
«Բանկային համակարգի կողմից «անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի»

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունի, այլ՝ էլեմենտար պանիկայի արդյունք է։
Մասնավորապես, վերջին իրադարձությունները, և, հատկապես, ՀՀ ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ։
Բացասական սպասումները հանգեցրել են խուճապային վարքագծի, իսկ բանկային համակարգի կողմից «անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։
Թերևս տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը կարծես հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)։ Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերևս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը։