Սամվել Բաբայանը տաղանդավոր ռազմական գործիչ է, նրա հետ ոչ մեկը թող ոտք չգցի. հիմա էլ կարող է մտնել Արցախ ու դուրս գալ. Արմեն Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խոսելով Արցախից  Ադրբեջանի հետ Սամվել Բաբայանի վարած բանակցությունների մասին, նկատեց.

«Տեղյակ է եղել, որ նա գնացել է բանակցությունների և ինչ-որ արդյունք եղել է, բայց քանի որ դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չի եղել, դրանք որևէ արդյունք չեն տվել։

Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնել է երկխոսության՝ որոշակի պայմաններով, բայց դրանք տարբեր պատճառներով տեղի չեն ունեցել։ Պատճառներից մեկն էլ երբեմն եղել է Ստեփանակերտի չցանկանալը։

Սամվել Բաբայանը բազմիցս ասել է, որ եթե գնան այս ճանապարհով, Արցախի վրա հարձակում է լինելու և Արցախը կորցնելու են։ Ես նրան գնահատում եմ՝ որպես հեռատես ռազմական, քաղաքական գործիչ, նա կանխատեսել է այս իրավիճակը, որ այսպես է լինելու,  հանուն Արցախի գնացել է այդ բանակցություններին և ճիշտ է արել։ Արցախի նոր իշխանությունների այդ մանդատն օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանը, որ այդքան խնդրում ու ասում էր՝ ես ունեմ դրա լուծումը, կարող եմ գնալ բանակցել, և այլն, և այլն, նրան խաղից դուրս թողեցին։ Սամվել Բաբայանը որևէ արտաքին ուժի կողմից չի սպասարկվում, նրա անցած հետագիծը մենք շատ լավ ենք տեսել։ Նա տաղանդավոր ռազմական գործիչ է, որը շատ լավ է վերլուծում իրավիճակը, եկեք Սամվել Բաբայանի ազնվության վրա չկասկածենք, նա կյանքով է ապացուցել»։

Կարդացեք նաև

Թե ինչպես է ստացվել, որ նման ազնիվ ռազմական գործիչը կարողացել է հատել Հակարիի կամրջի ապօրինի ադրբեջանական անցակետը, Արմեն Խաչատրյանն ընդգծեց՝ եթե հիմա էլ Սամվել Բաբայանը ցանկանա, կարող է մտնել ու դուրս գալ Արցախ, դրա համար էլ նրան ասում է տաղանդավոր ռազմական գործիչ։

«Թող ոչ մեկն իր հետ ոտք չգցի, հիմա էլ կարող է մտնել ու դուրս գալ»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝  Սամվել Բաբայանը Հայաստանում որևէ պաշտոն զբաղեցնի, Արմեն Խաչատրյանն պատասխանեց, որ նրա մտադրությունների մասին տեղյակ չէ, հնարավոր է՝ հասարակական կամ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալի։

Տեսանյութեր

Լրահոս