Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 493-ի․ Իսրայելի և «Համաս»-ի միջև մարտերը շարունակվում են արդեն երրորդ օրը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 493-ի։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահական իշխանություններին։
Ավելի քան 2750 մարդ վիրավոր է։
Al Jazeera-ի թղթակիցը Գազայի հատվածից հաղորդում է, որ գիշերը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Յարմուկ բնակավայրից հազարավոր մարդիկ են տարհանվել։ Հոկտեմբերի 9-ի առավոտվա տվյալներով՝ Գազայում ներքին տեղահանվածների համար ՄԱԿ-ի հաստատությունում օթևան փնտրող մարդկանց թիվը հասել է 100 000-ի։
«Համաս» շարժման զինյալների և Իսրայելի միջև ինտենսիվ մարտերը շարունակվում են արդեն երեք օր։ Ըստ Al Jazeera-ի՝ հրազենային մարտեր են ընթանում հիմնականում Կարմիա կիբուցում և Աշկելոն ու Սդերոտ քաղաքներում։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Գազայի ցանկապատի մոտ հավաքել են 100 000 պահեստային զինվորների։
Իսրայելական կողմի զոհերի թիվը հասել է 700-ի։ Ըստ «Համաս»-ի պաշտոնյաներից մեկի՝ խմբավորումն ավելի քան 100 մարդու գերի է պահում Գազայում։
Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։