«Մեր արտահանման միայն 40 տոկոսն է գնում Ռուսաստան, տնտեսվարողներն աշխատում են, որևէ խնդիր չկա». Վահան Քերոբյան
Այսօր Երևանի քաղաքապետի երդման արարողությունից հետո լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ լուրեր կան, որ ՌԴ-ն հայկական ապրանքները բոյկոտում է, և տնտեսվարողներին ասել են, որ ապրանք չեն ընդունելու՝ մտավախություն չկա՞, որ ռուսական շուկան կարող են կորցնել։
«Մեր արտահանման միայն 40 տոկոսն է գնում Ռուսաստան, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա։
Լարսի անցակետում էլ որևէ հերթ չկա, ուզում եմ հիշեցնել, որ անցած տարվա հունիսից հետո, իմ և ՌԴ-ի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի պայմանավորվածություններից հետո, Լարսի անցակետը նոր ուղիներ է բացել, հեշտացվել են պրոցեսները, և հիմա այնտեղ երկար ժամանակ է…»,- նշեց Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ մեքենաները հերթի մեջ են եղել ընդամենը երկու օր։
Ինչ վերաբերում է բենզինի գներին, նախարարն ասաց, որ իրենց դիմումը՝ գների հետ կապված, որոշակիորեն բավարարվել է։ Իսկ թե գները կնվազե՞ն, թե՞ ոչ, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ չի կարող ասել, գները կախված են շուկայից։