Դադարել են դրսից փողերը բերել Հայաստան
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, երբ Ռուսաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ, այդ երկրից սկսվեց ֆինանսական միջոցների մեծ արտահոսք։ Բավական խոշոր գումարներ եկան նաև Հայաստան։ Մի մասը Հայաստանի միջոցով հայտնվեց այլ երկրներում կամ ուղղվեց ռուսական շուկա՝ վերարտահանումների ֆինանսավորմանը, իսկ մյուս մասը, որպես ավանդ, դրվեց բանկային համակարգում։
Դրա արդյունքում անցած տարի արձանագրվեց բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների հսկայական աճ։
Անցած տարվա վերջին ոչ ռեզիդենտների ավանդները Հայաստանի բանկային համակարգում հասան ռեկորդային 3,6 մլրդ դոլարի։ Դրամային արտահայտությամբ դրանք ավելացան 549 միլիարդով, ինչն այն ժամանակվա փոխարժեքով համարժեք էր շուրջ 1 մլրդ 390 մլն դոլարի։
Սակայն նման կտրուկ աճից հետո, այս տարի դրսից գումարների կուտակումը մեր բանկերում կանգ է առել։ Ոչ ռեզիդենտները դադարեցրել են իրենց փողերը տեղափոխել Հայաստան։ Տարեսկզբին նույնիսկ բավական խոշոր արտահոսք նկատվեց, ինչն արտահայտվեց ավանդների տեսքով բանկերում ոչ ռեզիդենտների պահած գումարների կրճատմամբ։
Կրճատումը սկսվեց հունվարից, բայց անհամեմատ ավելի մեծ տեմպով դրսևորվեց հատկապես փետրվարին։ Այդ ամսին հայաստանյան բանկերում պահվող ոչ ռեզիդենտների ավանդները նվազեցին միանգամից ավելի քան 264 մլն դոլարով։
Հաջորդող ամիսներին ոչ ռեզիդենտների ավանդների տեղափոխումը բանկերից այլևս չվերականգնվեց։
Հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ դրանք կազմում են 1 տրիլիոն 281 մլրդ դրամ, ինչը 147 միլիարդով ավելի քիչ է, քան անցած տարվա վերջին էր։ Եթե վերածենք դոլարի, ապա կստացվի 360-370 մլն դոլար։
Այս տարվա ընթացքում ոչ ռեզիդենտների ավանդները հայաստանյան բանկերում այդքանով կրճատվել են։ Դրա վրա, իհարկե, կա նաև փոխարժեքի փոփոխության որոշ ազդեցություն, բայց նույնիսկ այդ պարագայում ոչ ռեզիդենտների ավանդների կրճատումն ակնհայտ է։
Ոչ միայն չկա տեղափոխվող գումարների նախորդ տարվա ակտիվ ավելացումը, այլև տեղի է ունեցել արտահոսք։ Գումարների մի մասը հանել են բանկերից։
Ի՞նչ նպատակով, դժվար է ասել։
Գուցե տեղափոխել են այլ երկրներ, գուցե և ծախսել են։ Հայտնի է, որ հակամարտության սկզբում Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիների մի մասը հեռացել է։ Ենթադրվում է, որ տարել է նաև իր հետ բերած այն գումարը, որը ավանդ էր դրել Հայաստանի բանկային համակարգում։
Փաստն այն է, որ բանկային համակարգում այլ երկրների քաղաքացիների ավանդադրած գումարները դադարել են ավելանալ։ Թեև դրանք շարունակում են զգալիորեն գերազանցել նախորդ տարվա մակարդակը, այնուհանդերձ տարբերությունը տարեսկզբի համեմատ բավականաչափ փոքրացել է։
Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են 290 մլրդ դրամով։
Տարեսկզբին տարբերությունը 517 միլիարդ էր։
Առաջիկայում այն էլ ավելի կսեղմվի, եթե հաշվի առնենք, որ դրսից գումարների ակտիվ հոսքը սկսվեց հատկապես անցած տարվա երկրորդ կեսին։
Հայտնի դեպքերից հետո Ռուսաստանից խոշոր մուտքեր արձանագրվեցին Հայաստանի բանկային համակարգ, բայց իշխանությունները, խոսելուց բացի, այդպես էլ ոչինչ չկարողացան անել այդ գումարները ներքին տնտեսության զարգացումներին ծառայեցնելու համար։
Ոչ միայն պայմաններ չստեղծեցին դրանք ներդրումների վերածելու, այլև տնտեսության վերազինում իրականացնելու համար։ Այդ գումարները եկան ու կախվեցին բանկերում, ինչի հետևանքով մեծ խզում առաջացավ բանկային ավանդների ու վարկերի միջև։ Փողը կուտակվեց բանկերում, բայց չմտավ տնտեսություն։
Այսօր էլ այդ գումարների մի մասը շարունակում են բանկերում կախված մնալ։
Բանկային ավանդներն ավելի քան 1 տրիլիոն դրամով գերազանցում են բանկային վարկերին։
Խոսքն ավելի քան 2,5 մլրդ դոլարին համարժեք միջոցների մասին է։
Վերջին տվյալներով, բանկային ավանդները կազմում են 5 տրիլիոն 346 մլրդ դրամ, իսկ վարկերը՝ 4 տրիլիոն 290 մլրդ դրամ։
Աբսուրդ է, երբ ավանդները գերազանցում են վարկերին։ Բայց Հայաստանի բանկային համակարգում արդեն մեկ-մեկուկես տարի է, այդպես է։ Թեև վերջին շրջանում, երբ ոչ ռեզիդենտների ավանդները դադարել են աճել, ավանդների ու վարկերի տարբերությունը կրճատվել է։
Տարեսկզբին ավանդները 1 տրիլիոն 327 միլիարդով էին գերազանցում վարկերին։
Սա նշանակում է, որ չնայած արձանագրվող բարձր տնտեսական աճերին, մեր տնտեսությունն ի վիճակի չի եղել կլանել առաջարկվող ֆինանսական միջոցները։ Տնտեսության որոշ հատվածներում վարկային ներդրումները նույնիսկ կրճատվել են։ Դրանցից ամենակարևորը, թերևս, եղել է արդյունաբերությունը։
Արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը կրճատվեց անցած տարի, շարունակել է կրճատվել նաև այս տարի։
Անցած տարվա վերջին բանկերի վարկային ներդրումներն արդյունաբերության մեջ կազմում էին գրեթե 515 մլրդ դրամ, այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ կազմել են 511 միլիարդ։ Եվ դա տեղի է ունեցել տարվա առաջին ութ ամիսներին բանկերի վարկային պորտֆելի ավելի քան 495 մլրդ դրամով ավելացման պայմաններում։ Այդ գումարների մեծ մասը գնացել է գերազանցապես երկու ուղղությամբ՝ սպառողական և հիփոթեքի շուկաներ։
Ութ ամսում հիփոթեքային վարկերն ավելացել են 134 մլրդ դրամով և հասել են 983 միլիարդի։
Տրիլիոնի սահմանն անցել են սպառողական վարկերը։ Տարվա ընթացքում բանկերի նման վարկերի պորտֆելը ևս ավելացել է 134 մլրդ դրամով։
Այս ցուցանիշները վկայում են, որ բանկերի վարկային ներարկումների գրեթե կեսը կենտրոնացված է հիփոթեքի ու սպառողական վարկերի շուկաներում։ Խոսքն ընդհանուր առմամբ ավելի քան 2 տրիլիոն դրամի կամ շուրջ 5 մլրդ դոլարի բեռի մասին է, որը կուտակվել ու շարունակում է ծանրանալ տնային տնտեսությունների, այլ կերպ՝ քաղաքացիների վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ