Փաշինյանի դեմ խաղաղ ակցիա անող 2 քաղաքացու ոստիկաններն ապօրինի բերման ենթարկեցին
Այսօր վերջապես Նիկոլ Փաշինյանը միացավ Տիգրան Ավինյանի քարոզարշավին: Մի առիթով նա «սպառնացել էր» դա անել և արեց: Ճիշտ է, դա ներկայացվեց՝ որպես «Էրեբունի վարչական շրջանում ծանոթացել է թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին» և «Նուբարաշեն վարչական շրջանում ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին», սակայն Նիկոլ Փաշինյանի կողքից ձիգ կեցվածքով քայլող Տիգրան Ավինյանի ներկայությունն առավել քան խոսուն էր:
Նախ նշենք, որ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում և Հանրային հեռուստատեսությամբ տեսանյութերով ներկայացնում են մարզային այցերից իրենց ցանկալի կադրերը միայն, օրինակ, թե ինչպես են տեղացի կամ իրենց հետ մարզային այցերի տարած, ֆոն հանդիսացող ինչ-ինչ կանայք կամ տղամարդիկ, երեխաներին գրկած, խնդրում լուսանկարվել՝ հերթ են կանգնում լուսանկարվելու համար, կամ՝ ինչպես են կրծքից կախվում և համբուրում մորուքը… Նպատակը պարզ է՝ պատմական նվազագույնի հասած 12-15 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանի մասին այնպիսի ֆոն ապահովել, որ դրանք դիտողը մտածի՝ ուշքները գնում է իր համար, «ռեյծինգն» էլ ամպերին է…
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր՝ վերջին շրջանում հաճախակի դարձած մարզային այցերի շրջանակում եղել էր Շիրակի մարզում: Արթիկ այցին ընդառաջ երկու քաղաքացի բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել քաղաքում՝ ի աջակցություն արցախահայության և Նիկոլ Փաշինյանի դեմ: Նրանք իրենց ձեռքին ունեին «Հեռացի՛ր, դավաճա՛ն» և Նիկոլ Փաշինյանի հեռացման կոչով և նրա նկարով պաստառներ:
«30 000 երեխա սովամահ է լինում, ի՞նչ խղճով ենք մենք քնում: 1915թ. նույն ձևով են կոտորել ազգին: Կեսին կոտորել են, կեսը քեֆ է արել: Ո՞ւր է կորել մեր արժանապատվությունը: Թշնամին զինվում է, սահմանին նոր կուտակումներ են հասունանում, իսկ մե՞նք ինչ ենք անում»,- ասում էին նրանք՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով պահանջել Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Քաղաքացիների ակցիան, սակայն, ավարտին չհասավ. անմիջապես խաղաղ ակցիա իրականացնող երկու քաղաքացուն մոտեցան ոստիկաններն ու բերման ենթարկեցին նրանց, իհարկե, ապօրինի կերպով ու անհիմն:
Ի՞նչ է ասում օրենքը:
Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
Իսկ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար:
Հոդված 236. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը:
1. Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով`
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հիմա քաղաքացիների հավաքին խոչընդոտած ու նրանց բերման ենթարկած ոստիկանները թերևս հանգիստ են, որ իրենց ոչինչ էլ չի լինելու… Չարաչար սխալվում են: Այսօր չի լինելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության գլխին է, իսկ երբեք չես կարող իմանալ՝ ինչ կլինի վաղը:
Ի դեպ, այս իշխանությունների համար սովորական է դարձել թաքնվել ոստիկանության հետևում կամ ոստիկանությանը հրահանգել գնալ իրենց դուր չեկած կամ իրենց թանին թթու ասած մարդկանց հետևից:
Բացի այն, որ սա Փաշինյանի կողմից առաջին դեպքը չէ, ընդամենը օրեր առաջ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը ոստիկաններին ուղարկեց իր վրա ջուր շփած քաղաքացու բնակարան՝ ասելով, որ քաղաքացին խուլիգանություն է արել: Ճիշտ է, հետո՝ ժամեր անց, մոռացավ՝ ինչ է ասել, ու հրաժարվեց՝ ասելով, որ իր վրա ոչ ոք ջուր չի լցրել:
Հիշեցնենք՝ խոսքն այն Ալեն Սիմոնյանի մասին է, ով հրահանգել էր բռնել իրեն դավաճան անվանած քաղաքացու ձեռքերը, նրան «փռել» գետնին, որ ինքը կարողանա հանգիստ թքել վերջինիս վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: