Ստեփանակերտից մինչև Հակարիի կամուրջ ձգվող խցանման պայմաններում շտապօգնությունը չի կարողանում վիրավորների տեղափոխել. մանրամասներ՝ Արցախից
«Հիմա Ստեփանակերտի կենտրոնից մինչև Հակարիի կամուրջ ընկած մոտ 60 կմ ճանապարհն ամբողջությամբ խցանված է մեքենաներով: Այդ ֆոնին էլ մեքենաների թիվը գնալով ավելանում է: Մեքենաները կանգնած են միմյանցից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա՝ մի քանի շարքով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի մեր հայրենակիցներից մեկը: Քաղաքացիների շրջանում խուճապային տրամադրությունները հանդարտեցնելու համար նա իշխանություններին կոչ արեց հայտարարել, թե արցախցիները որքան ժամանակ ունեն Արցախից դուրս գալու համար:
«Բոլորը թողնում են իրենց գործերը՝ դուրս են գալիս, բայց 24 ժամում ընդամենը 2 կմ են անցնում: Նրանք պարզապես խցանման մեջ կանգնած են, ուղղակի ընտանիքով ավտոմեքենայի մեջ նստած են: Ու էդ մարդուն 24 ժամ հետո էլ զանգում ես՝ ասում է՝ դեռ 100 մետր եմ առաջ գնացել: Թող գոնե պաշտոնապես ասեն՝ օրինակ՝ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախը լքելու համար 30 օր ժամանակ կա, որ մենք հասկանանք, թե ոնց ենք կազմակերպում մեր գործերը: Մարդիկ հետ կգան, կնստեն իրենց տներում, կսպասեն, ու աստիճանաբար այս խցանումները կվերանան»,- ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ Ստեփանակերտում առկա խուճապային տրամադրությունները բնակիչների անտեղյակության հետևանք են: Մարդկանց մի մասն օրերով հայտնվում է ճանապարհներին՝ փորձելով հնարավորինս արագ դուրս գալ առկա իրավիճակից: Միևնույն ժամանակ, մեր զրուցակցի խոսքով, Արցախում դեռևս շատ ու կարևորագույն խնդիրներ հնարավոր չի լինում լուծել՝ նաև հենց այդ խցանումների պատճառով:
«Մենք աճյուններ ունենք հանելու, բժշկի կարիք ունենք, փրկարարի կարիք ունենք: Հիմա երեկ տեղի ունեցած պայթյունի վայրում քիչ թվով փրկարարներ են աշխատում, քաղաքը խցանված է, վիրավորներին չեն կարողանում տեղափոխել էստեղից: Անգամ շտապօգնությունը չի կարողանում տեղաշարժվել քաղաքով: Բնակիչները մտածում են՝ վտանգ կա, շուտ արեք՝ դուրս գանք: Քաղաքը դարձնում են կաթվածահար, ու ահագին պետքական մարդ, որը կարող էր օգուտ տալ էստեղ առկա իրավիճակի կարգավորման հարցում, այստեղ լինելու փոխարեն՝ ճանապարհներին, խցանումներում կանգնած են հիմա:
Աշխատանքի վայրերում, եթե նախկինում եղել է մոտ 150 աշխատակից, հիմա պլյուս-մինուս 20-25 հոգի է մնացել»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը:
Արցախցի մեր հայրենակիցը մեզ նաև հայտնեց, որ չնայած աշխատանքներում ներգրավված փոքրաթիվ ուժերին, այս պահին էլ դեռևս շարունակվում են երեկվա պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքները: Ինքն էլ մեր զրույցի պահին այդ տարածքում աշխատանք էր իրականացնում:
«Էստեղ ամեն ինչ անում ենք՝ անհետ կորածների հարազատներին հանգստացնելու համար: Փրկարարներն էլ աճյուններն են հանում: Կոնկրետ թվերին չեմ տիրապետում, բայց աշխատանքները չեն դադարում: Դեռևս շարունակում են հայտնաբերել: Այս ընթացքում արդեն իսկ մի քանի ուղղաթիռ է տեղափոխումներ իրականացրել: Անընդհատ մեր գլխի վերևով գնում-գալիս են»,- ասաց նա:
Այս պահին երեկվա պայթյունից տուժածները, մեր զրուցակցի խոսքով, գտնվում են Արցախի մի շարք հիվանդանոցներում՝ Հանրապետական ու մանկական հիվանդանոցներում, Խոջալուի հոսպիտալում ու այլ բուժհաստատություններում:
Վերջին դեպքով պայմանավորված՝ առաջիկայում մոտ 100 հոգու հուղարկավորություն պետք է իրականացվի: Մեր հայրենակիցների հուղարկավորության վայրի հետ կապված, հարազատները պետք է որոշում կայացնեն՝ նրանց մարմինները ՀՀ տեղափոխելու կամ չտեղափոխելու հարցով: Այդուհանդերձ, այս պահի դրությամբ, արցախցի մեր հայրենակիցը հայտնեց, որ Արցախում օրերի, անգամ շաբաթների աշխատանք կա տանելու:
«Ես երեկ անձամբ վիրավորներ եմ հանել, տարել եմ մինչև շտապօգնության մեքենան: Ու այդ մեքենան ժամերով չի կարողանում հասնել Հանրապետական հիվանդանոց: Թե ինչու են այդ մարդիկ գնացել, շարվել քաղաքի մեջտեղում ու 10 րոպեն մեկ 1 մետր առաջ ընթանում՝ ինձ համար անհասկանալի է: Ես էլ եմ մի օր դուրս գալու Արցախից, բայց այն ժամանակ, երբ ճանապարհ լինի: Հիմա եթե ես էլ գնամ ու հերթ բռնեմ, ես էլ օրն ընդամենը 100 մետր եմ առաջ շարժվելու»,- ասաց նա:
Արցախից նաև հայտնեցին, որ ներկայում կան նաև քաղաքացիներ, որոնք մեքենա չունեն տեղանքը լքելու համար: Այդուհանդերձ, նրա խոսքով, այդպիսի ընտանիքներին օգնության են հասնում հարևանները:
«Տեսնում ենք փողոցում տատիկին դժվարությամբ քայլելիս՝ կանգնում ենք, տեղափոխում իր ուզած տեղը: Երեխաներ կան դպրոցական: Բոլորն էլ այստեղ են: Միմյանց օգնելով՝ փորձում են իրավիճակը մի փոքր մեղմացնել: Այս ընթացքում պետք է զերծ մնալ որևէ խցանումից: Դրանով իրավիճակն էլ ավելի է բարդանում: Տարհանումը պետք է իրականացվի՝ ըստ շրջանների ու թաղամասերի»,- ասաց նա՝ հավելելով, որ սպասելու է այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհային խցանումները չեն վերացել:
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19.000 անձ։ Նրանցից 2500 հարյուրն արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրում:
Նազելի Ստեփանյան