ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների ծրագրին՝ ունենալու ավելի արդյունավետ և հաշվետու իրավապահ մարմիններ
Եվրամիության աջակցությամբ Հայաստանում կիրականացվեն իրավապահ մարմինների համակարգի բարեփոխումներ՝ այն ավելի արդյունավետ, արդիական և հասարակությանն ավելի հաշվետու դարձնելու նպատակով: Սեպտեմբերի 19-ին Երևանում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրին նվիրված միջոցառումը:
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ն մրցույթ էր հայտարարել, որ ԵՄ անդամ պետությունները որպես առաջատար պետություններ կարողանան դիմել և իրենց նպաստը բերել Հայաստանում այդ բարեփոխումային օրակարգի իրականացմանը: ԵՄ-ն հաստատել է Լիտվայի և Լատվիայի հայտերը: Եվ ծրագիրը մշակվել է հենց այդ երկու երկրների գործընկերների հետ: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա մայիսից, նախատեսված է երկու տարվա համար: Ծրագրի բյուջեն 2.2 մլն եվրո է: Համատեղ ներդրում ունեն թե ԵՄ-ն, թե Լիտվան:
«Մենք, ըստ էության, հենվել ենք մեր նախարարության կարիքների վրա առավելապես: Ծրագիրն ունի 4 հիմնական ուղղություն՝ ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացում, Փրկարար ծառայության ինստիտուցիոնալ վերափոխումներ, որը կնպաստի նաև համայնքների հզորացմանը՝ փրկարարական աշխատանքի տեսանկյունից և առհասարակ աղետների, ռիսկերի կառավարման պլանային փոփոխություններ: Ոստիկանության ոլորտի մասով մենք թիրախավորելու ենք նաև հանրային ընկալումների հատվածը, ինչպիսի հաղորդակցություն պետք է ունենալ հանրության հետ՝ գնահատելու այն արձագանքը, որը կա մեր քաղաքացիներից ոստիկանության ոլորտի աշխատանքների մասով և, ըստ այդմ, փոփոխություններ մտցնել մեր օրակարգում»,-ասաց Սարգսյանը:
Անդրադարձ կա նաև ոստիկանության զորքերին: Փոխնախարարը նկատեց, որ տարիներ շարունակ ոստիկանական համակարգում ստանդարտ օպերացիոն ծրագրերի բացակայությունը, այն, թե ինչպես պետք է վարվի ոստիկանը կոնկրետ իրավիճակում, բերել է մի շարք խնդիրների:
«Այս առումով գործընկերների հետ թիրախավորել ենք նաև այս բլոկը: Միասին կմշակենք սկզբունքներ, որոնք մի կողմից կապահովագրեն մեր քաղաքացուն, որ նրա համար հստակ կլինի, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի ոստիկանը կոնկրետ իրավիճակում, մյուս կողմից մեր ոստիկաններին, որ նրանք ևս երաշխավորված լինեն, որ գործում են ստանդարտ օպերացիոն համակարգին համահունչ, ոչ իրավաչափության ռիսկերը նվազագույնի են հասցվում»,-ասաց Սարգսյանը:
Ծրագրում խոշոր բաղադրիչ կա նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասով: Թիրախավորվել է հատկապես հանրային ծառայությունների մատուցման բլոկը: ՆԳՆ-ում այժմ գործում է Հանրային ծառայությունների որակի վերահսկողության վարչությունը: «Այն շատ կարևոր առաքելություն ունի անելու՝ անձնագրային ծառայություններ, վիզաների ծառայություններ, վարորդական վկայականներին վերաբերող ծառայություններ: Այս ծառայությունը մոնիթորինգ կանի և կհասկանա, թե քաղաքացին որքանո՞վ է բավարարված իրեն մատուցած ծառայությունից: ԵՄ-ի գործընկերների հետ այս թեման թիրախավորել ենք այն տրամաբանությամբ, որ կարողանանք վարչության անձնակազմի համար գործիքակազմ մշակել, որը թույլ կտա հստակ հասկանալ, թե ստուգման ինչ մեթոդաբանություն պետք է ունենալ, որ իրական պատկերը դուրս բերենք ու հետագա քաղաքականությունը փոփոխենք»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դա պլանավորում են գործընկերների հետ անել այս տարեվերջին և հաջորդ տարեսկզբին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ նշեց, որ ԵՄ-ն աջակցում է 2020 թվականից մեկնարկած բարեփոխումների ընթացքը՝ Ոստիկանության պարեկային ծառայության ստեղծմանը, նաև ՆԳՆ ստեղծմանը: Իսկ Լատվիայի և Լիտվայի հետ փորձի փոխանակում է իրականացնում միգրացիոն ոլորտում, քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտում, փրկարար ծառայության ոլորտում:
«Այս ծրագիրը գործընկերություն է, մենք փորձի փոխանակում ենք իրականացնում, կարողանում ենք ֆինանսավորել փորձագետների այցը Հայաստան և աջակցությունը բարեփոխումներին: Բաց ենք նաև այլ տեսակի աջակցության, քննարկումների համար՝ ի շահ քաղաքացիների: Այդ է պատճառը, որը հորդորում ենք ավելի շատ հանրային հաղորդակցություն քաղաքացիների հետ: Լիտվան պատրաստ է էլ ավելի խորացնել հաղորդակցության մասով իրենց մասնակցությունը, որ քաղաքացիներն իմանան, թե ինչ է իրականացվում և ինչ կարող են ակնկալել այս ծառայություններից»,-ասաց դեսպանը:
Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն էլ նախ միջոցառումը համարեց երկկողմ հարաբերությունները նշանավորող միջոցառում: Նա ներքին գործերի ուղղությունը շատ կարևոր ուղղություն համարեց: «Մենք շատ ուրախ ենք, որ ներքին գործերի մեր հիմնական հաստատությունները եղել են Երևանում, և մենք շարունակում ենք մեր համագործակցությունը»,-ասաց դեսպանը՝ կարևորելով, որ ծրագրի արդյունքները ՀՀ քաղաքացիների համար տեսանելի լինեն:
Լիտվայի Ոստիկանության գլխավոր կոմիսար Ռենատաս Պոժելան էլ սա շատ լավ հնարավորություն համարեց մոբիլիզացնելու և առաջ տանելու օրենքի, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: «ԵՄ այլ երկրների փորձագետների հետ մեկտեղ հնարավորություն է եղել աջակցել ՆԳՆ ձևավորմանը և բարելավելու նախարարությանը ենթակա ստորաբաժանումների և կառույցների գործունեությունը»,-ասաց նա՝փոխանցելով Լիտվայի ՆԳ նախարարի վստահությունը, որ ծրագիրը հաջողությամբ կհասնի իր նպատակներին: