Հաջորդիվ Ադրբեջանը ներխուժելու է Հայաստան. Արմինե Ադիբեկյան
Մի քանի ժամ է` ադրբեջանական զինուժը ռմբակոծում է Արցախը. պաշտոնական տեղեկություններին զուգահեռ՝ քաղաքացիներն են նշում, որ Արցախում այս պահին իրավիճակը ծանր է, մարդիկ ապաստարաններում են:
Առավոտից ադրբեջանական կողմն ապատեղեկատվություններ էր տարածել Արցախի առնչությամբ` հող նախապատրաստելով հերթական սադրանքի, իբրև թե հակաահաբեկչական գործողությունների համար:
168.am-ը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե ո՞րը պետք է լինի ՌԴ խաղաղապահների անելիքն այս պահին, ինչո՞ւ ականատես չենք որևէ գործողության:
Ի պատասխան՝ ադրբեջանագետն ընդգծեց. «Որովհետև ըստ ռուսական կողմի՝ ՀՀ-ն ճանաչել է Արցախը՝ որպես Ադրբեջանի կազմ, և ՌԴ-ն հարմար չի գտնում միջամտել Ադրբեջանի ներքին գործերին. դա դիտարկում են՝ որպես Ադրբեջանի ներքին գործ»
Արցախի իշխանություններն ի՞նչ հնարավորություններ ունեն այս պահին՝ մեր հարցը նա չմեկնաբանեց՝ նկատելով, որ չի տիրապետում կոնկրետ տեղեկությունների, թե ինչ վիճակում է Արցախի պաշտպանության բանակը, այդուհանդերձ հիշեցրեց՝ պատերազմի մասին ամիսներ շարունակ բոլոր փորձագետներն են ահազանգել, և Արցախի իշխանությունները թերևս պետք է պատրաստ լինեին այդ առումով:
«Նույնը վերաբերում է ՀՀ-ին. հաջորդիվ Ադրբեջանը ներխուժելու է Հայաստան»,- հավելեց նա:
Հրետակոծության մասին Արցախից եկող տարբեր տեղեկություններին զուգահեռ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հարկ էր համարել ընդգծել. «Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է»:
Արդյո՞ք սա ՀՀ-ի կողմից Արցախից հրաժարվելու հրապարակային ևս մեկ դրվագ է՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Արմինե Ադիբեկյանը հակիրճ եղավ. «Այո, միանշանակ»:
Իսկ թե օբյեկտիվորեն որոնք պետք է լինեին ՀՀ իշխանությունների անելիքներն այս պահին՝ հարցին ի պատասխան՝ փորձագետը նշեց ԼՂ-ին ՀՀ իշխանությունների աջակցության անհրաժեշտության մասին, սակայն միևնույն ժամանակ նկատեց, որ այս իշխանություններից դա չպետք է սպասել:
«Եվ պատրաստ լինել ցանկացած պահին Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի սահմաններից»,- նշեց նա: