ՀՀ իշխանության կողմից Սամվել Շահրամանյանին չշնորհավորելը վախկոտություն է. Տիգրան Աբրահամյան

«ՀՀ իշխանության կողմից Սամվել Շահրամանյանին չշնորհավորելը վախկոտություն է». Տիգրան Աբրահամյան

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների տարբեր դեմքերի միջև հայտարարությունների փոխհրաձգությունը ցույց է տալիս լարվածության այն աստիճանը, նաև այն վտանգավոր հետևանքները, որը կարող է ունենալ Հայաստանի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ որքանով էլ այդ հարաբերությունները լարված լինեն, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարածաշրջանում գլխավոր դերակատարն է, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ դերակատարում ունի, և, բնականաբար, բոլոր գործընթացներում ունի ազդեցություն։

«Այսպիսի իրավիճակում Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը կարող է Հայաստանի ու Արցախի համար ունենալ շատ ծանր հետևանքներ։ Երկկողմ հարաբերություներում կարող են լինել մի շարք խնդիրներ, ունենալ ակնկալիքներ, որոնք չեն իրացվել տարբեր իրավիճակներում, բայց վերցնել և թիվ մեկ դերակատարի նկատմամբ այդպիսի քաղաքական դեմարշ իրականացնել, դա կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Դրան զուգահեռ՝ Թուրքիան ու Ադրբեջանն աշխատում են ոչ միայն Ադրբեջանի հետ իրենց շահերն առաջ մղելու համար, այլև այնհայտորեն Թուրքիան գալիս է առաջին պլան։ Այս իրավիճակում չեմ կարծում, թե Հայաստանում ու Արցախում գտնվի որևէ միամիտ մարդ, որը կարող է մտածել, թե իրադարձությունները մեզ համար կարող են դրական որևէ արդյունք ունենալ»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Արցախում նախագահի ընտրությանը, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում Արցախի նորընտիր նախագահն ունի բոլորովին այլ կարգավիճակ ու այլ մարտահրավերների առջև է կանգնած, ինչպիսին Արցախում որևէ նախագահ չի ունեցել։

«Պետք էր մեծ խիզախություն ունենալ, որպեսզի այս ծանր իրավիճակում ստանձնել Արցախի Հանրապետության ղեկը։ Ինքս Սամվել Շահրամանյանին ճանաչելով, ինքը քաղաքական որևէ ամբիցիա չի դրսևորել, իրեն երբեք այս ու այն կողմ չի նետել՝ այդ պաշտոնում առաջադրելու համար, այլ եղել է բավականին մեծ հասարակական-քաղաքական կոնսենսուս, առկա իրավիճակը հաշվի առնելով՝ Սամվել Շահրամանյանն ընդունել է այդ առաջարկը։ Այս պահին շատ ծանր առաքելություն է դրված նրա ուսերին, նրա ու Արցախի հաջողության համար միայն նա բավարար չէ, պետք է Հայաստանում, Արցախում ու սփյուռքում մեծ համախմբում լինի նրա շուրջ։ Առանց չափազանցնելու եմ ասում, իրավիճակը բոլոր ճակատներում չափազանց ծանր է՝ սկսած հումանիտարից, մինչև առաջնագծում, ու բանակցային գործընթացով ավարտած։

ՀՀ իշխանության կողմից Սամվել Շահրամանյանին չշնորհավորելը վախկոտություն է, սա ինքնին ամրապնդում է այն մոտեցումը, որ Արցախի հարցով ՀՀ իշխանության մոտեցումներն անփոփոխ են»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս