Նույնիսկ շունչ քաշելու հնարավորություն չեն ուզում տալ
Թվում էր, թե հայրենազրկվելուց, տուն ու տեղ կորցնելուց հետո Հայաստանի իշխանությունները պետք է բոլոր հնարավոր միջոցներով կանգնեին արցախցիների կողքին։ Հոգային գոնե նրանց նվազագույն կարիքները, պատսպարվելու տարրական հնարավորություններ տային, մինչև, այդքան արհավիրքներից հետո, այդ մարդիկ կարողանային ուշքի գալ, հասկանային, թե ինչ է կատարվել իրենց հետ, որոշեին իրենց հետագա անելիքները։
Բայց դա էլ չեն անում։ Թողել են բախտի քմահաճույքին։
Մի մասին մի կերպ տեղավորեցին ժամանակավոր կացարաններում, որտեղ երբեմն ապրելու նվազագույն պայմաններ չկան, ու մի կողմ քաշվեցին։ Շատերը նույնիսկ այդ պայմաններում են պատրաստ ապրել, քանի որ այլ հնարավորություններ չունեն, բայց ստիպված դուրս են գալիս։ Ոչ թե իրենց կամքով, այլ հարկադրված, պարտադրում են դուրս գալ։
Այդ մարդիկ դուրս են գալիս ժամանակավոր կացարաններից ու չեն կարողանում բնակարան գտնել ապրելու համար։ Վարձերն այնքան են բարձրացել, որ անգամ ազատ բնակարան գտնելու դեպքում չեն կարողանում վարձակալել։ Ովքեր էլ ստիպված վարձակալում են, վաղը կանգնելու են վարձերը վճարելու խնդրի առաջ։ Դեռ չհաշված սննդի ու մյուս ծախսերը։
Այնպես չէ, որ միայն բնակարանների վարձերն են Հայաստանում բարձր։ Ամեն ինչն է չափից դուրս թանկ։ Ու այդ մարդիկ, որ զրկվել են իրենց ունեցվածքից, ստիպված են ապրել այս պայմաններում՝ բնակարան վարձել, կենցաղային ապրանքներ հայթհայթել, սնունդի հարցերը լուծել։
Կառավարության տված 100 հազար դրամ միանվագ օգնությունը, որը մեծ բան չէ, մինչև հիմա շատերը չեն էլ ստացել։ Սիրում են օրինակ բերել բազմազավակ ընտանիքների վրա. ասում են՝ 10 հոգանոց ընտանիքը կստանա 1 մլն դրամ։ Դրանով կարող է և՛ բնակարան վարձել, և՛ սննդի հարցերը լուծել։
Իսկ ի՞նչ պիտի անեն այն ընտանիքները, որոնք ոչ թե 10, այլ 2 հոգի են։ Երկու հոգուն տրված միանվագ 200 հազար դրամով բնակարանի վարձակալության փո՞ղը տան, թե՞ սնունդ, նաև կենցաղային մանր-մունր ապրանքներ գնեն։ Ասենք՝ մեկ ամիս դրանով ապրեցին, հետո ի՞նչ են անելու։
Կոմունալի համար կառավարության խոստացած 50-հազարական դրամները ևս մեծ բան չեն փոխում՝ հատկապես ձմռան շեմին։
Պետք է մտածել այս մարդկանց աշխատանքով և մշտական եկամուտներով ապահովելու մասին։ Այլապես կառավարության տված մեկամսյա միանվագ 100 հազար դրամները շուտով կսպառվեն, ու մարդիկ կբախվեն շատ ավելի լուրջ խնդիրների հետ։ Առավել ևս, որ կառավարությունը չի փայլում իր առատաձեռնությամբ և հետո էլի շարունակելու է 100-հազարական դրամներ տրամադրել։ Սովորության համաձայն, ավելի շատ փորձում են տպավորություն ստեղծել տրված ֆինանսական օժանդակություններով, քան դրանց իրական արդյունքն է։ Այնպես են ներկայացնում, կարծես մեծ լավություն են արել՝ փողն իրենց սեփական գրպանից են տվել։
Հայտնի է, որ այս ընթացքում տարբեր երկրներից արցախցիներին միլիոնավոր դոլարների օգնություններ են տրամադրվել՝ 11 մլն դոլար ԱՄՆ-ից, 10,4 մլն եվրո՝ Եվրահանձնաժողովի կողմից, 2,5 մլն՝ Կանադայից, 1,5 մլն ֆրանկ՝ Շվեյցարիայից, բազմաթիվ այլ երկրներից։ Հատուկ հաշիվ է բացվել՝ ներսի գործարարների ու բարերարների կողմից ֆինանսական օժանդակությունների համար։
Ո՞ւր են այս գումարները, ոչ ոք չգիտի։ Կառավարությունը ոչ մի հաշվետվություն չի տվել դրանց վերաբերյալ։
Չի բացառվում՝ վաղը պարզվի, որ մինչև հիմա կատարված ծախսերը փոխհատուցվել են հենց այդ գումարների հաշվին, իսկ կառավարությունը դա ներկայացրել է՝ որպես իր կողմից Արցախի մեր հայրենակիցներին արված մեծագույն լավություն։
Տեսնում ենք, թե իշխանություններն ինչքան բարեգթորեն են տրամադրված արցախցիների նկատմամբ։
Որոշել են կտրել Արցախի պետական համակարգերում զբաղվածների աշխատավարձերը, որոնք նախատեսել էին վճարել մինչև տարեվերջ։
Կառավարությունը արգելանք է դրել Արցախի բյուջեի գումարների իրացման վրա։
Ուզում են պատժել Արցախի իշխանություններին, ստիպել չհակադրվել, լուռ ենթարկվել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված ու իրականացվող կործանարար քաղաքականության տրամաբանությանը։
Դա էր պատճառը, որ վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան ինտեսիվ գրոհ էր կազմակերպել Արցախի իշխանությունների նկատմամբ, տեղեկություններ էր տարածում՝ Արցախի բյուջեի գումարները յուրացնելու ու չարաշահումներ կատարելու վերաբերյալ։ Ի պատասխան դրանց՝ Արցախի իշխանությունները ստիպված եղան մեկ առ մեկ հաշվետվություն ներկայացնել բյուջեում եղած գումարների ու դրանց տեղաշարժերի վերաբերյալ։
«Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ: Բյուջետային համակարգի մասին օրենսդրությանը համապատասխան՝ հավաստագրված ստացողների ստորագրություններով, կատարված ծախսերը ներկայացնում ենք հետևյալ բացվածքով.
1. Աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների (260 միլիոն դրամ) մասնակի տրամադրում այն աշխատակիցներին, ովքեր փաստացի աշխատանք էին կատարում հանրապետության տարածքում (Նախագահի աշխատակազմ, կառավարության գործերի կառավարչություն, ՊԲ, ՆԳՆ ոստիկանություն, ԱԻՊԾ, ԱԱԾ, Քննչական կոմիտե, առողջապահական հիմնարկներ),
2. Նախկինում կատարված շինարարական աշխատանքների դիմաց քաղաքաշինության նախարարության՝ 18 ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարում (83,5 միլիոն դրամ),
3. Երկրի շրջափակմամբ պայմանավորված՝ մսի արժեքի սուբսիդավորման նպատակով տարբեր տնտեսավարողների հանդեպ գյուղատնտեսության նախարարության ունեցած պարտավորությունների մարում (շուրջ 96 միլիոն դրամ),
4. Ռազմական գործողություններից հետո բնակչության տարհանման նպատակով տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարում և զոհվածների հուղարկավորության համար կատարված ծախսեր (23,5 միլիոն դրամ):
Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում»,- հայտարարեց Արցախի տեղեկատվական շտաբը։
Ի դեպ, Հայաստանի իշխանությունները մտադիր են ֆինանսավորումից զրկել և փակել նաև Արցախի տեղեկատվական շտաբը, պարտադրում են դիմումներ գրել։ Տեղեկություններ կան, որ դիմումներ են պարտադրում գրել նաև Արցախի տարբեր պետական հիմնարկներում զբաղված քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են Հայաստան և Հայաստանում են փորձում կազմակերպել իրենց աշխատանքը։
Այսպես են հոգում իրենց հող ու ջրից, ապրուստի միջոցներից զրկված արցախցիների հոգսերը։ Նույնիսկ շունչ քաշելու ժամանակ չեն ուզում տալ։ Ամեն ինչ արեցին նրանց հայրենազրկելու համար, հիմա էլ զրկում են ապրելու նվազագույն պայմաններից ու հնարավորություններից։
Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Այն պարագայում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում»: Տեսնում ենք, ինչպես են ամեն ինչ անում, որ մարդիկ մնան։ Արդեն 2,5 հազարը, ինչպես կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, գնացել է Հայաստանից։ Սա է իշխանությունների ամեն ինչ անելու արդյունքը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ