ԼՂ հարցով ՄԽ ճակատագրի մասին որոշումը լիազորված է ընդունել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը․ ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ պաշտոնական որոշում լիազորված է ընդունել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը (ԱԳՆԽ)։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պատասխանելով տարածաշրջանում վերջին իրադարձությունների ֆոնին Մինսկի խմբի ապագայի մասին հարցին՝ նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին «կանաչ լույս» էին տվել ԵԱՀԽ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության) խորհրդի, ինչպես այն ժամանակ կոչվում էր կազմակերպությունը, 1992 թվականի մարտի 24-ի լրացուցիչ հանդիպման ամփոփիչ փաստաթղթերը: Ավելի ուշ՝ 1994 թվականի դեկտեմբերի 6-ին, ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն Բուդապեշտում հաստատեց Մինսկի խմբի համանախագահների մշտապես գործող ձևաչափը։ Զախարովան հիշեցրել է, որ 1997 թվականի հունվարից համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
«2022 թվականի փետրվարի 24-ին Փարիզի նախաձեռնությամբ, որին անմիջապես աջակցեց Վաշինգտոնը, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն ինքնակամ (այսինքն՝ առանց ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի հավանության), առանց որևէ խորհրդակցության և նույնիսկ առանց պատճառները բացատրելու հրաժարվեցին ՌԴ գործընկերոջ հետ փոխգործակցությունից»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դրանով իսկ կոպտորեն խախտեցին ԵԱՀԿ-ի անունից իրենց վրա դրված պարտականությունները և հօգուտ սեփական շահերի մոռացության մատնեցին տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների կարիքներն ու ձգտումները։
Նրա խոսքով՝ բացառապես արևմտյան համանախագահության մեղքով Մինսկի խմբի յուրահատուկ մեխանիզմը դադարեցրեց աշխատանքը՝ սեպտեմբերի 28-ին դրա լուծարման մասին հրամանագրի հրապարակումից շատ առաջ։
«Վաշինգտոնն ու Փարիզը իրենց աղաղակող դեմարշի պատճառները մինչ օրս չեն համարձակվել ասել մեզ»,- հավելել է Զախարովան։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ճակատագրին, ապա Զախարովան շեշտել է` դրա վերաբերյալ պաշտոնական որոշում իրավասու է ընդունել այն ստեղծած միջազգային ինստիտուտը, այն է՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն։