Իսրայելում հայերի շրջանում մինչ այս պահը տուժածներ չկան. Հակոբ Անդրեասյան
«Իսրայելում հայերի շրջանում մինչ այս պահը տուժածներ չկան,- 168.am-ի հետ զրույցում իր տեղեկությունները փոխանցեց երուսաղեմաբնակ Հակոբ Անդրեասյանը՝ մանրամասնելով,- Երուսաղեմում հանդարտ է, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ. երկիրը պարալիզացված է՝ մարդիկ աշխատանքի չեն գնում, փակ են խանութները, շուկաները, ճանապարհներին մարդիկ չկան:
Ռազմական գործողությունները Հարավային շրջանում են կատարվում, երկու կողմից էլ բավական զոհեր կան: Բայց այն շրջանում, որտեղ պատերազմ է ընթանում, մենք հայեր չունենք: Սդերոտ քաղաքում, որ շատ մոտ է այդ շրջանին և գրավված էր պաղեստինցիների կողմից, 2-3 ընտանիք հայեր կային, որոնք արդեն տեղահանվել են: Իմ տեղեկություններով, մոտակա շրջաններում, որտեղ հասնում են հրթիռները, հայերն իրենց ապաստարաններում են»:
Հակոբ Անդրեասյանը նշեց, որ շաբաթ օրը Երուսաղեմի վրա արձակված հրթիռներից տուժել են քաղաքի ծայրամասերը. հայերով բնակեցված թաղամասը Հին քաղաքում է, և այդտեղ հրթիռներ չեն ընկել:
«Երկու օր է՝ Երուսաղեմի վրա ռմբակոծում չկա, իսկ այս ընթացքում, երբ մենք զրուցում ենք, արդեն ռազմական օդանավերի ձայնն ենք լսում, որ գնում են ռմբակոծելու պաղեստինյան դիրքերը:
Ուզում եմ այստեղ շեշտել՝ առաջին անգամն է, որ պաղեստինցիներն այսքան մեծ ուժով հարձակում գործեցին Իսրայելի սահմաններից ներս, և մինչ օրս արդեն մի քանի տեղեր գրավել են: Իսրայելի բանակն արդեն զորահավաք է հայտարարել։ Մոտ 100 հազար զինվոր արդեն մեկնում են այդ շրջանները՝ հետ վերադարձնելու գրավված տարածքները»,- հավելեց նա:
Ի դեպ, իսրայելաբնակ մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ Պաղեստինում հայեր գրեթե չկան. շատ քիչ թվով հայեր են ապրում Բեթղեհեմում, Ռամալլահում, որոնք հեռու են հակամարտության օջախներից:
«Ես հետևում եմ, կապեր ունեմ, ինձ տեղեկություններ են հասնում՝ մինչ օրս, փառք Տիրոջ, մենք՝ հայերս, տուժածներ չունենք:
Մենք էլ մտահոգված ենք մեր Հայաստանով, մեր Արցախով, Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի»,- ամփոփեց նա:
Նշենք, որ միջազգային տարբեր շրջանակներ են արձանագրել, որ Իսրայելի դեմ այս հարձակումն աննախադեպ էր վերջին հինգ տասնամյակների կտրվածքով։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 493-ի. այս մասին էլ հաղորդել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահական իշխանություններին։
Ավելի քան 2750 մարդ վիրավոր է։
Al Jazeera-ի թղթակիցը Գազայի հատվածից հաղորդում է, որ գիշերն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Յարմուկ բնակավայրից հազարավոր մարդիկ են տարհանվել։ Հոկտեմբերի 9-ի առավոտվա տվյալներով՝ Գազայում ներքին տեղահանվածների համար ՄԱԿ-ի հաստատությունում օթևան փնտրող մարդկանց թիվը հասել է 100 000-ի։
«Համաս» շարժման զինյալների և Իսրայելի միջև ինտենսիվ մարտերը շարունակվում են արդեն երեք օր։ Ըստ Al Jazeera-ի՝ հրազենային մարտեր են ընթանում հիմնականում Կարմիա կիբուցում և Աշկելոն ու Սդերոտ քաղաքներում։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Գազայի ցանկապատի մոտ հավաքել են 100 000 պահեստային զինվորների։
Իսրայելական կողմի զոհերի թիվը հասել է 700-ի։ Ըստ «Համաս»-ի պաշտոնյաներից մեկի՝ խմբավորումն ավելի քան 100 մարդու գերի է պահում Գազայում։
Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։