Արցախից բռնի տեղահանվածներից չեն ցանկացել ապրել Ներքին Հանդում՝ սահմանամերձ է, մտավախություն ունեն. Խաչատուր Բաղդասարյան

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նախ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության և նրա 120 հազար խաղաղ բնակիչների դեմ, ապա ցեղասպանության և էթնիկ զտման սպառնալիքի տակ Արցախի բնակիչները պարտադրված լքեցին իրենց հայրենիքը։ Իսկ մինչ բռնի տեղահանությունն Ադրբեջանը սպանել ու խոշտանգել է բազմաթիվ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, տասնյակ մարդկանց գերեվարել ու տեղափոխել են անհայտ ուղղությամբ։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո, այսօր արցախահայերը սփռված են ողջ Հայաստանով, թեպետ խուսափում են սահմանամերձ շրջաններում հաստատվելուց, քանի որ այդ հատվածներում թշնամու զինուժն է կրկին կանգնած։

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը թշնամու դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում,  բնականաբար, որևէ արցախցի չէր ցանկանա այդտեղ ապրել, որովհետև չեն ուզում կրկին հայտնվել թշնամու կրակոցների տակ։

168.am հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղը կարող էր ընդունել մի  քանի ընտանիքի, եթե բռնի տեղահանված արցախցիները ցանկանային, սակայն նրանք չեն ցանկացել, և դա հասկանալի է։

Կարդացեք նաև

«Եթե մեր հայրենակիցները ցանկանային, մենք էլ մեզ նեղություն տալով՝ նրանց կտեղավորեինք գյուղում, բայց դե Ներքին Հանդը սահմանամերձ է, մտավախություն ունեն։

Ճիշտ է, արդեն երկու շաբաթ է, որևէ կրակոց չկա, բայց դե բոլորն էլ գիտեն, որ դրանից առաջ թշնամու թիրախում ենք միշտ եղել»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հարցին՝ բնակիչները կրկին չե՞ն կարողանում այցելել գերեզմանոց, Խաչատուր Բաղդասարյանը պատասխանեց.

«Մեկ տարուց ավելի է՝ մեր գյուղի բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին, այն թշնամու նշանառության տակ է»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Հայաստանի վրա և Ներքին Հանդի հատվածում առաջ էր եկել՝ օկուպացնելով մի քանի կիլոմետր տարածք, նշանառության տակ է պահում նաև գյուղի գերեզմանոցը։

Տեսանյութեր

Լրահոս