«Արցախի հարցն օրակարգում ունենալով՝ Էրդողանը փորձում է տարածաշրջանի ապագայի հետ կապված բանակցությունները վարել ՌԴ-ի հետ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ մեկնելուց առաջ ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ի դեպ, Էրդողանը նաև ասել է, որ առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, բայց դեռ արձագանք չի ստացել:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Թուրքիան վաղուց է հասել իր նպատակին՝ դառնալով արցախյան բանակցությունների կողմ։
«2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, պայմանավորվածությունների մեջ էր նաև այդ փաստը, որ Թուրքիան, բացի նրանից, որ ռազմական ներկայություն է բերում Արցախ՝ օկուպացված Ակնայի շրջան, նաև ըստ էության դարձել է բանակցող կողմ։
Կարելի է ասել, որ ոչ միայն քաղաքական, այլև ռազմաքաղաքական իր ներկայությունն է ապահովել բանակցային այս գործընթացում»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում իր ներկայությունն ապահովելու մասին Թուրքիան հայտարարել էր Արցախի դեմ պատերազմ սկսելուց առաջ՝ իրեն հռչակելով հակամարտության կողմ։
«Թուրքիայի Պաշտպանության նախարարը 2020 թվականին բաց տեքստով էր հայտարարում, որ իրենք մասնակից են լինելու այդ պատերազմին։ Դրա համար, ցավոք, այո, այն խնդիրը, որը մոտավորապես 2 տասնամյակ և ավելին լուծվում էր ՀՀ նախկին իշխանությունների կողմից, այսինքն՝ Թուրքիային զսպում էին Հարավային Կովկասում, սա Անկարան կարողացավ հաղթահարել 2020 թվականին։ Հիմա էլ հասկանալի է, որ բանակցային գործընթացում Թուրքիան վճռական նշանակություն ունի։ Ընդ որում, Հայաստանի հետ որևէ մեկը չի էլ բանակցում։ Այսինքն՝ Արցախի խնդիրը հիմնականում քննարկվում է Մոսկվա-Անկարա-Թեհրան, Բրյուսել-Վաշինգտոն հարթակներում, իսկ Երևանն ու Ստեփանակերտն ըստ էության դարձել են այդ կենտրոնների գործիքները տարածաշրջանում։ Այդ իմաստով Էրդողանի առաջարկը լիովին տեղավորվում է այն իրողությունների մեջ, որոնք ձևավորվել են այս դավաճանական իշխանությունների իշխանավարման արդյունքում»,- հավելեց քաղաքագետը։
Հարցին՝ այս պարագայում ո՞վ է Հայաստանի դաշնակիցը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ ավելի ճիշտ է հարցնել, թե ո՞վ է Արցախի դաշնակիցը, քանի որ այդ ձևաչափում Արցախի շահերը որևէ մեկը չի ներկայացնում։
«Այստեղ խնդիրը վերաբերում է հենց Արցախին, Հայաստանի իշխանությունները, ցավոք, Հայաստանը դուրս են բերել ընդանրապես Արցախի խնդրի ցանկացած տիպի քննարկման օրակարգից։
Էրդողանը, նման հայտարարություններ անելով, հիմա ըստ էության ոչ թե Հայաստանից է ինչ-որ բան փորձում կորզել, այլ Արցախի հարցն օրակարգում ունենալով՝ փորձում է տարածաշրջանի ապագայի հետ կապված բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Այս կերպ նաև ցանկանում է Իրանին դուրս բերել այս ֆորմատից, քանի որ իրանական կողմն էլ անընդհատ պնդում է «3+3» ֆորմատի շրջանակներում Հարավային Կովկասի խնդիրները քննարկելու վերաբերյալ։
Ստացվում է, որ Արցախն այս առաջարկի մեջ պատրվակ է, Հայաստանն այն երկիրն է, որի պարագայում Թուրքիան վստահ է՝ անելու է այնպես, ինչպես իրենք են պահանջում։ Սրանով ձևավորվելու է ինչ-որ մեծամասնություն, որով Անկարան հույս ունի ազդել Մոսկվայի դիրքորոշումների վրա։ Կարծում եմ՝ նրանք սա են փորձում անել»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։