Բաժիններ՝

Հայաստան ես փնտրում` Մեղրի հասիր. Զավեն Խաչիկյան

Օրեր առաջ լույս է տեսել լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ամառը գույն ունի» ֆոտոէսսե գիրքը:

Գիրքը արխիվային պատկերներով, Մեղրիի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու որմնանկարների վերատպություններով, հեղինակի լուսանկարներով, նաև` մի քանի էջանոց ներածական տեքստի համադրմամբ պարզ շարադրանք է` ֆոտոէսսե, որի իսկությունը չափվում է զգացմունքների խորությամբ. Հայաստան ես փնտրում` Մեղրի հասիր:

Ինքը՝ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, գրքի մասին գրել է.

«Լուսանկարը խոստանում է լինել ուղեկցորդը ոչմիտեղի, ավելի ստույգ` այդ պահից հեռու մի տեղի` ոչ հետոյի. աղջիկը, կինը, գետը, սահմանապահը այդ պահից հետ էին տեսնվում: Լուսանկարը դեպի առաջ շարժում չի կրում իր ներսում, լուսանկարչությունն ընթացք է դեպի հետ` հենց քո ներսը, մինչդեռ կինոն ամեն պահի ավարտվող հետոն է` քո իսկ կամքով տեղաշարժվող:

Ես դեռ շարժանկար չեմ ստեղծել` մտածեցի ծառին թիկն տված, մի պահ տեսա գետի մեջ ընկած այդ մեծ քարին հանդիպած ջուրը` մի քանի հետընթաց շարժումով հասկացրեց, որ չի ուզում հայացքիցս պոկվել՝ առաջ գնալ, ու հիմա է տեղում պտտվելով փոս անում, սակայն քիչ անց քարի խորքից դուրս պրծած, հուսահատ նա թքոտեց շուրջը, ընթացքի ուղղությունը կորցրած մի անգամ էլ փորձեց նորից հետ շարժվել՝ արդեն հունը փոխած, խառնվեց հեռվից եկող վարար ջրերին ու շարունակեց լինել գետի խաղաղ ջուր»:

Ստորև ներկայացնում ենք Արթուր Անդրանիկեանի հոդվածը Զավեն Խաչիկյանի «Ամառը գույն ունի» ֆոտոէսսէ-ալբոմի մասին, որը տպագրվել է Օհանյան ընտանիքի աջակցությամբ:

Սահմանն անց․․․ անցյալ

Սեփական սահմանները հաղթահարելու մերժումը․․․

Էքզյուպերի

 Եվ անվերջ կիտվող գոգավորության

երկինքների մեջ բարձրացող, իջնող,

սարերի լուսե թագավորության

լռությունն ենք մենք՝ մերթ-մերթ

ընդմիջվող․․․

ԱԱ

․․․առաջին անգամ տեսնելու պահը՝ քնած հովվերգական քաղաքից թաքուն, որ միայն ինքը տեսներ վճիտ՝ մանկություն բուրող աչքերով․․․ հիմա երևի մոռացել է, ե՞րբ տեսավ․ «Ո՞վ է ասել, որ լուսանկարելը տեսնելու արվեստ է», երբ ընկերոջս ասացի, նա տեսավ խոսքիս խորքը։ Հիմա ափսոսում եմ, որ գիրս ակամա կհատի խոսքիս սահմանը, ու ես կդադարեմ Մեղրին դիտել՝ Մեղրիի խորքից։

Այսպես լինում է, չի լինում, երբ հեքիաթում ծվարած քնած դշխուհին հանկարծ արթնանում, տեսնում է, որ իրեն որսացել են գետերի ջրերը ու ալիքված է երազներով։ Ես Մայր Արաքսի քնով տարվել եմ․․․ Նրա ընդերքի կողմից՝ հետահայաց դիտելով Հայաստանի Ոսկե դարպասների մեզ հսկող խաղաղությունը՝ անզինվոր․ անռուս, անբռնազբոս զգայականությամբ, ձկանց հետ խաղ եմ բռնել «մանկցած՝ արևին դէմ» Միսաք Մեծարենցի հայացքով։

Հիմա ո՞րն է այս պարզ պատկերների՝ գրաֆիկական լուծումներով հագեցած նարնջագույն Մեղրու մորմոքների ուրվապատկերների իմաստը, որ Տեսանողի դրդմամբ ես գամվել եմ իբրև Հայաստանի սահմանապա՞հ, թե՞ սահմանազանց աղավնին է Նոյան ծխաքուլաներով ոլորաններ հղանում կիզված ճանապարհներին։

Ո՞վ, ե՞ս, թե՞ աղավնին է մարդկանց դեմքերի անուրախ արտահայտությունները բաժին հանում նրան, ով տակավին այս ընդերքը չի նվաճել և գերին է իր սքանչացումի՝ լիաբաց աչքերով, իբր տեսեք, երկիրը ողջ ու առողջ է թվացյալ տոնախմբությունների տեսարաններում։

Կիսադեմ կտրուկ շրջվող դեմքեր․ կարծես ֆիլմերից կադրեր են շարժվում դանդաղընթաց․ ֆիգուրատիվ գերռեալիզմի աղոթքներ են լսվում Ռընե Շարի ձայնով․ «Օ՜, ամենալերկ կայուն մենություն»։ Այդժամ իր մահվան մեջ հանգստանում էր և ինքզինք կյանքի կոչում այն կամերային նայվածքը, որ սենյակից ներխուժել էր դուրս, իր առաջ ծնրադրած բնությանն էր նմանակում, որ ի՞նչ, ուխտավորների համաքայլ ընթա՞ցքը դիտեր՝ պրկված օբյեկտիվի բիբերով ու խաղաղ լռությամբ ապահովեր իր տեսնելու հետագան։

Այդպես ավանդույթի ուժը այդքան էլ ներգործուն չէ․ ծիսակարգ, ծիսերգություն․․․ բայց սովետական շրջանից անվնասազերծ կենցաղի մշակույթի ստվերները երբվանի՞ց են եռեփվել Շվանի ձորի գինու հորդումով, որ հրամցվում է ոչ իբրև գաղութացված,- գաղութային,- երկրի մարտահրավեր՝ երեխայի հայացքի և ճաքճքած պատերի ընդմեջ ու սովետական Հայաստանի ժպիտով-ժպտալուռ կինը ի՞նչ պատասխանի է սպասել, երբ իրեն չեն նկատել,- նկարել բայը իր ոտքերը կիսածալ արած փլվել է կիր ու ավազ կերած պատի պես,- այսպես է շարունակվել ոչխարների շարժը՝ միջնաբերդված հայացքներով մարդկանց երկրի սահմանի ներսում և անդին, ուր հայության մի ստվար զանգված իր եկեղեցիներում գրաբարյան աղոթքներ այդպես էլ չսերտեց՝ մնալով կիսահայ-կիսաքուն, երբեք Հայրենիքի կարոտից չբորբոքվեց՝ շահավե՞տ, թե՞ անՇահ մնալով․․․

Այսպես են բերքահավաքը չավարտած կնոջ դեմքի ժպիտը գողանում, որ ամենևին սովորական գողոն չէ, այլ ունեցվածքի անխնա վատնում․ օտար թույլտվություն, որ վերստին չերկնչեն Լույսից խուսափած մյուս մարգարեները․ Միքայել հրեշտակապետի ձայնը դեռ չի լսվել և ոչ էլ Հուդայի ծառն է չորացել՝ անավարտ պատերազմի ճանապարհին։ Ի՜նչ դեմքեր են մեզ ժպտացել՝ կեղծաժպիտ, կեղծաբարո այս ճանապարհին ու․․․ թթաթափվել ծառերից աղոթասաց կանանց արցունքների պես․․․

Իմ ուժերից վեր՝ վեր ու վար է անում մի հայացք․ ես տեսնում եմ անզանազանելի ճանապարհներ, և ստիպում ինձ առավել շնչառու դառնալ, շնչելու մեր վատնած տարածքը, անեզրությունը, որ Մոր ընդերքում խեղդվող յոթամյա, թե՞ իննամյա համառությամբ զորում էր աշխարհ գալ՝ տեսնելու ամեն ինչ, գգվելու լույսին․․․ երկինքը առկա է ամենուր․ անցյալը միշտ թիկունքից է հետամուտ՝ վաղեմության ժամկետ չճանաչած։ Լուսանկարների հնաբույրը թթվածին է արթնացնում՝ չապրած տարիները ընդունելու որպես հուղարկավորության ծես ու նվիրագործում, ուր լռությունը առկա տարազակիր ու անտարազ է՝ պարզ, մտերմիկ հայացքներում, որտեղ ինչ-որ կերպ բնութենականությունը մերկանում է կնոջ պես և հանդերձավորվում միաժամանակ։

Ի՞նչն է ստիպում Դիտողին, որ տեսանելու ընթացքում մի պահ շնչարգելություն ապրի կամ դույզն-ինչ հապաղի, մինչև իր տեսաբիբը ընդգրկի ողջ համապատկերը, որտեղ կուտակ-կուտակ խճաքարերը պատն ի վեր կարծես իրենց ճախըրն են երևութականացրել՝ ագուցված քարե հայացքներով։ Կարծես խճապատերն էլ են նոր արթնացել, ինչպես մարդիկ՝ արևածագից առաջ ճպռոտած աչքերով չորս դին զննող։

Սլացքը՝ օբյեկտիվի տեսարանը առարկայացնող, շարունակվում է ամենուր․ մի տեղ կարիմրով ընդգծված վարորդի խոհեմ-դժգոհությունն է դիտարժան՝ պարուրված անհայտության կիսադեմով, մեկ այլ տեղ,-թե՞ այլ բնավայրում,-իրականությունն է, որպես այդպիսին, անողոք՝ մոտիվացնելու ճիգեր դրսևորում՝ ինքն իր կաղապարներից զերծվելու գնով նոր տեսանելիության ընթացք ստանում։

Բայց, մինչ այդ, երբ օբյեկտիվը կիսաշրջուն «տնտղում է» իրականության այլ շերտեր, Ձեռքը ուղորդվում է բնության տեսիլքներ հայտնաբերելու՝ պատուհանից դիտված, թե դեմ առ դեմ նշմարված իրողություններ, կարմրացոլքեր, որոնք մեզ երևակվում են կարծես ներաշխարհային միջնորմից։ Այս կողմ այլ աշխարհ կա, իրական այնքան, որքան թոնրապռնկին կիսաթեք նիրհող, օրվա աշխատանքով պարուրված կնոջ կերպարն է՝ աղոթքի բոցերում իր ապրելու ճիգերին գերեվար․․․

Եվ Սևի, Ճերմակի համադրությունները նույնպես չեն բացասում միմյանց, կամ եթե բացառում են, միայն էսթետիկ գրավչությամբ՝ կյանքի «Ինչպես որ է»-ի լեցունությունը և տաղտուկը ներկայացնելով, այնպես, ինչպես Տեսանողն է կամենում, այսինքն չի խարդախում, որ իր ապրած Պահը, լռությունը չաղարտվի կապույտ հագած սարերի ազնվությամբ։

Այս ամենը մենք չենք տեսնում, գուցե տեսնում ենք մեկ այլ, ինչ-որ անհայտ խորությունից, քանզի գեղանկարչական հեռանկարը միշտ ոգեսնող ու առկա,- Փոքր թաղի համապատկերված բնանկարը՝ հնչեղ, ծառապարուր եկեղեցին էլ կարծես հորանջում է աղոթքի վերջին բառերն արտաբերող աղոթասաց վանականի պես, իսկ վերևից մի ցուցանող Ձեռք մանկության պահապան է իրեն հռչակում՝ զորավիգ երեխաներին և կանանց, որոնք իրենց որդոց մանկությունը շարունակ վերապրելու են։

Ահա, բացարձակ քարեղեն ջրերի ճողփյունն ի վեր, արգելացանցի և տղայի կռիվ՝ փոխզիջում չճանաչող, ու հանկարծ Սևի կաթկթող ջերմություն․․․ Ի՞նչ անուն տալ տեսարանին, ինչպե՞ս բնութագրել ընթացքը շանթարգելք չճանաչող այս վերապրման․ Նա վերապրել է՝ տեսանելով այս ամենը՝ նախ և առաջ, հետո է միայն ներգրավվել իրականության խարդավանքներին, և դժգոհ է չափազանց, որ հեռացել է իր մանկությունից, մշուշվել հիշողությունների ցանցերում, որտեղ ծառազարդ դարպասները իր առջև գոց են, քարերի շարքը, դդմաշարանները՝ անհուսալիորեն հեռու-հեռատարած։ Իր կոպերին թառած խոնավությունը հուշում է, որ գոյություն ունի ափաչափ տարածք մանկություն ու բույրերը անթառամ, կիսադեմերը, մոլորված տների համապատկերը, կոշտ-հողագործված ձեռքերը դեռևս կարկառված են կանչում, նույնիսկ կենցաղային իրերի գեղարվեստականացում ապրելով՝ անցյալը և ներկան այնքան էլ հաշտ չեն, որ այս ամենը ոչ թե լուսանկարելու հաճույք պատճառի իրեն,- դաժան ու չհոգնեցնող հաճույք,- այլ որպես Տեսանող՝ ինքը գերեվարվի մասնակիով և ամբողջով, որ պահի գիտակցված թելադրանք չդիտվի իր խիզախումը, ոչ էլ «մտացածին» իրավիճակների կապկում, այլ պատմական ժամանակագրությունը,- թե՞ ժամերգությունը,- գեղանկարչորեն հագեցած մթնոլորտով ընդգրկի ամենն այս․ որևէ մեկը գիտի՞ այս մասին, քեզնից զատ, Զավեն Խաչիկյան։

Արթուր Անդրանիկեան

12-27 ապրիլ, 2023, Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս