Մենք պետք է ամեն ժամ ապրենք այս երազանքով, և ինչպես 1988 թվականին՝ իրականացնենք մեր նվիրական երազանքը. Գրիգոր Ջանիկյան
2024-ի հունվարին 1-ից ԼՂ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ․ Արցախի նախագահի այս հրամանագիրն ահազանգի նման առավոտյան հնչեց Ստեփանակերտից:
Արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, Արցախյան ազատամարտի վավերագիր Գրիգոր Ջանիկյանը հայկական Արցախի էջը փակված չի համարում, սակայն շեշտում է՝ դրա համար ոչ թե պետք է տարվել պատրանքներով, այլ սառը նայել իրականությանը:
«Զուգահեռը, որը տարվում է 1915 թվականի Ցեղասպանության հետ, դա այդպես է ամբողջ էությամբ, բայց այն տարբերությամբ, որ 1915 թվականին մենք չունեինք ազգային պետականություն, այժմ ունեինք ազգային պետականություն, որի վերին օրենքում գրված էր, որ ՀՀ-ն Արցախի իրավական պաշտպանն է, երաշխավորն է, տերն է, երբ բազում պաշտոնական հայտարարագրություններով հավաստվում էր, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը պիտի ապահովի Արցախի ազգաբնակչության գոնե խաղաղ գոյակցությունը:
Ժամանակը ցույց տվեց՝ պարբերաբար, օր օրի, ժամ ժամի, որ երկու կողմից էլ (Հայաստանն ու Ադրբեջանը. Զ.Դ.) ժողովրդին խաբում էին ,- 168.am-ի հետ զրույցում այս պահի իրողություններին անդրադառնալով՝ նշեց մտավորականը, ապա հիշեցրեց մեկ այլ պատմական զուգահեռ, երբ 1988 թվականին կառավարությունը նորից դեմ էր Արցախի ազատագրմանը, ինքնահռչակմանը, բայց չխաբեց ժողովրդին,- Ուղղակի ասաց՝ դա հնարավոր չէ, և ժողովուրդն ըմբոստացավ, պարտադրեց իր կամքը: Այժմ հակառակը տեղի ունեցավ՝ ժողովրդին համոզեցին, հանգստացրին, և ժողովուրդը անգամ հասավ այն բանին, որ զենքերը հանձնեց: Եվ ահա անպաշտպան ժողովրդին կոտորում են, զրկում են ազգային ինքնությունից: Ուզում են պատմությունից ջնջել Արցախ, հայկական Արցախ հասկացությունը»:
Գրիգոր Ջանիկյանը շեշտեց՝ հավատում է հայ ժողովրդի ոգուն, վստահ է, որ հայը ոտքի է կանգնելու և իր ազատության, անկախության կամքն է պարտադրելու:
«Մենք պետք է ամեն օր, ամեն ժամ ապրենք այս երազանքով, և սա ոչ միայն երազանք պետք է մնա, այլ դառնա ամենօրյա տառապանք ու զոհողություն՝ ինչպես 1988 թվականին, մենք իրականացնենք մեր նվիրական երազանքը,- ասաց հրապարակախոսը, ապա պատասխանելով՝ այս իշխանությունների հետ հնարավո՞ր է երազել՝ հարցին՝ հավելեց,- Ես այս իշխանությունների հետ որևէ երազանք չեմ կարող կապել, այդ պատճառով էլ խոսում եմ ոչ թե այս իշխանությունների խոստումների մասին, այլ ժողովրդի երազանքի ու կամքի մասին, որովհետև հավատում եմ, որ հայ ժողովրդի կամքը, երազանքն ավելի զորեղ է, որը կարողացավ խորհրդային տապալված այդ հզոր կայսրության մոխիրներից փյունիկի պես հառնել, իր ազգային պետականությունը ստեղծել՝ հանձին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության»: