանցմամբ՝ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ ըստ ցուցակների հաշվառված է եղել մոտ 4012 հուշարձան, հաշվառումը շարունակվել է նաև 44-օրյա պատերազմից հետո, հետևաբար՝ հուշարձանների թիվը բավականին մեծ է։
«Դեռ կան չբացահայտված հուշարձաններ, որոնք, ցավոք, այսօր գտնվում են կորսման եզրին։ Այս տարիների ընթացքում աշխարհին մենք ներկայացրել ենք մեր հուշարձանները տարբեր ցուցահանդեսների, ֆիլմերի միջոցով։ Օրինակ, մեր կողմից Արցախի Հանրային հեռուստաընկերությամբ «Մեր երկիր» հաղորդաշարի միջոցով խոսում էինք մեր պատմամշակութային ժառանգության մասին, ներկայացնում էինք գյուղերի պատմական անվանումները, պատմությունները, սովորությունները։ Այսինքն՝ այդ հաղորդաշարը նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արտացոլումն էր, որպեսզի այդ ամենը ներկայացնեինք ոչ միայն հային, այլև օտարին»,- շեշտեց նա։
Լեռնիկ Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ մշակութային յուրացումը կամ մշակութային էթնոցիդն Ադրբեջանի քաղաքականության մեջ նորություն չէ։ Սկսած 1920-30-ական թվականներից, եթե այդ ամենը քողարկվում էր մարտնչող աթեիզմի գաղափարախոսության տակ, երբ հատկապես սկսեցին եկեղեցիների քանդումն ու ավերումը ողջ Խորհրդային Միությունում, իսկ Խորհրդային Ադրբեջանը դա լայնածավալ կատարում էր ոչ միայն ԼՂԻՄ տարածքում, այլև նրա հարակից հայաբնակ շրջաններում՝ Քարհատ, Շահումյան։
«Փաստորեն, այս ամենը հետագայում լայն ծավալ ստացավ մեր պատմամշակութային ժառանգության յուրացմամբ 1950-ականների վերջին և ամբողջական 60-ականներին, երբ Խորհրդային Ադրբեջանը սկսեց իր ժողովրդի ծագման՝ այսպես կոչված, աղվանական սկզբունքի՝ տեսության լույսի ներքո ստեղծեց մի ամբողջական դպրոց, որպեսզի կովկասյան Աղվանքի թե՛ պատմությունը, թե՛ ժառանգությունը յուրացվի իրենց կողմից և իրենք ներկայանան՝ որպես Կովկասի բնիկ ժողովուրդ։ Սկսվեց հայկական, ուդիական, թաթերի, թալիշների, ինչպես նաև իրանական մշակույթի յուրացման գործընթացը։ Հայկական մշակութային ժառանգությունը վերածվեց աղվանականի, նաև ասելով, որ վիմագիր արձանագրությունները սկզբում եղել են աղվանական, հետո հայերը ջնջել են, և դա տեղի է ունեցել 9-10-րդ դարերում։
Այսինքն՝ կային նման զավեշտալի ու ցնդաբանական տեսություններ, որոնք քարոզվում էին Ադրբեջանում, և ադրբեջանական ողջ պատմագիտության, մշակույթով զբաղվողների անմիջական աշխատանքը հենց սրան էր ուղղված՝ աղվանականացնել։ Աղվանականացման տակ եկեղեցիների ձևափոխումը, որը վանդալիզմի երևույթներից մեկն է, օրինակ, վերանորոգման անվան տակ Վանքասարի եկեղեցու նորոգումն էր։ Այս երևույթները 1988 կամ 2020 թվականից չեն սկսվել, այլ ավելի վաղ են սկսվել՝ 1960-70-ականներից։ Ադրբեջանն ամբողջովին քանդեց Ագոլեցոց եկեղեցին և դրա փոխարեն կառուցեց դպրոց, նույն ձևով՝ Մեղրեցոց եկեղեցին, պահպանվել էր միայն խորանը, այն վերածեցին ամառային կինոթատրոնի։ Կամ Կանաչ ժամ՝ սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերածվել էր հանքային ջուր խմելու սրահի»,- պատմեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Այս ամենից զատ, 2020 թվականից հետո Լեռնիկ Հովհաննիսյանի վկայությամբ՝ Ադրբեջանը Ռուս Առաքելական եկեղեցու Բաքվի թեմի հոգևոր որոշ սպասավորների միջոցով սկսեցին կեղծ թեզեր առաջադրել Շուշի եկեղեցու վերաբերյալ։ Եթե մինչև 19-րդ դարը սկսել էին աղվանականացման գործընթաց, ապա դրանից հետո ներկայացնում էին՝ որպես ուղղափառ։
2020 թվականից հետո մեկ այլ գործընթաց սկսվեց և դրա ուսուցիչը նրանց ավագ եղբայրներն են՝ թուրքերը, եկեղեցիները վերածեցին մզկիթների։ Դեռևս 2022 թվականի օգոստոսին համացանցում տարածվեց հաղորդագրություն Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցու վերաբերյալ։
«Կարծում եմ՝ սա հենց այնպես չէր կատարվում, արվում էր, որպեսզի հետագայում հիմք ստեղծվեր իրենց վանդալիզմի և մշակութային էթնոցիդի քաղաքականությունը շարունակելու համար։
Հայկական մշակութային ժառանգության՝ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջազգային կառույցները հերթապահ հայտարարություններից այն կողմ չեն անցել։ Այստեղ հստակ կարող ենք խոսել երկակի ստանդարտների քաղաքականության մասին, կան կազմակերպություններ, որոնք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Աֆղանստանը, որտեղ պատերազմը երբեք չի դադարում, զբաղված են պատմամշակութային հուշարձանների վերականգնմամբ։ Մեր պարագայում, որոշ հանդիպումներից ու հայտարություններից այն կողմ, որևէ բան տեղի չի ունեցել։
Թերահավատ եմ միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև տեսնում եմ իրենց աշխատանքը, քանի որ ցանկացած միջազգային կառույց աշխատում է՝ որպես քաղաքականության մի մասնիկ։
Թեկուզ ՅՈՒՆԵՍԿՕ-ից խումբ գնա Արցախ, մոնիտորինգային աշխատանքներ կատարվեն այնտեղ, չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի։ Մենք տեսանք 2006 թվականին Ջուղայի խաչքարերի ցեղասպանությունը, հետագայում՝ նաև մեր Արցախի օկուպացված տարածքներում տեղի ունեցող վայրագությունները և միջազգային հանրության արձագանքը։
Պատմամշակութային ժառանգությունը մեր ինքնության թիվ մեկ գրավականն է և առհասարակ դա նաև էթնոսի ինքնության ապացույցն է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հետևաբար՝ այսօր արցախահայությունը ոչ միայն ենթարկվել է էթնիկ զտման կամ ցեղասպանության, նաև ենթարկվել է մշակութային էթնոցիդի»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում