«Անկախ Հայաստանում երբեք այսքան քաղբանտարկյալ չի եղել. Դուք կամ ձեզանից շատերը սա չեք նկատում… կամ չնկատելու եք տալիս». Կարեն Քոչարյանը՝ դիվանագիտական և միջազգային կառույցներին
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոսքս ուղղում եմ բացառապես Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական և միջազգային կառույցներին:
Հարգարժան տիկնայք և պարոնայք, Անկախ Հայաստանում երբեք այսքան քաղբանտարկյալ չի եղել: Սա ասում եմ միայն այն բանի համար, որ Դուք կամ ձեզանից շատերը սա չեք նկատում… կամ չնկատելու եք տալիս… ինչպես չնկատելու տվեցիք արցախահայության սպանդն ու Արցախի էթնիկ զտումը:
Երբ նման կացնային կերպով է վարվում Ռուսաստանը, դա հասկանալի է: Նրանք այլ ձև չգիտեն: Բայց երբ, այսպես կոչված, ժողովրդավարության ռահվիրաներն են իրենց դնում ջայլամի տեղ, սկսում է անհասկանալի դառնալ ամեն ինչ:
Ես ամենևին ռոմանտիկ չեմ և հասկանում եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին սպասարկում է իր երկրի շահերը: Բայց ցինիզմին էլ չափ ու սահման կա: Չէ՞ որ դուք միշտ գերադասել եք աշխատել երիտասարդների հետ:
Այդ նույն երիտասարդությունն արդեն չի հավատում Ձեզ և Ձեր այսօրվա ժողովրդավարությանը: Եվ չզարմանաք, որ մի գեղեցիկ օր աշխարհի երիտասարդությունը արևմտյան «ժողովրդավարության» և ռուսական «տապոռի» միջև ընտրի չինական ճիշտ պրագմատիզմը»: