Սարսափելի է, բայց էս մոխրից, էս ավերակներից կարող ենք վեր հառնել, ոտքի կանգնել. Գրիգորյան

Գաղթ, հայրենազրկում և ցեղասպանություն, ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականին էր. ահա սա է այն ամենը, ինչ հիմա կատարվում է Արցախի մեր հայրենակիցների հետ և կատարվում է այն դեպքում, երբ մենք ունենք պետականություն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ օկուպացնելու և տեղի հայազգի բնակչության բռնի գաղթի մասին, նման տեսակետ հայտնեց վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ ընդգծելով.

«Աշխարհում շատ բան է փոխվում, այսօր ով բարեկամդ է, վաղը կարող է դառնալ թշնամիդ։ Այս իրողություններից պետք է օգտվել ու պատրաստվել այդ ամեն ինչին՝ ուղեղում պահելով այն, որ Արցախի հարցը փակված չէ, ինչպես որ փակված չէ Արևմտյան Հայաստանի հարցը»,- ասաց Գրիգորյանը՝ հայ ժողովրդի ներկա վիճակի պատճառը համարելով նաև այն, որ Հայաստանում ապրող ամեն մեկը չէ, որ հայ է իր պատկանելիությամբ։

«Յան-ով վերջացող ազգանունը կամ հայի արգանդից ծնվելը քիչ է հայ լինելու համար։ Հայը պատկանելիություն է։ Մենք կորցնում ենք, որովհետև տեր չենք կանգնում մեր ունեցածին, մեր հայրենիքին»,- ասաց Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այն, որ մենք մեր հայրենիքին տեր չկանգնող դարձանք վերջին 5 տարում, գալիս է նրանից, որ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ թե իշխանափոխություն, այլ հեղափոխություն՝ ազգային արժեքների. դա հեղափոխություն էր՝ հայրենիքի ընկալում ունեցող ազգից հանրույթ դառնալու մասին։

«Ազգն ու հանրույթը տարբեր բաներ են։ Հիմա ազգից դարձել ենք հանրույթ և չունենք քաղաքական էլիտա»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և հենց այս ընկալմամբ ժողովուրդը պետք է միասնական լինի և պահպանի իր հայրենիքը։

«Ահավոր է, սարսափելի, բայց էս մոխրից, էս ավերակից կարող ենք վեր հառնել, ոտքի կանգնել։ Ձևերը կան։ Ժողովուրդը ձևը կգտնի, եթե միասնական լինի։ Առաջնորդն էլ կծնվի, որովհետև հայի արգանդը չի չորացել. շատ լավ տղաներ կան»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս