Պիտի Փաշինյան լինես, որ ունենալով ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացված փաստաթուղթ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, մի անգամ դրանից չխոսես. Հայկ Մամիջանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Իսրայելի վարչապետ Նաթանյահուն կարող է մեղադրել Շիմոն Պերեսին, որ նախկիններն են մեղավոր։ Զարմանալի է, որ Նաթանյահուն չի հետևում Փաշինյանի օրինակին։
- Ես հակված եմ ավելի շատ հավատալ պաշտոնական տեղեկատվությանն առ այն, որ Թուրքիան որպես միջնորդ չներգրավվեց, դրա համար չգնաց Գրանադա։
- Ալիևի Գրանադա չգնալը պայմանավորում եմ նրանով, որ ադրբեջանցիների ախորժակը բացվել է, նրանք այլ նկրտումներ ունեն, որոնց մասին բազմիցս հայտարարել են։
- Գրանադայում գրավոր ֆիքսվել է Պրահայի հայտարարությունը, որն առնվազն առիթ է հանդիսացել, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ իրականացնի Արցախի հայերի նկատմամբ։ Փաշինյանը համաձայնել է դրան։
- Գրանադայի հանդիպմանն առնվազն չի բացառվել կամ չի փակվել անկլավների հարցը։ Եթե անկլավները հանձնվեն, ինքը դա հերոսական ներկայացնելու է, որ հող է հետ բերել՝ Արծվաշենը նկատի ունենալով, բայց դիրքային բարձունքներն արոտավայրերի հետ չեն փոխում։ Բացի դրանից, Տավուշի և Արարատի անկլավների հանձնումը մեր երկու ռազմավարական կարևորագույն ճանապարհները դնելու է ուղիղ ադրբեջանական վերահսկողության տակ։
- Մինչև Փաշինյանն ինքնիշխանության հարց Հայաստանի համար չկար։ Գաս, պրոբլեմներ ստեղծես, հետո դրանք կիսալուծես ու ներկայացնես՝ որպես հաղթանակ, առնվազն սրիկայություն է։
- Հռոմի ստատուտը ներկայացնել՝ որպես ինքնիշխանության հաղթանակ, մանիպուլյացիա է, որովհետև ցանկացած միջազգային պայմանագիր ինքնիշխանության որոշակի մասի պատվիրակում է։
- Ո՞վ պիտի պայման առաջադրեր Ադրբեջանի համար․․․ Փաշինյա՞նը․․․ Մարդ, ով թքած ունի Արցախի ու Հայաստանի վրա՞․․․ Կարո՞ղ էր արդյոք․․․ Իհարկե կարող էր, եթե հայրենիք ունենար։ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, ով Հայաստանի կադաստրի վկայականն ուզում է ստանալ Թուրքիայից և Ադրբեջանից։
- Եթե ինչ-որ մեկին թվում է, որ Ալիևի ուզած, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն ամենավտանգավոր բանն է, չարաչար սխալվում է։
- Շատ շնորհակալ եմ Եվրախորհրդարանի մեր գործընկեր պատգամավորներին հայամետ նախաձեռնության համար, բայց Ֆեյսբուքում ստատուս գրող «փորձագետները» Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը չե՞ն կարդացել գազային պայմանագրի մասին։ Լավ է, որ Եվրախորհրդարանը պնդումներ է արել Ադրբեջանին պատժամիջոցների տակ դնելու վերաբերյալ, բայց պետք է տեսնել՝ ինչ է անում գործադիրը։
- Նորմալ չի, որ Եվրախորհրդարանի պատգամավորներն ավելի հայամետ են, քան ԱԺ իշխանական խմբակցության որոշ երեսփոխաններ։ Նորմալ չի, որ Կովաչևը խոսում է ինքնորոշման իրավունքից, բայց այդ երեսփոխանները վախենում են այդ մասին խոսել։
- Պատմության մեջ չկա դեպք, որ չպայքարող, վախեցած, լեզուն կուլ տված մարդը հաղթել է, չկա ու չի լինելու։ Օգնում են բացառապես պայքարողներին։
- Եռաբլուրում ննջող մեր հերոսները մեղք չունեն, որ մեր բանակցողը Փաշինյանն է, նաև մեղք չունեն, որ մենք մինչև հիմա չենք կարողանում նրան հեռացնել։ Եկեք արժանի լինենք մեր զինվորներին։ Մեր զինվորները Արցախում թե՛ 2020թ․, թե՛ դրանից հետո հերոսական պայքար են մղել։ Երկու զինվորի համար Բայրաքթար ու հրետանի է աշխատել։ Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ Ադրբեջանի զոհերն անհամաչափ են եղել։
- Պիտի Փաշինյան լինես, որ ունենալով ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից ռատիֆիկացված պնդում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, մի անգամ դրանից չխոսես։ Խոսքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բանակցված ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մասին է (2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիր)։
- Յուրաքանչյուր միջնորդ միշտ գնում է նվազ դիմադրության ճանապարհով։ Ցավոք սրտի, մեր պարագայում նվազ դիմադրողը, հեշտ համոզվողը Փաշինյանն է։
- Ինչքան վնաս Հայաստան-ԵՄ հարաբերություններին տվել է Սվիտալսկին ու նրա նման դեսպանները, 10 անգամ ավել օգուտ տվել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։ Չմոռանանք, որ նույն այդ ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան, 2018-ի հեղափոխության ջատագով Սվիտալսկին թաքցրել էր Բրյուսելից Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձը 2018թ․։
- Շատ բարդ է անբարոյական, կոնդենսացված ստի դեմ պայքարելը։ Բարդ է անբարոյականի դեմ պայքարելիս անբարոյական մեթոդներ օգտագործելը, երբ դու բարոյական մարդ ես։ Տեսաք՝ ինչ արշավ սկսվեց ԱԺ-ում, երբ ես Սամվել Շահրամանյանին շնորհավորեցի։ Ես հետ չեմ կանգնում իմ որևէ խոսքից, բայց մեր քաղաքացիները պետք է իմանան՝ իր հրաժարականից հետո Սամվել Շահրամանյանի թեկնածությունը առաջարկել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այդ հրաժարականը Արայիկ Հարությունյանի որերորդ հրաժարականն էր, ու ես սկզբից անգամ չհավատացի։ Բայց ես հիմա այդ մասին չեմ խոսելու, որովհետև, անկախ ամեն ինչից, Արայիկ Հարությունյանը հիմա Բաքվի բանտում նեղության մեջ է, ու ես նրա հետ հեռահար պոլեմիկայի մեջ մտնել չեմ պատրաստվում։
- Եթե Հանրապետականը միայնակ կարողանար Փաշինյանին (նկատի ունեմ նրա կողմից գործադրվող իշխանական ռեսուրսը, լծակները) ճամփել, մենք ոչ մեկի չէինք սպասի։ Ցավոք սրտի, ոչ մենք, ոչ որևէ ուժ միայնակ չի կարող դա անել։ Հետևաբար՝ անհրաժեշտ են կոնսոլիդացիայի տարբեր ֆորմատներ։ Մեր կուսակցությունն աջակցում է բոլոր ընդդիմադիր շարժումներին՝ որոշ կլինիկական դեպքերի բացառություններով, իհարկե, որոնք պայքարում են իշխանափոխության համար: Ավելին, ես ու իմ ընկերները մասնակցել ենք նաև ցույցերի, որոնց հարթակից ՀՀԿ-ի հասցեին Փաշինյանի հռետորաբանությամբ ելույթներ էին հնչում։ Բայց մենք մնացել ենք հանուն այդ նպատակի, որովհետև եթե մենք գնայինք, այդտեղ կմնային միայն ելույթ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամները։
- Այսօր Բաքվի բանտերում գտնվում են մարդիկ, ովքեր 30 տարի պաշտպանել են մեզ, բայց մենք նրանց պաշտպանել չկարողացանք։
- Փաշինյանը վերջացած է․ դա ակնհայտ է։ Պարզապես վերջին ճիգ է անհրաժեշտ՝ իրեն հեռացնելու համար։ Այդ ճիգը շատ դժվար է լինելու, ինքն ատամներով պահելու է իշխանությունը։ Այստեղ նույնիսկ աշխարհաքաղաքական կոնսոլիդացիան, դերակատարները կարևոր չեն։
- Շատ քիչ մարդ կա, ով ինձնից շատ երազում է ազատվել պատգամավորական մանդատից՝ ՔՊ-ի հետ նույն դահլիճում գտնվելուց։ Եթե անգամ մեկ միլիոն մարդ հավաքվի հրապարակում, Փաշինյանն ամեն ինչ կանի, որ մնա իշխանության։ Կոլապսի կտանի երկիրը, կկրակի, բայց չի հեռանա։ Իմ խորին համոզմամբ՝ ինքը հեռանալու է իմփիչմենթով, երբ փողոցի ճնշմամբ ներազդենք նրա ֆրակցիայի վրա, այնտեղից տանենք 18 մանդատ ու լուծենք այդ հարցը։ Արդյո՞ք ճիշտ է երեսպաշտություն անել ու հեռանալ հիմա՝ մանդատներ վայր դնելով։ Պատգամավորական մանդատները նաև հնարավորություն են միջազգային հարթակներում աշխարհին ասել՝ մեր ժողովուրդը համաձայն չէ այն բանի հետ, ինչ անում է մարգինալների այս խմբակը։ Մանդատները դնելը պայքարի գործիք է, բայց դա 10 տոկոսով կրակող իսկանդեր կլինի, եթե անես ոչ ճիշտ ժամանակ։ Ավելին, ընդդիմության մանդատները վայր դնելու դեպքում Խորհրդարանը չի ցրվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։