Իշխանությունների կողմից վեկտորային խաղը կարող է բերել գազի գնի թանկացման․ Վահե Դավթյան. MediaHub

MediaHub-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Վահե Դավթյանը հայտնեց, որ վառելիքի գինը որոշակի կբարձրանա, հաշվի առնելով այն, որ մինչև տարեվերջ նավթի գինը միջազգային շուկայում բարձրանալու է մինչև 100 դոլար։

«Կա միջազգային կոնյունկտուրա և դրա շրջանակներում մենք հետևում ենք համաշխարհային շուկաների նավթի գնի բարձրացմանը, որը հասել է 92 կամ 93 դոլար վառելիքի դիմաց, իսկ տարվա վերջ կարող է հասնել մինչև 100 դոլարի։ Սա ոչ բարենպաստ իրավիճակ է նավթամթերքի շուկայում իրականացվող գնային քաղաքականության համար։ Հաջորդ խնդիրն է վերջերս Ռուսաստանի կառավարության կայացրած որոշումը, որով կրճատվել է նավթամթերքի արտահանումը ՌԴ-ից։ Սա ստեղծում է որոշակի պակասորդ և այդ պարագայում ցանկացած ապրանքի գնի բարձրացում։ Մենք ունենք խնդիր՝ Հայաստանի նավթամթերքի շուկան մեծ հաշվով ազատականացած չէ»,- ասաց Վահե Դավթյանը։

Ըստ Դավթյանի, առաջին հայացքից կա 8 կամ 10 ընկերություն, բայց հիմնական մասը մենք ստանում ենք ՌԴ-ից, ներքին ընկերությունները՝ CPS-ը, Flash-ը և մնացածը նավթը ձեռք են բերում սահմանին, այնուհետև վերավաճառում Հայաստանում։ Քանի որ ՌԴ-ն սահմանափակում է նավթի արտահանումը, դա իր հերթին բացասաբար է անդրադառնում ներքին շուկայում գոյացող գների վրա։ Կան օբյեկտիվ պատճառներ, ասաց նա, բայց, մյուս կողմից, հասունացել է այն ժամանակը, երբ Հայաստանի նավթամթերքի շուկան պետք է դուրս գա եթե ոչ մենաշնորհային, ապա կարտելային ձևաչափից։

«Գազի գնի բարձրացման նախադրյալներ չկան, բայց գազի գինը, ի տարբերություն նավթամթերքի, պետք է դիտարկվի աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում։ Դիտարկենք Վրաստանը՝ 2006 թվականին Վրաստանը որոշում կայացրեց դուրս բերել ռուսական ռազմական բազան իր տարածքից և առաջին որոշումն այն էր, որ Մոսկվան Վրասատան մատակարավող բնական գազի գնի կտրուկ աճ ապահովեց։ Սա ստեղծեց էներգետիկ և տնտեսական խնդիրներ, և Վրաստանը ստիպված էր բնական գազ ներկրել Ադրբեջանից։ Հայաստանն այսօր շուկայականից ցածր գնով է ներկրում բնական գազ ՌԴ-ից, այլ խնդիր է երկրի ներսում գազի գնի կտրուկ աճը։ Սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գնի բարձրացումը կախված է, թե որքանով կխորացվի այս վեկտորային խաղը գործող իշխանությունների կողմից, որքանով նրանք կսրեն հակառուսականությունը, արդյոք սա հռետորաբանությունից կտեղափոխվի քայլերի և որոշումների դաշտ: Եթե այդպես եղավ, առաջին քայլերից լինելու է գազի գնի ոլորտում կայացվող մեզ համար ոչ բարենպաստ որոշումները»,- ասաց Վահե Դավթյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ Լարսում արդեն հայկական բեռնատարների համար խնդիրներ են առաջացել, որոնք, ասում են, արհեստական բնույթ են կրում, փորձագետը նշեց, որ Լարսում կուտակումների և տրանսպորտային միջոցների անցման հետաձգումը միգուցե լծակներից մեկն է, որ ՌԴ-ն փորձում է օգտագործել։ Բայց այս խնդիրը նոր չէ, այն մեկ կամ երկու տարվա է։ Ըստ Դավթյանի, սա ինչ-որ չափով պատժիչ միջոցներ են ՌԴ–ի կողմից՝ ցույց տալու համար, որ առկա են տնտեսական լծակներ, որոնցով իրենք կարող են սահմանափակումներ մցնել Հայաստանի համար։

Տեսանյութեր

Լրահոս