«Այլևս հնարավոր չէ չտեսնել, որ ՀՀ իշխանությունները ՀՀ պետության գոյության գլխավոր սպառնալիքն են դարձել իրենց վտանգավոր քաղաքականությամբ»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ինչպես և կանխատեսելի էր, Արևմուտքի լռության ներքո Արցախի հարցը «փակելուց» հետո, հիմա Ալիևն արդեն արագորեն կանխում է Շառլ Միշելի հետագա միջնորդությունը:

Ինչո՞ւ, որովհետև Արևմուտքի լռության գինը դա «Խաղաղության պայմանագրի» ստորագրում էր, ինչը Ալիևը չի ցանկանում: Ադրբեջանին պայմանագիր պետք չի, պետք է գործընթաց, որի միջոցով կհասնի իր մաքսիմալիստական նպատակների իրագործմանը: Արցախի հարցը դա առաջին փուլն էր: Հիմա արդեն պարզ տեքստով խոսում են տարածքային նոր հավակնությունների մասին:

Դրա հետ զուգահեռ Ալիևը մեկնում է Վրաստան, ինտենսիվ այցեր են տեղի ունենում Իրանի հետ: Պարզ երևում է, որ հսկայական աշխատանք է տարվում ՀՀ-ի դեմ նոր կենսեսուսներ ձևավորելու համար: Ալիևը անգամ հայտարարել է, որ համաձայն է «3+3» ձևաչափին, ինչը մինչ այդ մերժում էր: Ի տարբերություն ՀՀ-ի՝ Ադրբեջանը չունի արևմտամետ կամ ռուսամետ դիրքորոշում, մեծ հաշվով արհամարհում է բոլորին ու համառորեն հետամուտ լինում իր ագրեսիվ շահերը սպասարկելուն, ամեն մեկի վրա մի բան ծախելով ու մի բան առնելով: Իրենք ստրատեգիական պայմանագիր ունեն ՌԴ-ի հետ ու սերտ ռազմական համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

Ինձ համար ակնհայտ էր, որ դեպքերը հենց նման ընթացք են ստանալու, այլ փորձագետներ ևս օբյեկտիվորեն վերլուծել էին սա, ու դա կանխելու ուղիներ առաջարկել, բայց դե ՀՀ իշխանություններն ու պետական շահն անհամադրելի են: Հիմա կսկսվեն հեքիաթներ, որ Արևմուտքը կպատժի Ալիևին և այլն: Ցավոք, այդպես չի լինի, որովհետև ստանալիք ունեն Ալիևից, դա ռուսական գազն է, անունն էլ դրած «գազային դիվերսիֆիկացիա»:

Ակտիվ գործընթացներ են գնում մեր դեմ, իսկ մենք Արցախը զիջելով ու մեր շահերը ոտնատակ տակով դարձել ենք ընդամենը օբյեկտ: Զիջել Արցախը ու իբրև ապահովել 29,800 քառակուսի կիլոմետրով ՀՀ պետության անձեռնամխելիությունը անհեթեթ օրակարգ էր, որը մեր հանրությունը չհասկացավ: Այլևս հնարավոր չէ չտեսնել, որ ՀՀ իշխանությունները ՀՀ պետության գոյության գլխավոր սպառնալիքն են դարձել իրենց վտանգավոր քաղաքականությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս