«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինձ կարող են կոտրել, վախեցնել՝ սխալվում են». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, ով հունվարի 12-ին հրավիրվել էր Ոստիկանություն ֆեյսբուքյան գրառման համար և մեղադրվում է ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործով, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր վրա կրկին քրեական գործ են հարուցում։
«Ու ամենայն հավանականությամբ կփակեն… Ինչքան կարող եմ՝ կաշխատեմ, բայց երևի ավարտի առանց ինձ գործը հասցնեք»,- գրել էր Արմինե Ադիբեկյանը։
Նշենք, որ Արմինե Ադիբեկյանն այս պահին, մասնագիտությունից զատ, զբաղվում է նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական որոշակի խնդիրների լուծմամբ։
168.am-ի հետ զրույցում Արմինե Ադիբեկյանն ասաց, որ դեռ շուտ է, որ իր գրառման համար նոր գործ հարուցեն՝ մի քանի օրից հավանաբար իրավապահները կանցնեն գործի։
«Անկեղծ ասած, ես որևէ կերպ չեմ լռելու, եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինձ կարող են կոտրել, վախեցնել և դրանից ելնելով՝ ես բերանս պիտի փակեմ՝ սխալվում են, բացառվում է։ Սակայն ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ժամանակ չունեմ Ֆեյսբուքում գրառումներ անել, քանի որ զբաղված եմ բռնի տեղահանվածներին օգնելով»,- շեշտեց Արմինե Ադիբեկյանը։
Հարցին՝ ինքը՝ որպես ադրբեջանական վայրագությունները տարիներ շարունակ վեր հանող փորձագետ, ներառվա՞ծ է ադրբեջանական «սև ցուցակում», Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չունի, բայց Ադրբեջանի պարագայում չի կարող խոսել ինչ-որ հետևողականության մասին։
«Նկատի ունեմ, որ հեչ պարտադիր չէ՝ լինեն Ադրբեջանի «սև ցուցակում», որ վախճանի ճակատագրի արժանանան»,- շեշտեց նա։