Լիբիայում հեղեղների զոհերի թիվը կարող է պաշտոնական թվից 4 անգամ ավելի լինել
Լիբիայի արևելյան Դերնա քաղաքի ղեկավարի գնահատմամբ՝ հեղեղների զոհերի թիվը կարող է լինել 18 000-ից 20 000։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ջուրն ամբողջովին քշել-տարել է բազմաթիվ բնակավայրեր այն բանից հետո, երբ սեպտեմբերի 10-ին «Դանիել» փոթորկի հեղեղների պատճառով փլուզվել է 2 ամբարտակ։
Դերնայի քաղաքապետը հայտնել է, որ իր գնահատականը հիմնված է հեղեղների հետևանքով լիովին ոչնչացած շրջանների բնակիչների թվի վրա։ Հաղորդվում է, որ ծովը շարունակում է տասնյակ մարմիններ ափ հանել։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը ավելի քան 5300 է, առնվազն 10 000 մարդ անհետ կորած է։
ՄԱԿ-ի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ հազարավոր մահերից կարելի էր խուսափել, եթե Լիբիայում լինեին ահազանգման նորմալ գործող համակարգեր, և մարդիկ տարհանվեին։
Քաղաքի միջով անցնող գետի վրա կառուցված երկու ամբարտակների փլուզումից հետո անմիջապես դուրս է հոսել 1,5 միլիոն տոննա ջուր։ Որոշ տեղերում ջրի խորությունը հասել է 3 մետրի։ BBC-ն նշում է, որ արագ հոսող 20 սմ հեղեղաջրերը կարող են մարդուն տապալել գետնին, իսկ 60 սմ խորությամբ ջրի հոսանքը կարող է քշել-տանել մեքենա։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ տուժած շրջանների բնակչության համար հաջորդ սպառնալիքը հիվանդություններն են, որոնք կարող են առաջանալ աղտոտված ջրի պատճառով։
Որոնողական աշխատանքների համար Լիբիային տեղում օգնում են թիմեր Եգիպտոսից, Թունիսից, Իտալիայից, Իսպանիայից և Թուրքիայից։
Լիբիան հակամարտության հետևանքով բաժանված է երկու մասի։ Տրիպոլիի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը, որը չի վերահսկում Լիբիայի արևելյան հատվածները, կոչ է արել ամբարտակների փլուզման փաստով հետաքննություն անցկացնել։