Եթե մեղսակից չեք, ի՞նչ եք իրականացրել Բաքվի բերդերում գտնվող ՀՀ գործիչներին ազատ արձակելու համար. Արծվիկ Մինասյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հստակ երևում է, որ Արցախում տեղի ունեցածը Հայաստանի գործող իշխանության անմիջական մասնակցությամբ իրականացված պատժիչ գործողություն է։
«Վրեժխնդրություն այն իշխանության նկատմամբ, որն ըստ ՀՀ գործող իշխանությունների՝ տեղի է ունեցել իբրև թե բռնի կարգով, մինչդեռ տեղի է ունեցել իշխանության պատասխանատվության ստանձնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը և ընդգծեց, որ ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը, բացի հայ ժողովրդից՝ ձեռնտու է մնացած բոլորին, այդ թվում՝ հայ ժողովրդի թշնամիներին։
Նա նաև հիշեցրեց, որ իշխանությունների նախընտրական ծրագրում գրված որևէ դրույթ չի իրականացվել, ընդհակառակը՝ իրականացվել է ճիշտ հակառակը։
Այնուհետև Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, քանի որ նա է կառավարում հատուկ ստորաբաժանումը, որևէ քննություն իրականացրե՞լ է, որևէ կարմիրբերետավոր պատասխանատվության ենթարկվե՞լ է։
Սակայն ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նկատեց.
«Քանի որ սովոր եք մեծամասնության փոխարեն խոսել, այդ թվում՝ կառավարության ցանկացած անդամի, դատախազի, դատավորի, ժողովրդի անունից էլ եք դուք խոսում, ՆԳ նախարարին հարց եմ տալիս՝ կրկին դուք եք խոսում։ Հիմա դուք եք մոտեցել ամբիոնին, հարցնեմ՝ ի՞նչ եք այսօր իրականացրել Բաքվի բերդում գտնվող ՀՀ 8 ռազմական ու քաղաքական անձանց ազատելու համար, եթե մեղսակից չեք, ի՞նչ եք իրականացրել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում