«Ղարաբաղ Տելեկոմի» հեռախոսահամարները ՀՀ տարածքում կգործեն «Թիմ Տելեկոմի» ցանցում
«Ղարաբաղ Տելեկոմի» բջջային կապի 097 կոդով բոլոր հեռախոսահամարներն անցել են Հայաստանի Հանրապետությունում գործող Team Telecom օպերատորի ցանց: Այս մասին որոշումը կայացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
«Թիմ» ընկերությունն ընտրվել է այն պատճառով, քանի որ ավելի վաղ «Ղարաբաղ Տելեկոմը» նրա հետ կնքել էր տեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Հետևաբար «Թիմն» ունի այս SIM քարտերի անվտանգության ծածկագրերը և անհրաժեշտ այլ տեխնիկական պայմաններ այդ քարտերն իր ցանցում ներառելու համար:
Ինչպես Sputnik Արմենիային պարզաբանել են ՀԾԿՀ-ից, եթե 097 կոդով բաժանորդների մի մասը կապի հետ կապված դժվարություններ ունի, հնարավոր պատճառներից մեկը կարող են լինել նախորդ սերնդի SIM քարտերը, որոնք «Թիմի» սպասարկման գրասենյակներում կարելի է փոխանակել նորերով։
Բացի այդ, այս բաժանորդները չեն սահմանափակվի «Թիմի» ցանցով. Հայաստանում գործող բջջային հեռախոսահամարների` ցանկացած այլ ցանց տեղափոխելու ծառայությունը (Mobile Number Portability) տարածվում է նաև 097 կոդով հեռախոսահամարների վրա:
Այսպիսով, «Թիմ» ընկերությունը 097 կոդով նոր համարներ չի տրամադրի և կսպասարկի միայն արդեն գործող համարները (որոնց թիվը կազմում է մոտ 234 հազար):
Այս թիվը պայմանավորված է նրանով, որ Արցախի բնակիչների մի մասը կարող էր ունենալ մեկից ավելի հեռախոսահամար, և ՀՀ բնակիչների մի մասը ևս ունի արցախյան հեռախոսահամար՝ հարազատներին կամ աշխատանքի համար զանգահարելու համար։