Խնդիրը Ղարաբաղով չի վերջանում, կան Սյունիքը, Գեղարքունիքը, անկլավները, սահմանագծման և սահմանազատման խնդիրները, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». Մարկեդոնով
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Հայաստանին և Ռուսաստանին տհաճ հարցեր են սպասում երկու կողմից։ ԼՂ–ի իրադարձությունները մեկնաբանելիս` Տելեգրամի իր ալիքում գրել է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը նշել է` ղարաբաղյան երրորդ պատերազմն ավարտվեց նոր սկսված, բանակցություններ են նախատեսված Ադրբեջանի և «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» միջև։
«Խոսքը փաստորեն չճանաչված ԼՂՀ-ի կապիտուլյացիայի և Բաքվի պայմաններով Ադրբեջանի կազմում այնտեղ մնացողների ինտեգրման մասին է։ Սա կարծես այնքան էլ Սերբական Կրաինան չէ, բայց և Սերբական Հանրապետությունն էլ չէ, այդ կանգառն անցան 2020 թվականին», – գրել է նա։
Մարկեդոնովը փաստել է, որ պաշտոնական Երևանն ընդունել է կապիտուլյացիայի պայմանները` վերջնական հաստատելով Ղարաբաղի գործերին չմիջամտելու իր ուղղվածությունը։
««Միացման» վրա գիծ է քաշվել։ Հայկական քաղաքականության ապաղարաբաղացումը հաստատված իրականություն է։ Բայց ձևացնել, թե այն պատահականություն է և միայն մեկ անձի հետ է կապված, առնվազն խելացի չէ։ Այս միտումը վաղուց էր հասունանում։ Եվ ոչ միայն աշխարհաքաղաքականորեն, այլև Հայաստանի ներսում», – նշել է նա։
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական հարթությանը, ապա ադրբեջանա–թուրքական տանդեմի շահումն ու օգուտը ներկա իրավիճակում ակնհայտ են։ Սակայն դեռ մի շարք չլուծված հարցեր կան։
«Հայ–ադրբեջանական հարաբերությունների խնդիրը Ղարաբաղով չի վերջանում։ Կան Սյունիքը, Գեղարքունիքը, անկլավները, սահմանագծման և սահմանազատման խնդիրները, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», կամ… Եվ այստեղ իրենց խոսքը դեռ չեն ասել Իրանն ու Ռուսաստանը։ Կարո՞ղ է չասեն։ Ամեն ինչ հնարավոր է մեր կյանքում։ Հռետորական հարց` ինչ կլինի այդ ժամանակ տարածաշրջանում Թեհրանի և Մոսկվայի ազդեցության հետ», – նկատել է քաղաքագետը։
Նրա խոսքով` հազիվ թե Ռուսաստանում որևէ մեկը խոսի ներկայիս իրավիճակում Մոսկվայի պարտության մասին։ Մյուս կողմից` վերջին խոսքի հնարավորությունը դեռ մնում է, առավել ևս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։
Մյուս կողմից` Ղարաբաղի «խաղաղեցումը» տեղի ունեցավ ոչ թե բանակցային ճանապարհով, այլ ուժի գործադրմամբ։ Ու այդ ճնշումը Մոսկվան չէր գործադրում։ Այս համատեքստում Ռուսաստանի նկատմամբ որպես միջնորդի պահանջը շատ ավելի քիչ կլինի, քան հնարավոր առաջարկը։
«Կարելի է, իհարկե, ամբարտավան տիրոջ կեցվածք ընդունել և ասել, որ մենք որևէ մեկի առաջ որևէ բանում արդարանալու ոչինչ չունենք։ Կարելի է հազարերորդ անգամ գլխով անել դեպի Արևմուտք։ Բայց պարզաբանելուց, ինչպես և հիասթափությունից, կարծում եմ` զերծ չենք մնա։ Ե՛վ մենք, և՛ մեր սերունդները։ Նույնիսկ, եթե մենք համաձայնենք, որ սպասելիքներն ավելի շատ էին, ինքնագնահատականն էլ` ոչ միշտ ադեկվատ։ Տհաճ հարցերը, այն էլ երկու կողմից, և՛ Մոսկվայից, և՛ Երևանից, մեր ապագան են», – նշել է Մարկեդոնովը։
Ժամանակն, իր կարծիքով, լավ բժիշկ է, բայց նույնիսկ այսօր թեժ վեճեր են գնում 1920 թվականի Ալեքսանդրապոլի խաղաղության, 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նշանակության մասին։
«Այժմ այս ցանկում կհայտնվի նաև Ղարաբաղ-2023-ը», – համոզված է Մարկեդոնովը։