Կարեն Անդրեասյանի աչքերն ու ականջները՝ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը ընտրում էր Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների: Դատավոր անդամների ընտրությանը զուգահեռ՝ ընտրվում էր նաև Հանձնաժողովի ոչ դատավոր անդամը, որը, օրենքի պահանջի համաձայն, պետք է ներկայացված լիներ որևէ հասարակական կազմակերպության կողմից:

Այդ օրը Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամ Անի Չատինյանը չընտրվեց Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:

Դրանից ուղիղ 20 օր անց՝ սեպտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի որոշմամբ՝ 4 տարի ժամկետով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել Էլինա Գյուրջյանին:

Այս ընտրությունն ուշագրավ է նրանով, որ տապալելով Հանձնաժողովի դատավոր անդամի այնպիսի թեկնածու պեղելու գործընթացը, ով ամբողջովին կկատարեր Կարեն Անդրեասյանի հանձնարարությունները, Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց զույգը հարցի լուծման իր տարբերակն է գտել՝ ի դեմս Էլինա Գյուրջյանի:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ Էլինա Գյուրջյանը, ով փաստաբան Դավիթ Գյուրջյանի կինն է, ԲԴԽ անդամ, Կարեն Անդրեասյանի մտերմուհի Երանուհի Թումանյանցի ընկերուհին է, և երբ վերջինս դեռևս արդարադատության փոխնախարար էր, որպես փորձագետների՝ բավականին սերտ համագործակցել է Էլինա և Դավիթ Գյուրջյանների հետ:

Հիշեցնենք, Դավիթ Գյուրջյանը՝ որպես փաստաբան, առավել հայտնի դարձավ 2016թ. ՊՊԾ գնդի վրա հարձակումից հետո գնդի տարածք մտած, «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո: Նա Հաց բերողին պաշտպանում էր փաստաբան Տիգրան Եգորյանի և ՍԴ ներկայիս դատավոր Վահե Գրիգոյանի հետ միասին:

«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի և Արթուր Վանեցյանի (այն ժամանակ աշխատում էր ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում) վարած բանակցությունների արդյունքում «Սասնա ծռերը» որոշում կայացրեցին վայր դնել զենքերը և հանձնվել ԱԱԾ-ին, Հաց բերողի նկատմամբ ևս մեղադրանք առաջադրվեց. նա մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ, կալանավորվեց։ Կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու հիմքով Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց, ապա վերջինս կրկին կալանավորվեց, երբ չէր ներկայացել հարցաքննության: Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ փաստաբանները թույլ չէին տվել: Երկրորդ անգամ կալանավորված լինելուց հետո 25 օր հացադուլի մեջ գտնվող Հաց բերողը երկրորդ անգամ ազատ արձակվելուց 10 օր անց մահացավ «Արմենիա» ԲԿ-ում:

Այս պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Նախկին ընդդիմադիր ներկայիս իշխանավորները սկսեցին մեղավորներ նշանակել անձանց, ովքեր առհասարակ չէին կարող մեղավոր լինել Հաց բերողի մահվան մեջ, և ընդհակառակը, հարցեր չէին տալիս նրա պաշտպաններին, ովքեր թերևս առաջինը պիտի շահագրգիռ լինեին, որ Արթուր Սարգսյանի՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության խնդիրն անդադար բարձրաձայնվի:

Հաց բերողի մահվան հանգամանքների հետ կապված պատմության մանրամասներին կարելի է ծանոթանալ Yerevan.Today-ի հրապարակման մեջ:

«2016թ. դեկտեմբերի վերջին Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց, և նա առաջին անգամ կալանքից ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին ոչ թե իր փաստաբանական թիմի ջանքերով, այլ որովհետև Բեխտերևի հիվանդությամբ «Հաց բերողի» տառապանքի մասին առաջինը վարույթ իրականացնող մարմնին պատշաճ տեղեկացրեց մի հասարակական կազմակերպություն։ «Հաց բերողի» անազատության մեջ գտնվելը ու նրա կյանքին սպառնացող վտանգը անհանգստացրել էր «Ազատություն և հայրենիք» հիմնադրամին, որի ղեկավար Արուսյակ Հայրապետյանը 2016 թ.-ի հոկտեմբերից մանրամասն հետաքրքրվել էր Արթուր Սարգսյանի գործով և նույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական մարմիններին ներկայացրեց նամակ` իրազեկելով, որ 2016 հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ և որի առկայության դեպքում չի կարող կիրառվել կալանավորումը»,- մասնավորապես նշված էր այդ հրապարակման մեջ:

Ի դեպ, «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանը և Թեհմինե Ենոքյանը նաև Փաստաբանների պալատ էին դիմել առ այն, որ իրենց հիմնադրամի շահառու Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի ընտանիքի անդամների հավաստմամբ՝ նրա հիվանդության մասին համապատասխան փաստաթղթերը հանձնվել են Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանին, մինչդեռ, նշված տեղեկատվությունը փաստաբանն իրավասու մարմիններին չի ներկայացրել։

Դիմողները նաև անհանգստություն էին հայտնել այն մասին, որ Արթուր Սարգսյանի փաստաբանն առանց ներքին ատյանները սպառելու, դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Դիմելով Պալատ՝ Դիմողները խնդրել են միջոցներ ձեռնարկել փաստաբան Տիգրան Եգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և Պալատը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Տիգրան Եգորյանին:

Սա իմիջիայլոց…

Ակնհայտ է, որ Կարեն Անդրեասյանը Էլինա Գյուրջյանի ներկայության գործոնը Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում կփորձի օգտագործել իր համար շահեկան նպատակներով: Թե որքանով կստացվի, դժվար է ասել:

Նկատենք նաև, որ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի՝ Էլինա Գյուրջյանի թեկնածությունը առաջադրել է «Transparency International» Հակակոռուպցիոն կենտրոնը: Այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցման, տեղեկացրեցին ԲԴԽ-ից:

 

Տեսանյութեր

Լրահոս