Այդ միջազգային կլոունադան պետք է դադարեցնել. Նաիրա Զոհրաբյանը՝ Արցախ ուղարկված ՄԱԿ-ի ուշացած առաքելության մասին

Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան: Իսկ հոկտեմբերի 2-ին պարզվեց, որ վերջիվերջո ՄԱԿ-ն էր որոշել առաքելություն ուղարկել Արցախ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է աներ մարդասիրական կոչված առաքելությունն առանց մարդկանց, քաղաքացիների մնացած պետության մեջ, շեշտեց.

«ՄԱԿ-ի՝ դրոշներով տրիումֆալ մուտքը Ստեփանակերտ, որը տարածվում էր, ինձ հիշեցնում է «խրախճանք՝ ժանտախտի ժամին»»:

Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում, թե այդ առաքելությունն ինչով է օգնելու Արցախի պատանդառված իշխանությանը, դատարկված Արցախին:

Կարդացեք նաև

«Երբ ցեղասպանվում էր Արցախը, երբ 9 ամիս Արցախը բլոկադայի մեջ էր, այդ ՄԱԿ-ի տրիումֆալ երթը ո՞ւր էր:  Գիտեք, այդ միջազգային կլոունադան պետք է դադարեցնել: Ես չեմ կարծում՝ այնտեղ պատանդառված Արցախի քաղաքական էլիտան ՄԱԿ-ի պոպկորնի կարիքն ունի:

ՄԱԿ-ը շատ է ուշացել՝ առնվազն 9 ամիս.  երբ Արցախում էթնիկ զտումներ էին տեղի ունենում, այդ ժամանակ պետք է այնտեղ լիներ և ոչ թե՝ չկարողանար նույնիսկ սեփական դատարանի՝ Հաագայի դատարանի վճռի կատարումը պարտադրեր Ադրբեջանին, որ չլիներ Ցեղասպանություն, բռնի տեղահանում, և չլինեին էթնիկ զտումներ»,- հավելեց նա:

Ի պատասխան հարցին էլ, թե ՄԱԿ-ն ունի՞ հնարավոր մեխանիզմներ, որոնց գործարկման պարագայում հնարավոր կդառնա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը մանրամասնեց, որ կա ՄԱԿ-ի Փախստականների հանձնախումբը, ԵԽ Փախստականների կոմիտեն, բազմաթիվ կառույցներ, որոնք իրենց էգիդայի ներքո կարող են այդ գործընթացը կազմակերպել, բայց հասկանալի է, որ որևէ մեկը չի վերադառնալու Ադրբեջանի յաթաղանի տակ գտնվող Արցախ:

«Այսինքն՝ որևէ մեկը չի գնալու կամովին ցեղասպանվելու. ակնհայտ է՝ Ադրբեջանը ռազմական հանցագործ է: Ո՞վ կգնա, կվերադառնա՝ ինչքան էլ այդ մարդիկ այսօր կանգնած են ծայրահեղ խնդիրների առջև.  մարդիկ քնում են մեքենաների մեջ, տարրական՝ հիգիենայի պարագաների կարիք ունեն, բայց միևնույն է, ես այս պահին չեմ տեսնում տրամաբանական հնարավորություն՝ նույնիսկ, եթե միջազգային կառույցներն ինչ-ինչ երաշխիքներ տան: Մենք այդ երաշխիքները տեսանք. միջազգային կառույցների երաշխիքների ներքո ցեղասպանվեց Արցախի ժողովուրդը»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Տեսանյութեր

Լրահոս