Ո՞վ պիտի պատասխան տա սրա համար

Ինչքան պիտի քաղաքականապես տհաս լինես, որ հետևողականորեն փչացնես հարաբերությունները մի երկրի հետ, որի հետ կապված ես հազար թելերով։ Մի բան, ինչը հինգ տարի շարունակ համառորեն արեց Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ Ոչնչացրեցին այն ամբողջ անվտանգային համակարգերը, որոնք ստեղծվել էին տարիների աշխատանքի արդյունքում և, որոնք լավ, թե՞ վատ, ծառայում էին իրենց նպատակին։

Դեռ ոչինչ, եթե դա փոխարինվեր մեկ ուրիշով։ Այդ էլ չկարողացան անել և երկիրը կանգնեցրին թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջ։

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում ու Հայաստանում, այդ քաղաքականության ուղղակի հետևանքն է։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, տրամաբանական չէ՞ր, որ դրան հետևելու էր այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում։

Տեսնում ենք, թե Արևմուտքի խոստացած անվտանգային երաշխիքներն ինչ արժեք ունեն։

Ադրբեջանը թքած ունի այդ երաշխիքների վրա։ Ադրբեջանում միայն ուժի լեզուն են հասկանում, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն այնքան է թուլացրել ու կազմալուծել, որ այսօր նույնիսկ իրեն պաշտպանելու կարողություն չունի։ Էլ ուր մնաց, թե Արցախն ու Արցախի ժողովրդին պաշտպանի։

Սա իշխանությունների իրականացրած քաղաքականության տապալումն է։

Դա բերեց նրան, որ ռազմավարական երբեմնի դաշնակիցն է մի կողմ քաշվել ու լուռ հետևում է, թե ինչպես է կոտորվում Արցախի հայ ժողովուրդը։

Արևմուտքը, որի վրա հույս դնելով իշխանությունները փչացրեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարություններից այն կողմ ոչինչ չի անում։ Այնինչ՝ վաղուց պարզ է, որ այդ հայտարարությունները գրոշի արժեք չունեն։

Աշխարհաքաղաքական խաղեր տալով՝ հասցրեցին հիմնահատակ ոչնչացնել հարաբերությունները երբեմնի ռազմավարական դաշնակցի հետ՝ առանց մտածելու, որ դրանք միայն անվտանգային համակարգեր չեն։

Հայաստանի ամբողջ տնտեսական համակարգն է կապված Ռուսաստանի հետ։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում անվտանգային համակարգում, այսպես շարունակվելու դեպքում, վաղը անկասկած տարածվելու է տնտեսության մեջ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կորցնելու է նաև տնտեսական ներուժի այն ամենամեծ հատվածը, որի վրա հիմնված է տնտեսությունը։

Հայաստանի արտաքին առևտրի մեկ երրորդը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։

Վերջին շրջանում այն նույնիսկ ավելի է մեծացել՝ անցնելով 35 տոկոսից։

Պատկերացնելու համար ասենք, որ Եվրամիության երկրներին բաժին է ընկնում արտաքին առևտրի ընդամենը 15,8 տոկոսը։ Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը կրկնակիից ավելին է, քան ամբողջ Եվրամիությանը։

Միացյալ Նահանգները ևս շատ փոքր մասնակցություն ունի Հայաստանի արտաքին առևտրային հարաբերություններում։ Ընդամենը  4,3 տոկոս, որն էլ հիմնականում ներմուծումն է։

Արտահանումը գրեթե կիսով չափ կրճատվել է և կազմում է ԱՄՆ հետ առևտրի շրջանառության հազիվ 6 տոկոսը։ Մնացածը ներմուծումներն են։

Թե՛ Մնացյալ Նահանգների, և թե՛ Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների պատկերը ցույց է տալիս մեր տնտեսության մրցակցային հնարավորություններն այդ շուկաներում։ Շատ քիչ ապրանքներ կան, որոնք Հայաստանն ի վիճակ է իրացնել այդ շուկաներում։ Դրա մեծ մասն էլ հանքահումքն է։ Եթե հանքահումքն էլ հանենք, արտահանումը Միացյալ Նահանգների ու Եվրամիության երկրների շուկաներ հազիվ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ձգի։

Այս պայմաններում աշխարհաքաղաքական կողնորոշումներ փոխելով ու հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելով, դժվար չէ պատկերացնել, թե ո՞ւր կարող է գնալ Հայաստանի տնտեսությունը, որի արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։

Հայտնի արտաքին գործոններից հետո, Ռուսաստանի հետ արտաքին առևտրի գերակշիռ մասը դարձել է նույնիսկ արտահանումը։ Թեկուզ և դրա մեծ մասը վերարտահանումներն են, այնուհանդերձ դա էլ պակաս դեր չունի Հայաստանի պետական բյուջեի եկամուտների ապահովման գործում։

Այդքան, որ հպարտանում էին բյուջեի հարկային եկամուտների աճերով, նաև դրա արդյունք էր։ Բազմաթիվ ընկերությունների մոտ, վերարտահանումների շնորհիվ, վճարած հարկերը անգամներով ավելացել են։

Յոթ ամսում 2 մլրդ դոլարի է հասել արտահանումը Ռուսաստան։ Եվ դա ոչ միայն վերարտահանումներն են, այլև տեղական արտադրության ապրանքները, որոնց իրացման հնարավորությունները, թեև իշխանությունների իրականացրած անհեռանկար տնտեսական քաղաքականության պատճառով նեղացել է, այնուհանդերձ շարունակում է մնալ հիմնականում Ռուսաստանը։ Այստեղ է իրացվում Հայաստանի գյուղմթերքների ու վերամշակող արդյունաբերության արտադրանքի գերակշիռ մասը։

Թե ինչպիսի դեր ունի Ռուսաստանը՝ Հայաստան կապիտալի մուտքերի առումով, երևում է առաջին հերթին տրանսֆերտային հոսքերում։ Դրանք միշտ էլ գերակշռող են եղել, բայց վերջին երկու տարիներին, անվանական արտահայտությամբ, հասնել են ռեկորդային ծավալների։

Անցած տարի Ռուսաստանից Հայաստան եկավ գրեթե 3,5 մլրդ դոլար։ Այս տարվա յոթ ամսում արդեն ստացվել է 2,5 միլիարդ։

Որքան էլ դրանց մի մասն առևտրային են, քիչ չեն նաև այն գումարները, որոնք սոցիալական նշանակություն ունեն․արտագնա աշխատանքի միջոցով կամ օգնությունների տեսքով ստացվում են մեր քաղաքացիների հաշվիներին։ Բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք ապրում են ու իրենց սոցիալական խնդիրները լուծում են այդ գումարներով։

Ռուսաստանից կապիտալի հոսքերը սակայն միայն տրանսֆերտները չեն։

Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ ամենամեծ ներդրողը Հայաստանի տնտեսության մեջ։

Հայաստանում գործում են ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ, նաև ռազմավարական նշանակության ու համակարգային կարևորություն ունեցող այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են՝ «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և այլն։

Ներդրումային հոսքերը, որոնք Հայաստանի տնտեսությունը դեռևս շարունակում է ստանալ դրսից, հիմնականում այս ոլորտներում են՝ էներգետիկայում ու հանքարդյունաբերության մեջ։

Սրանք այն մի քանի, բայց ոչ բոլոր ուղղություններն են, որոնք առանցքային դեր ունեն Հայաստանի տնտեսության համար։ Ու եթե իշխանությունների հետևողական ջանքերով այս կապերը մի գեղեցիկ օր կտրվեն, դժվար չէ պատկերացնել հետևանքները․ դրանք անվտանգային համակարգում արդեն տեսնում ենք։ Ոչ այնպես ստացվի, որ տարածվեն նաև տնտեսության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս