ՍԿՍՎԵՑ…
Հայ ժողովրդի հերթական ողբերգությունը շարունակվում է։ Ադրբեջանական հարձակումից հետո, այլևս արցախահայության ճակատագիրն․․․ առնվազն անորոշ է։ Հազարամյակներ իրենց պատմական հայրենիքում բնակված արցախահայերը մեր՝ Հայաստանի պետության և ժողովրդի աչքի առաջ, դառնում են փախստականներ։ Եվ, մեղմ ասած, ճակատագրի ծաղրն է, որ Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի վարչապետ կոչեցյալն արձագանքեց․ «Մեզ ուզում են ներգրավել պատերազմի մեջ, չի ստացվի»։
Պատկերացնո՞ւմ եք այլ երկրի ղեկավար, որ իր հայրենակիցների ճակատագրի վրա թքած ունենա։ Չեմ կարծում, որ նման այլ դեպք եղել է ողջ համաշխարհային պատմության մեջ։ Նման արձագանքից հետո, աշխարհը կարհամարհի ոչ միայն Հայաստանի ղեկավարությանը, այլև ողջ հայ ժողովրդին, որ հանդուրժում է նմանին։
Վարչապետ կոչեցյալն իր այդ խոսքերով նաև արդարացրեց միջազգային հանրությանը, որ պատժամիջոցներ չի կիրառում ցեղասպան Ադրբեջանի ու նրա ղեկավարի նկատմամբ։ Իսկապես, եթե Հայաստանը չի աջակցում իր հայրենակիցներին, ավելին՝ աղաչում է հանդիպել Ադրբեջանի իր «բարեկիրթ» գործընկերոջ հետ, ապա մենք ոչ մի երկրից, միջազգային կառույցից պահանջելու ոչինչ չունենք։ Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ եթե վարչապետ կոչեցյալի այդ արտահայտությունը չլիներ, ապա միջազգային հանրությունը խիստ պատիժներ կսահմաներ Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես միշտ, այն կլինի 100 տարի առաջ, այսօր, թե 100 տարի հետո, ամեն պետություն շարժվել, շարժվում է և կշարժվի՝ ելնելով միմիայն իր ազգային շահերից։ Ամեն պետություն, բացի․․․ Հայաստանից, քանի որ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնց համար կարևորը ոչ թե ազգային, այլ զուտ անձնական շահն է։
Բայց, ի զարմանս և ի հեճուկս տողերիս հեղինակի՝ սկսվեց․․․
Վերջապես մեր ժողովրդի գլխին եկած հերթական ողբերգությանը վճռականորեն արձագանքեց ողջ քաղաքակիրթ աշխարհը․․․ ինչպես 1915թ․ ցեղասպանությունից հետո՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել մարդասիրական օգնություն։ Այսպես, միմյանց հերթ չտալով, մարդասիրական օգնության մասին են հայտարարում թունդ հայասեր Ֆրանսիան, ժողովրդավարության բաստիոն Շվեդիան, մեր երկրի բարեկամ Ճապոնիան, իսկ ժողովրդավարության ջահակիր ԱՄՆ-ը իր աջակցությունը հայտնեց ոչ միայն խոսքով, այլև գործով՝ Հայաստան գործուղելով պետքարտուղարի տեղակալին և USAID տնօրենին։ Բարձրաստիճան հյուրերն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ղեկավարությանը՝ փոխանցելով ԱՄՆ նախագահի ջերմ ուղերձը։ Իսկ լրագրողի միամիտ հարցին, թե ԱՄՆ-ը ինչու պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, պետքարտուղարի տեղակալը պատասխանել է․
«Այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է, և մենք շարունակելու ենք անել ամեն բան, որպեսզի հոգ տանենք մարդկանց, նրանց անմիջական կարիքների մասին»։ Այսպիսով, ԱՄՆ-ը պատրաստ է մարդասիրական աջակցություն տրամադրել փախստական դարձած, իր իսկ խոսքերով՝ «Ղարաբաղի սեպարատիստներին», միաժամանակ շարունակելով ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Նույնը՝ միացյալ Եվրոպան, հանձին ժողովրդավարական արժեքներին հավատարիմ ԵՄ-ի, որն ավելացնում է Ադրբեջանից էներգակիրների ներկրումը։
Հետաքրքիր է նաև, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը չի նկատում Հայաստանում բռնապետության հաստատումը՝ կատարվող բռնությունները, ծեծը, կալանավորումները, քաղբանտարկյալների օրեցօր ավելացող քանակը։
Ոչ միայն չի նկատում, այլև հակառակը՝ Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին անհանգստացնում են հակակառավարական ցույցերը։
Կհասկանա՞նք, վերջապես, որ սրանք են միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Դժվար թե․․․ Վախենամ, որ հասկանալու դեպքում էլ՝ արդեն ուշ կլինի․․․
Ավետիք Իշխանյան