«Նախկինում հանդիպել եմ համանախագահների հետ, ՊԲ-ն երբևիցե չի ներկայացվել՝ որպես ահաբեկչական խմբավորում, ճիշտ հակառակը՝ մեզ ընդունել են՝ որպես դաշնակից և գործընկեր»
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարել է, որ օրվա իշխանությունը սխալներն ընդունելու փոխարեն՝ մեղքը բարդում է ուրիշների վրա՝ հայտնի գողի նման առաջինը գոռալով՝ բռնեք գողին:
«Հենց այս իշխանությունն է իր հանցավոր, անգրագետ գործունեությամբ մեզ ներքաշել պատերազմի մեջ ու պատմության մեջ մնալու է Արցախը հայաթափողի խարանը ճակատին: Պարտությունից հետո նրանք ոչինչ չեն արել մեր պաշտպանունակության ուղղությամբ: Իսկ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, նրան թողել են լիովին միայնակ, և դարերի պատմություն ունեցող հայկական Արցախն այսօր ամբողջովին հայաթափվել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության պատճառով»,- շեշտել է նա:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը շարունակել է, որ միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենքներին համաձայն ինքնորոշվելուց հետո Արցախը՝ որպես կանոնավոր պետություն, ուներ բանակ, որը կազմավորվել էր բացառապես Արցախում ապրող հայ ժողովրդին պաշտպանելու համար:
«Արցախի բանակը զարգացել, ամրացել է և հերոսական ծառայություն իրականացրել: Եվ նույնիսկ 9 ամսվա շրջափակումից հետո վերջին օրերին մասնատված ուժերով միայնակ, բայց հերոսաբար մարտնչել է իրեն անհամեմատ գերակշռող ուժերի դեմ: Ես ղեկավարել եմ Արցախի Պաշտպանական գերատեսչությունը, մշտապես հանդիպել եմ համանախագահների հետ, որի ընթացքում ՊԲ-ն երբևիցե չի ներկայացվել՝ որպես ահաբեկչական խմբավորում, ճիշտ հակառակը՝ մեզ ընդունել են՝ որպես դաշնակից և գործընկեր»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն է հակաահաբեկչական գործողությունների անվան տակ հայաթափում Արցախը և ապօրինի կերպով առևանգում Արցախի նվիրյալ գործիչներին:
«Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ: Եվ Հայաստանը պարտավոր է հանդես գալ, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, և բանակցությունները միջազգային ընդունելի ֆորմատով այլընտրանք չունեն, նաև՝ ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ միջպետական որևէ պայմանագիր ստորագրելուց, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ռազմական գործիչներին, գերիներին և չի դադարեցրել ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ»,- շարունակել է նա: